Ֆեդերիկո Գարսիա Լորկա

12/07/2012 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Բազում գրքերի նախաբան

Մթնշաղն անդրադարձվում է մեր ներսում սենտիմենտալ բալլադի արձագանքով: Հորիզոնում դողում է իրիկնային աստղը, եւ նրա ջերմին շոյանքի տակ վառվում են մեր սեփական աստղերը: Մեր ուղին` երկար կամ կարճ, մենք դատապարտված ենք անցնելու: Եվ բերկրալի չէ մտածել կյանքի մասին, որը կհասնի դարձակետին եւ կիջանի առ հանգչող աշուն` մահանալու:

Մթնշաղի գիրքը արբեցնում է իր էջերի տրտմությամբ, եւ դրանք ընթերցվում են հանդարտավետ տագնապով: Ծաղկում են կակաչները: Դե, արձագանքիր դաշտերի այդ ժպիտին… Եվ այնքան քնքուշ լուսնին… Բայց դու խորանում ես քո մեջ, այլ կերպ ասած, քո եղանակով ես շարադրում այն հանճարեղ գիրքը, որ շրշում է աչքերիդ առաջ… եւ մտորմունքի մեջ ես ընկնում: Ինչպիսի կսկծալի մտորմունքներ: Շողշողում եւ ցրվում են գալիքի միրաժները, եւ կամենում ես հալչել հորիզոնի սադափե կապույտի մեջ: Դրանք լողում-գնում են, մարմնի եւ ոգու հիասքանչ տեսիլքները, այն ամենը, ինչ դու կարող ես, դա լռել եւ տանջվելն է, խլացնելով քո մեջ ամենաանկեղծը:

Բանաստեղծը` արարած է, որ պարտ է անկեղծ լինելու, հոգում լռեցնում է այն, որ ունակ է պայթեցնելու նրա սիրտը: Բեմի վրա պարում է ստվերը, ողբալով ամենը` տրտմալին ու բերկրալին: Ուրախությունը, անկեղծ ասած, երեւութական է, քանզի սրտերի խորքում համարյա միշտ թաքչում է տիեզերքում լուծված անհատնելի տրտմությունը, տխրությանց տխրությունը` գոյության ցավը: Դա է ստիպում բանաստեղծին` ամառային գիշերներով, կարեկցելով լուսնին եւ վարդերին, ողբալ մթնշաղը: Եվ դա աղոթելու միակ ճշմարիտ եղանակն է:

1918թ.

Ծանոթագրություններ` առ Օմար Խայամը

Երեկ իմ աչքերի մեջ ներխուժեց արեւը: Եվ ես մտորեցի վաղանցուկի մասին: Անցյալը մահվան թագավորությունն է: Ապագա՞ն… Սերն ու վիշտն անգոյության հայելում: Ունկ դրեք Եսայու խոսքին, նրա աստվածամեղրահամ մխիթարանքներին: Առյուծը խոտ կորոճա, իսկ գայլը կսիրի գառնուկին: Բայց կյանքը` դա հիման է: Արդյո՞ք մեզ համար այնքան կարեւոր է այն, ինչ գալու է: Ե՞րբ ենք մենք վշտանում: Հիմա: Ե՞րբ ենք բերկրում: Հիմա: Ե՞րբ ենք մեռնում: Հիմա: Հեռավոր ու զարմանահրաշ Խայամ, որ երազում էր մարգարտի պես լուծվել իր ոգու գինու մեջ: Անլուծելիի առեղծվածային հմայակը` գրավիչ ու վշտալի պարադոքսների: Անշուշտ, քո պանթեիզմը ծագել է աշխարհի անդադար հայեցումից: Գինու վսեմ երանգներում ապրում է ճշմարտության եւ սիրո հոգին: Գինին գունազարդում է գիշերվա արջնամառությունը: Աղոտ միստիկ Օմարը թափանցել է գինու գաղտնիքների մեջ` ինչպես եւ ոչ մեկը, նա կարողացավ տեսնել արբեցման գեղեցկությունը… եւ գեղազարդեց այն: Կանաչ խոտի վրա ըմպեք սիրասունի մատուցած սուտակե գինիները: Իսկ ինքն ասում է, որ մտածում էր երկնքի մասին:

Երբ մեծ հոգին` մեր օրերում անսովոր հասկացություն, իջնում է մարմնահատակը, նա այնտեղ էլ տեսնում է հոգեւոր սկիզբը, երբ արբեցնում է գինին, հոգում բռնկվում է սերը, անսահման սերն` առ ոչ մեկն ու ամենքը: Եվ մարդն այդ պահին հիասքանչ է: Չէ՞ որ գեղեցկությունը րոպեական է: Գինին, լցնելով սրտերը, երփնաթրթռում է զգացմունքների բոլոր երանգներով եւ բացահայտում է, երեւի թե, մեր գոյության ամենաճշգրիտ իմաստը: Սերը: Միմիայն սերը: Կենսական դրույթներից դուրս: Մի՞թե այդքան կարեւոր է, որ կան մարդիկ, որոնք մեզ խոստանում են հավերժական տառապանքներ, ի հավելումն այն ոչ հավերժական տանջանքի, որ կոչվում է կյանք: Մի՞թե այդքան կարեւոր է, որ մեզ ճնշում են դավանությունները: Եթե մենք կարողանայինք հոգու մեջ նայել, մենք բոլորս կսիրեինք միմյանց: Բայց գոյություն ունեն վարդապետություններ, մարդն օրորոցից սկսած ներմուծվում է դրանցից մեկի մեջ, եւ մեծամասնությունը հետեւում է դրանց մինչ ի մահ եւ պաշտպանում է այն, ինչի մասին հազիվ թե ինչ-որ գաղափար ունի: Ի՞նչն է ճշմարիտ: Ի՞նչ է թաքցնում հավատի տխրահռչակ հուրը: Եվ ծագում են երկպառակությունը, ատելությունն ու մահը: Եվ ոմանք կոտորում են մյուսներին` ի հեճուկս իրենց հավատալիքների: Եթե գիշերային բանդագուշանքում ներքին ձայնը ճչար նրանց` «Ինչո՞ւ»: Ինչո՞ւ հավերժության տանջանքը` տառապանքների այդպիսի հեղեղներից հետո: Օմար Նիշապուրից, դու տեսել ես, թե ինչպես են թշնամանում մարդիկ, կառչելով իրենց երեկվանից կամ վաղվանից, եւ ազդարարեցիր այսօրը: Դու նայում էիր խռովությունների մեջ թաղված աշխարհին, եւ ասում էիր` «Այսօր, հիմա: Տվեք ինձ գինին եւ սիրասունի շուրթերը: Վարդերը` ծաղկանց ծաղիկներն են, նրանցում է բույրի գինին: Այսօր, հիմա: Մոտենում է գիշերը, բայց ես լուսավորում եմ ուղին գինու եւ կրքի հրով: Այսօր, հիմա: Դու եկար ըմբռնելու նրանց մշուշապատ ճշմարտությունը: Իսկ ինչպե՞ս այլ կերպ, սուտակե հեղուկի կանխատես: Հիման` դա հենց կյանքն է: Այսօրը ձգվում է տարիներով: Երեկը` մահացած այսօրն է, վաղը` չծնվածը: Մեր ցանկացած օր` դա միշտ այսօրն է:

Լուսնով լուսավորված հնամենի պարսիկ: Դո՞ւ ես, որ չես տեսնում, որ մենք` մարդիկ, չենք կարողանում պատկերացնել հավերժությունը: Երբ մենք մտածում ենք մեր անփուտ հոգու մասին, մեզ պատկերվում է նրա հավերժական այսօրը: Երբ թախծում ենք անմահության մասին, մենք կամենում ենք կանգնեցնել այն ակնթարթը, որը մեր մեջ սերմանել է այդ կարոտը: Միակ բանը, որ մեր մեջ անգին է, դա երեւակայությունն է, հենց այն էլ մխիթարում է մեզ` հավերժական այսօրի պատկերով: Մարդը` միշտ հիմա եւ այստեղ է: Անդորրավետ բերկրանքների մատռվակ, գինու մեջ դու ճանաչեցիր սիրո վաղանցիկությունն ու վրա հասնող գիշերվա մեգը: Դու հոտոտում էիր ամպերի բույրը եւ տեսնում էիր քարոզիչների հորդաները: Եվ դու բացեցիր քո անվերջանալի այսօրի ոսկե դուռը, վերադարձնելով գինուն նրա ճշմարիտ իմաստը:

Քո ժողովրդին, այնքան շնորհալի եւ այնպիսի հրաբորբոք երեւակայությամբ, արգելված է կործանիչ ըմպելիքը: Մարգարեն կարողանում էր կարդալ ձեր սրտերում: Եվ, հորինելով մարմնի հավերժական երանությունը, որպեսզի դուք այն սիրեք ամեն բանից առավել, նա նզովեց գինին, որպեսզի դուք այն ատեք: Նա գիտեր, որ գինին կրոնական վարդապետությունների մեծ ավերիչն է եւ առավել խորն է ներթափանցում հոգու մեջ, հատկապես այնքան մոլեգին, հրածին ու անկասելի, ինչպիսին ձերն էր: Անշուշտ, նկատի էր առնվում գինու հոգեկան ներգործությունը, մարմնականի մասին չարժեր էլ խոսել։

Բոդլերը գինին կոչում է Արեգակի երկրորդ զավակը: Դու, Օմար, այն կոչում ես առաջինն ու միակը: Բանաստեղծները գովաբանում են գինին` առ գինին սիրուց մղված: Դու` ինքդ քո հանդեպ սիրուց… հենց այդպես… եւ դու ինքդ խոստովանում ես դա քո բողոքներում: Մոլեռանդ խաժամուժը այպանում էր քեզ, իսկ դու խնջույքի թեժ պահին լալիս ու կրկնում էիր. «Ես ինչո՞վ եմ մեղավոր»: Հենց դա է դժբախտությունը: «Ես ինչո՞վ եմ մեղավոր,- գոչում են դոնքիշոտները, դեգերելով ճամփաներով առանց սխրագործությունների ու արկածների, քանզի համընդհանուր քամահրանքը զրկել է նրանց այդ հնարավորությունից: «Ես ինչո՞վ եմ մեղավոր»` բղավում են խեղված մարմնով եւ չխեղված հոգով հաշմանդամները; «Ես ինչո՞վ եմ մեղավոր»` հասնում է միաձույլ ոռնոցով բոլոր բանտային պատուհաններից: «Ես ինչո՞վ եմ մեղավոր»` հոգոց են հանում խելապակասներն ու տհասները: «Ինչո՞վ ենք մենք մեղավոր»` տնքում են սնանկացած ժողովուրդները: Ինչ-որ տեղ բանսարկում են, վարդապետում են, կեղծում են, իսկ դու, Օմար Խայամ, սպիրիտուալիզմի վտարյալ, լցնում ես գավաթդ եւ մտնում ես լեռնային աշխարհ: Լուսնով լուսավորված հնամենի պարսիկ, հոգու խորքում մենք կուզենայինք հետեւել քեզ: Սակայն կյանքով տրորված, ստորացված նրա անհեթեթություններով, մենք շարունակում ենք քարշ գալ նրա հոգնեցուցիչ ճամփաներով:

Դու գթասիրտ էիր այնպիսիների հանդեպ, ինչպիսին մենք էինք, գթասիրտ այնքան, որ քեզ համարում էիր նրանցից մեկը, որ անուժ են արատավոր շրջանը պատռելու համար:

Մարդկությունը մեծ մարդկանց գործերին վերեւից նայելու գեշ սովորություն ունի: Կարող ես ինքդ դրանում համոզվել այն բանից հետո, ինչ քեզ դադարել են սեւերես անել: Իհարկե, դարերը ջնջել են կեղտաբծերը, բայց եւ մարդկությունն էլ այլ է դարձել, անցած սերունդների հետ արյան կապերով չկապված: Դոն քիշոտին շրջապատող գործող անձինք ներողամիտ էին առ նա, վերից կարեկցում էին: Եվ հենց նույնն էր նաեւ Համլետի եւ Վերթերի հետ:

Մեծությունը ակնթարթաբար բացում է մեզանում չըմբռնման ու չհասկացման վիհը…

Դու հողի վրա շաղ տվեցիր գինին, որպեսզի հագեցնես վաղուց գնացած ու փոշիացած սիրահարների կարոտը: Չտեսնված ծաղիկները, ապարանքները, քո հողի գույներն ու նրա գինին խամրեցին հենց ամենածաղկունքին…

Դու վերակենդանացնում ես վաղեմի այգիներն ու աղոտած գույները: Քո խոսքերն արձագանքում են տարօրինակ եւ բարեբեր: Ինչպես կասեր Ռուբեն Դարիոն, դու ընտրյալ բանաստեղծ ես: Դու համեմատություններից դուրս ես, որովհետեւ երբեք չես երգել խորում եւ չես ձայնակցել նրան:

Աբու-Աբդ-Ալաբ

1917թ.

Բանաստեղծին տրված խորհուրդներից

Բանաստեղծության եւ ծառի միջեւ նույն տարբերությունն է, ինչ գետի եւ հայացքի միջեւ:

Ոչ օճառե պղպջակներ, ոչ արճիճե փամփուշտներ: Ճշմարիտ բանաստեղծությունը պիտի անտեսանելի լինի:

Ուսանիր աղբյուրից, որը տենդագին է դարձնում գիշերային այգիները, եւ ոչ ոք չգիտե, թե երբ է նա քրքջում եւ երբ արտասվում, երբ է սկսվում եւ երբ կավարտվի:

Խաչմերուկների վրա երգիր ուղղահայաց:

Բանաստեղծությունը մի զրկիր մեգից` երբեմն այն պահպանում է չորությունից, դառնալով անձրեւ:

Բառի կառուցվածքն ու հնչողությունը նույնքան խորհրդավոր են, որքան նրա իմաստը:

Երբեք ոչինչ մի բացատրիր եւ մի ամաչիր հավասարաչափ սարսուռից թե թիթեռի եւ թե գետաձիու հանդեպ:

Քո օրաբաժինը` հյուսիսում` գինին ու աստղերը, հարավում` հացն ու անձրեւը:

Հանդիպելով «ոչ» բառին, վերեւից գրիր` «այո», իսկ դեմ առնելով «այո»-ին, մեկեն ջնջիր:

Հաշվի առ եւ հիշիր, որ գորտը քննադատում է ծիծառի զառանցական թռիչքը:

Երբ սկսվում է «դու իջիր, իսկ ես նստեմ»` ջարդիր աթոռն ու այդ խաղերը մի խաղա:

Մի մոռացիր թե երջանկության եւ թե վախի գագաթնակետին գիշերով կարդալ «Հայր մերը»:

Հետմիջօրյա անդադրում խառնակության մեջ, երբ մարդիկ հոգոց են հանում, իսկ ծառերի գլուխը պայթում է թռչուններից, անջատիր սիրտդ եւ հարմարվիր մայրամուտի լայն թիակներին:

Եթե ծովը քեզ տրտմեցնում է, դու անհուսալի ես:

1924թ.

Ուրվանկար

Տարածությունը, որում պոեզիան շարժվում եւ ապրում է, հեռավոր կամ մոտակա, ստեղծված է չորս տարերքներով` հողով, օդով, կրակով եւ ջրով: Դրանցից են սկսվում անվերջանալի աստիճաններն ու աստիճանակարգերը, որոնք հանգեցնում են թվերին, լուսնին, ամայի երկնքին կամ լույսի պատրանքային արքայությանը: Չորս տարբեր եւ թշնամական աշխարհներ: Չորս ամբողջական գեղագիտություններ, միանման կատարյալ եւ անհաշտելի: Կարելի է բանաստեղծներին բաժանել` ըստ այն բնական սկզբի, ոը նրանք սիրում կամ գերադասում են, եւ կարելի է գնահատել նրանց` ըստ այն ինքնակամության, որով նրանք արտահայտում են այդ սկիզբը, կամ, ինչպես ջրասուզակներին, ըստ դրա մեջ սուզվելու խորության: Մենամարտի մեջ հանդիպեցրեք տարերքին եւ բանաստեղծին եւ հետեւեք լարված մարտին այն բանի, որ մարդկային չափումներից դուրս է, ռիթմերի եւ չափի իրականացմամբ, սիրո կենտրոնացմամբ: Տարերքը ձգտում է լուծել, նիրհեցնել եւ սահմանափակել, խաբել սահմանների տեսանելիությամբ, որոնք նա չունի: Բանաստեղծը ձգտում է ի մի բերել. ներմուծել եւ հաստատել օրենքները, որոնք հետագայում կարող են ճշմարտություններ դառնալ, երբ պարտված տարերքը կլիզի նրա ձեռքերը` կրակի, օդի, ջրի կամ քարի լեզուներով: Բանաստեղծը ճիշտ այդպիսի պայքար է մղում բնույթի դեմ, որը դարեդար ժողովուրդները վարել ու վարում են: Տարերքը մնում է անխոցելիորեն անկիրք, մերկացնելով իր գեղեցկություններն ու գաղտնիքներն անմեղ անամոթությամբ, որ բնորոշ է ամենայն անարյունին:

Բանաստեղծը, ում երեւակայությունը սահմանափակ է ֆիզիկական հնարավորություններով, ընդամենը սիրո ուժով, ստիպված է մասնատելու, խեղելու եւ ենթարկելու շրջակա գեղեցկությունը, տալով նրան իր մեկնությունը կամ, այլ կերպ ասած, նրա վրա երեւակելով իրեն:

Ի՞նչ ասես, հորձանուտի մեջ նայելու սիրահարներ չկան: Երեխան ուզում է ոտքերը թրջել, իսկ լուսադեմին ծովը դուրս է բերում նրա դիակը: Իմաստնացած մարդիկ ծովից խուսափում են, իսկ չիմաստնացածները փախչում են նրանից, մինչեւ որ հանդարտի ալեբախությունը: Բայց բանաստեղծը մինչեւ կոկորդը խրվում է նրա մեջ եւ ողջ գիշեր մարտնչում է ալյաց դեմ, իսկ լուսաբացին նա բացահայտում է, որ ծովը` վիթխարի նժույգ է: Յուրաքանչյուրը, ով կամենա, կտեսնի այդ, նայելով մրցասպարեզին: Ով, կհավելեմ` ճիշտ կտեսնի: Այն ամենը, ինչ անհնար է թվում, հնարավոր է դառնում` շնորհիվ անհրաժեշտության եւ այն ներդաշնության ծարավի, առանց որոնց մարդու ոգին եւ բանականությունը մեռած են: Այսրոպեական հորինվածքը կարող է ժամանակի ընթացքում նորմա դառնալ, ակնթարթային կայծը` քարե քանդակ:

Մարդը հանգիստ չի գտնում, քանի դեռ վաղեմի առասպելները ավարտուն ձեւ չեն ձեռք բերել, քանի դեռ հինավուրց Ապոլոնի կրիայի մաշկն ու փղային իրանը չեն դարձել մաքուր, երիտասարդ մարմին, որ իրենց թարմությունն են ընծայել հունական դափնեպսակին: Եվ ճիշտ նույնպես, հնարելով առագաստը, նա չէր ակոսում ծովը, մինչեւ որ չեկավ բանաստեղծը եւ չգունազարդեց, չբնակեցրեց դրանք անըմբռնելի էակներով, արյուն եւ մարմին պարգեւելով այն ամենին, որ ապրում է ալյաց վրա:

Բավ է ճշմարտություն ասել, նրանից դիմակը պոկելով եւ վիրավորելով հենց ուղիղ սիրտը, եւ այն մեր աչքի առաջ մարմին ու կյանք է ձեռք բերում: Որովհետեւ ոչ թե ճշմարտություններն են մեր ետքից ընկած, այլ մենք ենք նրա ետքից որսորդություն անում եւ մենք պետք է նրա հետ ուժերով չափվենք:

1929թ.

Պոետիկա

Դե, ի՞նչ ասեմ ես պոեզիայի մասին… Ի՞նչ կասես ամպերի կամ երկնքի մասին: Նայիր, զննիր, նայիր նրանց` եւ վերջ: Եվ դու կհասկանաս, որ բանաստեղծը ոչինչ չի կարող ասել բանաստեղծության մասին: Դա քննադատների ու պրոֆեսորների գործն է: Իսկ բանաստեղծը` ոչ դու, ոչ ես, ոչ այլ մեկը, չգիտե, թե ինչ բան է պոեզիան:

Ահա այն, նայիր` հուրն իմ ձեռքերի մեջ: Ես հասկանում, զգում եմ այն, բայց չեմ կարողանում այդ մասին խոսել` առանց «գրականության»: Ես գիտեմ բազում պոետիկաներ: Ես կարող էի դրանց մասին խորհրդածել, եթե ունակ լինեի միշտ միանման մտածելու: Իսկ այսպես չգիտեմ: Գուցե ինչ-որ ժամանակ ինձ խելահեղորեն դուր գան վատ բանաստեղծությունները, ինչպես որ պատահում է, խելահեղության աստիճանի դուր է գալիս (մեզ բոլորիս այսօր դուր է գալիս) վատ երաժշտությունը: Կգա գիշերը, եւ ես կայրեմ Պարթենոնը, իսկ առավոտյան կրկին կսկսեմ այն կառուցել եւ երբեք չեմ ավարտի:

Դասախոսությունների ժամանակ ես երբեմն խոսում էի պոեզիայի մասին, բայց ահա թե ինչի մասին ես ընդհանրապես չեմ կարողանում խոսել` դա իմ բանաստեղծություններն են: Եվ ոչ այն պատճառով, որ չեմ գիտակցում այն, ինչ անում եմ: Ընդհակառակը, եթե ճիշտ է, որ ես Աստծո կամ սատանայի ողորմածությամբ բանաստեղծ եմ, ապա ճիշտ է նաեւ, որ ես բանաստեղծ եմ ջանքի եւ տեխնիկայի շնորհիվ, ու նաեւ այն բանի հստակ գիտակցությամբ, թե ինչ է բանաստեղծությունը:

Երեւակայության եւ ներշնչանքի մասին

Հիանալիորեն գիտակցելով թեմայի ողջ բարդությունը, ես չեմ հավակնում ավարտունության, ես կամենում եմ լոկ ուրվագծել` ոչ թե շեշտագծել, այլ ինչ-որ մտքի հանգեցնել:

Բանաստեղծի առաքելությունը մեկն է` ոգեկոչել, տառացի իմաստով` հոգի պարգեւել: Միայն թե ինձ մի հարցրեք, թե ինչն է ճիշտ եւ ինչը` սխալ, քանզի «բանաստեղծական ճշմարտությունը»` դա արտահայտություն է, որի իմաստը կախված է խոսողից: Այն, ինչ շլացուցիչ է Դանթեի մոտ, կարող է այլանդակ լինել Մալարմեի մոտ: Եվ, իհարկե, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պոեզիան սիրահարեցնում է: Երբեք մի ասեք` «սա մութ է», որովհետեւ պոեզիան պարզ է ու լուսավոր: Բայց դա նշանակում է, որ մենք պետք է մեր բոլոր ուժերով, այն ամենով, ինչ մեր մեջ լավագույնն է, ձգտենք նրան, եթե կամենում ենք, որ այն մեզ տրվի: Մենք պետք է կարողանանք լիովին նրա հետ կապերը խզել, եւ այդժամ նա ինքը մերկ կընկնի մեր գիրկը: Այն, ինչ պոեզիան ոչ մի տեսքով չի ընդունում` դա անտարբերությունն է: Անտարբերությունը` սատանայի գահն է, այնինչ հենց նա է բարբառում բոլոր խաչմերուկներում ինքնագոհության եւ մշակույթի խեղկատակային հանդերձանքով:

Ինձ համար երեւակայությունը` հայտնագործությունների ունակության հոմանիշն է: Երեւակայել` հայտնագործել, ներմուծել սեփական լույսի մասնիկը կենդանի խավարի մեջ, ուր կենում են տարակերպ հնարավորությունները, ձեւերն ու մեծությունները: Երեւակայությունը թաքնված կենսական հատվածներին կապ եւ կենսական ակնհայտություն է պարգեւում, այնտեղ, ուր շարժվում է մարդը:

Երեւակայության ճշմարիտ դուստրը` ինտուիցիայի ակնթարթային բռնկումով ծնված փոխաբերությունն է, կանխազգացման երկար տագնապով լուսավորված:

Բայց երեւակայությունը սահմանափակված է իրականությամբ` անհնար է պատկերացնել գոյություն չունեցողը, երեւակայությանը պետք են իրեր, տեսարաններ, թվեր, մոլորակներ եւ դրանց միջեւ եղած տրամաբանական կապ: Այն չի կարող նետվել անդունդն ու ժխտել իրական անհասկացությունները: Երեւակայությունը հորիզոններ ունի, այն ձգտում է որսալ եւ կոնկրետացնել այն ամենը, որ ունակ է կրելու իր մեջ:

Բանաստեղծական երեւակայությունը ճամփորդում եւ վերափոխում է իրերը, լցնում է դրանք հենց իր իմաստով եւ ի դերեւ է հանում կապերը, որոնք նույնիսկ չէին կասկածվում, բայց միշտ, միշտ, միշտ այն ակնհայտորեն եւ անխուսափելիորեն օգտվում է իրականության երեւույթներից: Այն մնում է բանականությամբ ղեկավարվող մարդկային տրամաբանության շրջանակներում, որի հետ կապերը խզելու ընդունակ չէ: Նրա ստեղծագործական պրոցեսը ենթադրում է կազմակերպում եւ սահմանափակում: Դա երեւակայությունն է հորինել լույսի չորս կողմերը, դա նա է հայտնագործել իրերի պատճառային կապը, բայց նա երբեք չի կարողացել ձեռքերը խրել ալոգիզմի եւ անխոհեմության հրաբորբոք տապի մեջ, ուր ծնվում է ազատ եւ ոչնչով չկաշկանդվող ներշնչանքը:

Երեւակայությունը` դա ողջ պոեզիայի առաջին աստիճանն ու հիմքն է: Նրա օգնությամբ բանաստեղծը աշտարակ է կանգնեցնում տարերքների եւ գաղտնիքների դեմ: Այն անառիկ է, նա կարգադրություններ է անում, եւ նրան լսում են: Բայց նրանից համարյա միշտ խույս են տալիս ամենահիասքանչ թռչուններն ու ամենամաքուր շողերը: Շատ դժվար է «երեւակայության բանաստեղծին» (այդպես կոչենք նրան) հասնել ուժգին բանաստեղծական ապրումի: Այստեղ չի օգնի բանաստեղծական տեխնիկան: Կարելի է հասնել այն զուտ ռոմանտիկական երաժշտական հուզավառությանը, որը համարյա միշտ զատված է խորունկ հոգեւոր զգացողությունից, իսկ բանաստեղծական ապրում` մաքուր, անգիտակցական, անկասելի, անվերապահ իր սեփական, հենց նոր հորինած օրենքներով` իհարկե, չկա:

Երեւակայությունն աղքատ է, իսկ բանաստեղծական երեւակայությունը` հատկապես: Տեսանելի իրականությունն անչափելիորեն հարուստ է երանգներով, աներեւակայելիորեն ավելի բանաստեղծական է, քան իր հայտնագործությունները:

Դա ամեն անգամ բացահայտում է պայքարը գիտական ակնհայտության եւ հորինված առասպելի միջեւ` պայքար, որում, փառք Աստծո, հաղթանակում է գիտությունը, հազար անգամ ավելի քնարական, քան թեոգոնիաները:

Մարդկային երեւակայությունը հորինել է հսկաներին, որպեսզի նրանց վերագրի հսկայական քարանձավների կամ կախարդված քաղաքների ստեղծումը: Իրականությունը ցույց տվեց, որ այդ հսկայական քարանձավները ստեղծվել են ջրի կաթիլից: Մաքուր ջրի կաթիլից, համբերատար եւ հավերժական: Այս դեպքում, եւ շատ այլ դեպքերում, հաղթանակում է իրականությունը:

Որքան ավելի հիասքանչ է ջրի կաթիլի բնազդը, քան հսկայի ձեռքերը: Իրական ճշմարտությունը բանաստեղծականությամբ գերազանցում է հորինվածքին, կամ, այլ կերպ ասած, հորինվածքն ինքը բացահայտում է իր աղքատիկությունը: Երեւակայությունը հետեւում էր տրամաբանությանը, հսկաներին վերագրելով այն, ինչ թվում էր հսկաների ձեռքով ստեղծած, բայց գիտական իրականությունը, որ կեցած է պոեզիայի սահմանին եւ տրամաբանության սահմաններից դուրս է, անմահ ջրի թափանցիկ կաթիլով հաստատել է իր ճշմարտացիությունը: Չէ՞ որ անհամեմատելիորեն հիասքանչ է, որ քարանձավները` հավերժական օրենքներին ենթակա ջրի խորհրդավոր ֆանտազիան է, այլ ոչ թե հսկաների քմայքները, որ ծնունդ են առել միայն անբացատրելին բացատրելու անհրաժեշտությամբ:

Բանաստեղծը միշտ թափառում է իր երեւակայության տարածության մեջ, դրանով սահմանափակված: Նա արդեն հասկանում է, որ իր ֆանտազիան` դա կատարելագործվելու ընդունակությունն է, որ երեւակայության վարժանքը կարող է հարստացնել նրան, ուժգնացնել նրա լուսային ալեհավաքներն ու ճառագայթվող ալիքը: Սակայն բանաստեղծը նախկինի պես մեն մենակ է իր ներաշխարհի հետ, իր տրտում «ուզում եմ եւ չեմ կարողանումի» հետ:

Նա լսում է մեծ գետերի սահքը, նրա դեմքին է դիպչում եղեգնուտի թարմությունը, որը կեցած է «ոչ մի կողմում»: Նա ուզում է հասկանալ մրջյունների խոսակցությունը անիմանալի տերեւների տակ: Ուզում է ներթափանցվել ծառի ավիշով ծանր բների մառ լռության մեջ: Ուզում է ըմբռնել քնած աղջնակի սրտում հնչող Մորզեի այբուբենը:

Ուզում է: Մենք բոլորս ենք ուզում: Բայց չի կարողանում: Որովհետեւ կամենալով արտահայտել բանաստեղծական ճշմարտությունը, նա ստիպված է հենվելու իր մարդկային զգացողությունների վրա, ելնելու այն բանից, ինչ տեսել եւ լսել է, դիմելու պլաստիկ զուգորդումների, որոնք երբեք չեն հասնի արտահայտչականության նույն մակարդակին: Որովհետեւ միայն երեւակայությունը երբեք չի հասնում համանման խորությունների:

Քանի դեռ բանաստեղծն ազատագրում է փնտրում, նա կարող է բարոր կյանք վարել իր ոսկեզօծ աղքատության մեջ: Աշխարհի բոլոր հռետորական եւ բանաստեղծական դպրոցները, սկսած ճապոնական կանոններից, առաջարկում են մայրամուտների, լուսինների, շուշանների, հայելիների հարստագույն ռեկվիզիտ ցանկացած կլիմայի եւ ճաշակի համար:

Բայց բանաստեղծը, ով կամենում է դուրս պրծնել մոգոնած սահմաններից, չապրել սոսկ այն պատկերներով, որ շրջապատից են ծնվել, դադարում է անրջել եւ դադարում է ցանկանալ: Նա արդեն չի ցանկանում` նա սիրում է: «Երեւակայությունից»` հոգեւոր արտադրանքից, նա անցնում է հավատին: Այժմ ամեն ինչ այդպիսին է, որովհետեւ այդպիսին է, առանց պատճառների եւ հետեւանքների: Չկա ոչ սահման, ոչ սահմանագիծ` լոկ հոգեպարար ազատություն:

Եթե բանաստեղծական երեւակայությունը ենթարկվում է մարդկային տրամաբանությանը, ապա բանաստեղծական ներշնչանքը ենթարկված է բանաստեղծական տրամաբանությանը: Անօգուտ է ողջ մշակված տեխնիկան, քանդվում են բոլոր գեղագիտական կանխադրույթները, եւ, համանման, այն բանին, ինչպես երեւակայությունը` հայտնագործություն է, երեւակայությունը` դա երանություն է, դա անբառելի շնորհ է:

Այդպիսին է իմ այսօրվա տեսակետն առ պոեզիան: Այսօրվանը, որովհետեւ այն ճիշտ է այսօր: Չգիտեմ, թե ես ինչ կմտածեմ վաղը: Ինչպես ճշմարիտ բանաստեղծ, ինչպիսին ես կմնամ մինչ գերեզման, ես երբեք չեմ դադարի դիմադրել ցանկացած կանոններին կենդանի արյան սպասման մեջ, որը վաղ թե ուշ, բայց անպայման կժայթքի մարմնից կանաչ կամ սաթե շիթով: Ինչ ուզում է լինի` միայն թե միեւնույն պատուհանից չնայել միեւնույն նկարին: Բանաստեղծի` հակասության մեջ է: Անշուշտ, ես չեմ հավակնում ինչ-որ մեկին համոզել: Հավանաբար, այդպիսի դիրքորոշումը պոեզիային արժանի չէր լինի: Պոեզիային պետք են ոչ թե կողմնակիցներ, այլ սիրահարներ: Փշեպսակներով եւ ջարդված ապակով է նա փռում իր ճամփան, որպեսզի հանուն սիրո նրան փնտրող ձեռքերն արյունեն:

Դալիին հղած նամակներից մեկը

Սիրելի Սալվադոր, իմ մտքով էլ չէր անցնում, որ Սուրբ Սեբաստիանը փետրավորում ունի: Եվ արի ու տես` գույնզգույն փետուրներ: Իսկ նետերը, դու ճիշտ ես, պողպատյա են, բայց քո եւ իմ տեսունակության մեջ տարբերություն կա: Եվ ահա թե ինչն է` քեզ մոտ նետերն արդեն խրվել են` ամրապինդ, իսկ ինձ մոտ` թռչում են, եւ դա թռիչքի վերջին ակնթարթն է, ըստ էության` վերքի պահը: Քո Սուրբ Սեբաստիանը մարմարյա քանդակ է, իմը` արյունից ու մարմնից, նա մահկանացու է եւ նա մահանում է` հիմա եւ երեկ, եւ վաղը: Այլ կերպ լինել չի կարող: Եթե Սուրբ Սեբաստիանի մեջ ինձ հետաքրքրեր թիթեղը, ես որպես բանաստեղծ` բանի պետք չէի լինի, բայց բանիմաց քանդակագործ կլինեի (ոչ արվեստագետ): Հասկանալի է, որ քեզ բացատրել, որ ես ընդհանրապես նկարիչ չեմ, իմաստ չունի: Սակայն կա տարբերություն` նրբագույն, եւ այն հարկ է զգալ: Սուրբ Սեբաստիանի մեջ ինձ անսահմանորեն հուզում է նրա հանգստությունը տանջանքի պահին: Տառապանքի մեջ միշտ բարոկկոյից ինչ-որ բան կա: Ինձ մինչեւ հոգուս խորքը ցնցում է այն նրբագեղությունը, որով նա կրում է տանջանքը, եւ վսեմագույն արժանապատվությունը` նրա հելլենական դեմքում դույզն-ինչ խոնարհում չկա: Նա չի խոնարհվել եւ կոտրված չէ, նա` հաղթանակող է: Արժանապատվություն, հանգստություն, նրբագեղություն, մի խոսքով, ներդաշնակություն: Աղոտ, խլացված, ինչպես դաշտային ծաղկի թերթիկներում, որ չի տեսել քաղաքի փողոցները: Այդ պատճառով ինձ համար Սուրբ Սեբաստիանը` համարյա թե ամենահիասքանչ սյուժեն է, համենայն դեպս, այն արվեստներում, որոնք աչքով են ընկալվում: Դա ճիշտ է, Սուրբ Սեբաստիանը խո՞րթ է ծովին: Ոչ լեռները, ոչ ալիքները նրա հետ չեն: Սուրբ Սեբաստիանը` մաքրագույն առասպելաբանություն է` բյուրեղապակյա անոթի մեջ բանտված: Նրան տանջել են ոչ թե մաքուր օդին, այլ ապարանքի ներսում: Նրան չեն կապել հանգուստե փայտե բնին (ինչպես պատկերում են Վերածննդի ռոմանտիկները): Ոչ, նա կանգնած էր նախշազարդ հասպիսե սյան մոտ` թափանցանարնջագույն, ինչպես նրա մարմինը: Ծառ չի եղել` այն հետո են հորինել` միջնադարում: Մեզնից յուրաքանչյուրի մեջ ինչ-որ բան կա Սուրբ Սեբաստիանից` ամեն մեկիս վրա թռչում են զայրույթի, պարսավանքի, չարության նետերը: Իսկ չէ՞ որ Սուրբ Սեբաստիանին կտտանքի ենթարկեցին` ըստ օրինաց կարգի` այն ժամանակվա դրույթների համաձայն: Չէ՞ որ նա հանցապարտ է` պետության տեսանկյունից: Այն բանի համար, որ երկրպագում ես այլ աստծո` մահապատժի չեն ենթարկում, մահապատժի են ենթարկում հրաժարվելու համար` երկրպագել նրան, ում համատարած բոլորը հավատում են: Բոլոր մարտիրոսները զանց են առել օրենքը: Եվ իրավունքը նրանց կողմը չէ: Սոկրատն, այդպիսի դժվար կացության մեջ, հնարավոր է, օրենքի կողմն անցներ` հանրապետության: Ինչ դրամատիկ դիմակայություն: Բայց Սուրբ Սեբաստիանը միակն է, որ այլ կերպ է փրկվում` գեղեցկությամբ, այնինչ բոլոր մնացյալը` սիրով: Բոլոր նահատակները կտտանքների տակ աղոթում են, եւ միայն Սուրբ Սեբաստիանը մեջքն ուղիղ է պահում, քանդակային տեսք առնելով, հավերժացնելով վաղանցուկը եւ մարմնավորելով ներդաշնության վերացական գաղափարը սեփական մարմնով: Ճիշտ այդպես անիվը մարմնավորում է հավերժական շարժման գաղափարը` Ահա թե ինչու եմ ես սիրում Սուրբ Սեբաստիանին:

Ծովի կողմից զեփյուռ է փչում: Թռչունները ճախրում են թիռթեւ, թեւերը չխնայելով, ինչպես Պիրենեյներում կամ Կովկասում: Հյուրանոցում, ուր ես բնակվում եմ, չես տեսնի ոչ սլացիկ ոտք, եւ ոչ էլ կառուցիկ ոտնաթաթ: Աղջիկները ծովից` նայում են, իսկ նրանք, որ լեռներից են` պահանջում են: Ես ապրում եմ ճգնակյացի պես, եւ համարյա թե ոչ մեկի հետ չեմ խոսում: Դե` միայն մատուցողների` միշտ գիտես, թե ինչպես են քեզ ժպտալու, եւ թե ինչ են ասելու:

Միշտ հիշում եմ քեզ: Նույնիսկ, թվում է, չափազանց շատ: Այնպիսի տպավորություն է, որ ափիս մեջ ոսկեդրամ է` կլոր տաք ոսկեդրամ: Իսկ մանրել այն չեմ կարողանում: Եվ չեմ էլ ուզում, տղա: Հենց հիշում եմ, թե դու ինչ սարսափելի մեկն ես, ապա ավելի շատ եմ սիրում:

1927թ., օգոստոս