«Պահպանողականները» հաղթեցին

10/07/2012

Կիրակի օրը` հուլիսի 8-ին, Վանաձորում ավարտվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը: Մեր տեղեկություններով, Գերագույն ժողովի արդյունքում ՀՅԴ Գերագույն Մարմնի (ԳՄ) նորընտիր կազմում ընդգրկվել են ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի նաեւ որպես ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության եւս երկու պատգամավորներ` Արծվիկ Մինասյանը եւ Աղվան Վարդանյանը, ինչպես նաեւ ԳՄ նախկին անդամներ Արսեն Համբարձումյանը, Միքայել Մանուկյանը եւ եւս մի քանի ներկայացուցիչներ մարզերից: ԳՄ այս ընտրությունները ցույց են տալիս, որ ՀՅԴ գործող ղեկավարությունն ընդամենը վերարտադրել է իր իշխանությունը, եւ նախորդ շաբաթ մամուլում որոշ լրատվամիջոցների տարածած այն լուրերը, թե ՀՅԴ-ի ղեկավարության մեջ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, անհիմն են: Եթե նույնիսկ ամբողջովին փոխվեր ԳՄ կազմը, դրանից ՀՅԴ-ի վերնախավը չէր փոխվի, իսկ ԳՄ նորընտիր անդամները, ըստ էության, կուսակցության ղեկավարության լոյալ գործիչներ են: Դաշնակցությունում էական փոփոխություններ հնարավոր են միայն ՀՅԴ Բյուրոյի կազմի փոփոխման դեպքում, ինչը հնարավոր կլիներ կուսակցության ներսում արմատական ընդդիմության` ԳՄ-ում մեծամասնություն կազմելու եւ ԳՄ նախաձեռնությամբ Բյուրոյի նոր ընտրություններ կազմակերպելու դեպքում: Սակայն, նույնիսկ այդ դեպքում Բյուրոյի կազմի փոփոխումը շատ երկար եւ բարդ պրոցես է, իսկ ԳՄ վերոհիշյալ կազմից գործնականում անհնար է նման քայլ ակնկալել: ՀՅԴ-ում իրական եւ գլխավոր իշխանությունը պատկանում է ՀՅԴ Բյուրոյին, եւ միամտություն կլիներ կարծել, թե ԳՄ կազմը կարող է ընտրվել առանց Բյուրոյի հաստատման, առավել եւս, եթե հաշվի առնենք, որ ԳՄ-ի կազմում չեն ընդգրկվել Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ նրա կողմնակիցների քաղաքական գծից դժգոհ անդամների մի ստվար զանգվածի ներկայացուցիչները` չնայած, որ նման սպասելիքներ կային ժողովից առաջ: Կասկածելի է նաեւ այն կարծիքը, թե կուսակցության մեջ գոյություն ունի հակադրություն Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի «թեւերի» միջեւ: Եթե նույնիսկ կա նման հակասություն, ապա այն էական չէ: Ա.Ռուստամյանը, առանց Բյուրոյի հավանության, ոչ մի կերպ չէր կարող դառնալ ՀՅԴ խմբակցության ղեկավար` շրջանցելով Վահան Հովհաննիսյանին: Սակայն մյուս կողմից` դեռեւս բաց են մնում մի շարք կարեւոր հարցեր, որոնք իրենց հերթին` կախված են ընդհանուր քաղաքական զարգացումներից: Այդ հարցերից գլխավորը, անշուշտ, 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններում Դաշնակցության դիրքորոշումն է` նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն կառաջադրի սեփակա՞ն թեկնածու, թե՞ կպաշտպանի ընդդիմության հնարավոր միասնական թեկնածուին, եթե, իհարկե, այդպիսին լինի: Նշենք, որ հուլիսի 9-ին Գերագույն ժողովի տարածած հայտարարության մեջ ոչ մի կոնկրետ անդրադարձ չկա այդ հարցին: Փոխարենը` նշվում է Ժողովի «միասնականության եւ համախմբվածության», «ազատության եւ արդարության» համար պայքարի կուսակցության վճռականության, «երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու` գործող իշխանությունների հեռացման եւ վերջիններիս սպասարկող առկա արատավոր համակարգի վերացման քաղաքական ուղեգծի», «Դաշնակցության ընդդիմադիր գործելաոճի» եւ նմանատիպ այլ անորոշ տեսլականների մասին: ՀՅԴ-ն հայտարարում է նաեւ ահագնացող «աղքատության, սոցիալական բեւեռացման, սպառնալի ծավալների հասնող արտագաղթի, օրավուր աճող արտաքին պարտքի, ազատությունը խոչընդոտող մենաշնորհների ամրապնդման» եւ մի շարք այլ կարեւոր խնդիրների մասին, սակայն չի նշում դրանց լուծման կոնկրետ ուղիներ: «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների եւ ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու է մեր երկրում քաղաքական ընտրության միջոցով բոլոր մակարդակներում ժողովրդի իշխանության հաստատման համոզումով: Համոզված ենք, որ ազգային նպատակների իրականացման, սոցիալական արդարության եւ ժողովրդավարության հաստատման երաշխիքը ազատ քաղաքացին եւ արդար պետությունն են»,- նշված է ՀՅԴ Գերագույն ժողովի հայտարարության մեջ:

Սեփ. լր.