Եվրո 2012

10/07/2012

Հուլիսի 4-ին նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է. «Վերջերս Բրյուսելում մասնակցել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության` պետությունների ղեկավարների գագաթաժողովին: Քննարկման հիմնական նյութը եվրոգոտում ստեղծված ֆինանսատնտեսական լարվածությունը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերն էին: Փոքր պետությունների տնտեսությունները հատկապես խոցելի են նման լարումների ժամանակ, եւ մենք ակնկալում ենք, որ որպես Արեւելյան գործընկեր` կստանանք այդ դժվարությունները հաղթահարելուն ուղղված աջակցության մեր մասը»։ Այս հայտարարությունը ուշագրավ է Ս. Սարգսյանի` ընդամենը մի քանի ամիս առաջ արած մեկ այլ հայտարարության ֆոնին: Դեռեւս 2011թ. հոկտեմբերի սկզբին Ջերմուկում կայացած Հայաստանի գյուղատնտեսական համայնքների ֆորումի ժամանակ ունեցած իր ելույթում Ս. Սարգսյանն ասել էր, որ պետք չէ լարել իրավիճակը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հնարավոր կրկնության վերաբերյալ տեղեկություններով: «Դեռ շուտ է խոսել այն մասին, որ եվրոպական շուկաներում առաջացած դժվարությունները վերածվել են ճգնաժամի երկրորդ փուլի: Իհարկե, կան դժվարություններ, սակայն մենք սովոր ենք աշխատել ճգնաժամի պայմաններում եւ պատրաստ ենք դիմակայել մարտահրավերներին»,- ասել էր ՀՀ նախագահը։