Կիրակի օրը «Հարսնաքար» ռեստորանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարվածել էր «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանին: Դեպքից հետո, սակայն, Ռ. Հայրապետյանը զանգահարել է Ա. Վեզիրյանին եւ ներողություն է խնդրել նրանից` ասելով, որ զղջում է կատարվածի համար: Բացատրություն տալու համար ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության հետաքննության բաժանմունք է հրավիրվել Ա. Վեզիրյանը, ով հայտնել է, որ տեղի ունեցած միջադեպի առումով բողոք չի ներկայացնելու, իսկ Ռուբեն Հայրապետյանից որեւէ պահանջ չունի: Միաժամանակ Վեզիրյանը հրաժարվել է դատաբժշկի ուղեգիր ստանալուց եւ դատաբժշկական փորձաքննության ներկայանալուց: Քրեական գործի հարուցումը մերժվել է: