Բախում` բողոքի ակցիայի ժամանակ

10/07/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հուլիսի 8-ին ֆեյսբուքյան «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամները կազմակերպել էին մոմավառություն` ի հիշատակ Վահե Ավետյանի մահվան յոթնօրեքի:

Հիշեցնենք, որ Վ. Ավետյանը մահացել է հունիսի 17-ին` Երեւանի «Հարսնաքար» ռեստորանում ՀՀ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցների կողմից դաժանաբար ծեծի ենթարկվելու հետեւանքով: Հիշեցնենք նաեւ, որ նույն միջադեպի ժամանակ դաժան ծեծի էին ենթարկվել նաեւ ռազմական հոսպիտալի եւս երկու բժիշկներ: Միջադեպից հետո Վ. Ավետյանն անգիտակից վիճակում էր, ում երկու անգամ ենթարկեցին գլխուղեղի վիրահատության` ուղեղի այտուցումը կանխելու համար: Նշենք նաեւ, որ Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ, որի շրջանակներում կալանավորվել են հիշյալ ռեստորանի 6 աշխատակիցներ, որոնց մի մասը ռեստորանի անվտանգության աշխատակիցներ են: Կիրակի օրը տեղի ունեցած բողոքի ակցիան, ի տարբերություն նախորդ օրերի ակցիաների, անցավ բախումներով: Նախքան ակցիայի մասնակիցների` ռեստորանի տարածք գնալը, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը ներս էր մտել ռեստորանի բակ`փորձելով լուսանկարել Ռ. Հայրապետյանին: Վերջինս ոչ միայն չէր թույլատրել Ա. Վեզիրյանին լուսանկարել, այլեւ հարվածել էր նրան, ինչպես ինքն էր պատմել` տապալելով գետնին: Դեպքից հետո «Հելսինկյան ասոցիացիան» հայտարարություն էր տարածել, ըստ որի` կատարվածը իրավապաշտպանի գործունեության դեմ ուղղված գործողություն է, եւ, որ ասոցիացիան պատրաստվում է դիմել ուժային կառույցներին` քրեական գործ հարուցելու համար: «Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի` քրեական գործ հարուցելու առիթներից է հանցագործության մասին ԶԼՄ-ների հաղորդումները, իսկ ԶԼՄ-ները տարածել են տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություններ, ուստի «Հելսինկյան ասոցիացիան» սպասում է իշխանությունների արձագանքին»,- ասվում է հայտարարության մեջ` նշելով նաեւ, որ մինչ ասոցիացիան այս տեքստն ուղարկում էր ԶԼՄ-ներին, Ա. Վեզիրյանին զանգահարել է Ռ. Հայրապետյանը` ներողություն խնդրելով եւ հայտնելով, թե զղջում է կատարվածի համար: Երեկ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ Ոստիկանությունում Ա. Վեզիրյանը հայտնել է, թե տեղի ունեցած միջադեպի առումով բողոք չի ներկայացնելու, իսկ Ռ. Հայրապետյանից որեւէ պահանջ չունի: Նա նաեւ հրաժարվել է դատաբժշկի ուղեգիր ստանալ եւ դատաբժշկական փորձաքննության ներկայանալ: Իսկ քրգործի հարուցումը մերժվել է, քանի որ տուժողը բողոք չի ներկայացրել: Նշենք նաեւ, որ կիրակի տեղի ունեցած ակցիայի ժամանակ ուժային կառույցների ներկայացուցիչները շրջափակել էին նշյալ ռեստորանի տարածքը` թույլ չտալով ակցիայի մասնակիցներին ներխուժել տարածք: Ստեղծված իրավիճակին միջամտել էր նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, ում մասնակցությամբ ոստիկանները սկսեցին քաշքշել հավաքված քաղաքացիներին: Վերջիններս իրենց բողոքն արտահայտելու համար քայլերթով շարժվեցին դեպի Ավան թաղամասում գտնվող Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն: Ոստիկանները, սակայն, շրջափակել էին նաեւ Ռ. Հայրապետյանի տունը: Այստեղ ելույթ ունեցավ Աժ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` ոստիկաններին նախատելով քաղաքացիներին քաշքշելու համար: Նա նաեւ ցուցարարներին ասաց, որ Վ. Ավետյանի մահը առիթ է հանդիսացել քաղաքացիական նոր շարժման, եւ 80-ական թթ. շարժումից հետո այն արթնացնելու է երկրորդ վերածնունդը: Հուլիսի 8-ին տեղի ունեցած բախումներին արձագանքել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ում փոխանցմամբ` իր հեռախոսային թեժ գծին ստացել է 116 ահազանգ, որոնք հաղորդել են Ա. Վեզիրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մասին, ինչպես նաեւ խաղաղ ցույցի մասնակիցների վրա` Ոստիկանության` ոչ իրավաչափ ուժի կիրառման մասին: Ըստ Կ. Անդրեասյանի` տեղի ունեցած դեպքի առթիվ ընդունվել է վարույթ, որի շրջանակներում ուսումնասիրվելու են դեպքի բոլոր մանրամասները: «Վահե Ավետյանի ցավալի մահը եւ «Հարսնաքարում» տեղի ունեցած դաժան բռնությունը շարունակում է վրդովեցնել հանրությանը: Շատերն այդ բռնարարքը գնահատում են` որպես առանձին անհատների կողմից ձեւավորված անընդունելի սովորույթների եւ բռնության մշակույթի հետեւանք: Այս համոզումը որոշ քաղաքացիների մղում է շարունակել բողոքի ակցիաները` ոչ միայն ի հիշատակ զոհված բժշկի, այլեւ` որպես ապագա բռնությունների կանխարգելման հնարավոր եղանակ: Բոլորս ենք ակնկալում, որ Վ. Ավետյանի մահվան հետեւանքով ոչ միայն կպատժվեն այդ բռնարարքի մեղավորները, այլեւ հասարակության եւ պետական մարմինների նպատակաուղղված գործողությունների ու միանշանակ գնահատականների շնորհիվ Հայաստանում կվերանա բռնություն ծնող հանցավոր մշակույթն ու մտածողությունը` իր «զորեղ» անհատների ֆինանսամկանային ողջ ներուժով»,- ասվում է Կ. Անդրեասյանի հայտարարության մեջ: Երեկ հայտարարություն էին տարածել նաեւ «Վահե Ավետյան» հասարակական շարժման խմբի անդամները` նշելով, որ Ռ. Հայրապետյանը պետք է փոխհատուցի Վ. Ավետյանի ընտանիքին հասցված նյութական ու բարոյական վնասը: