Հոկտեմբերյան «հեղափոխություն»

10/07/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հուլիսի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ մի ուշագրավ հայտարարություն է արել, որը պատշաճ ուշադրության չարժանացավ մամուլում: Հատկապես՝ տնտեսական թեմաները լուսաբանող լրագրողների կողմից։

Ըստ «Մեդիամաքսի», վերը նշված ճեպազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է. «Վերջերս Բրյուսելում մասնակցել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության` պետությունների ղեկավարների գագաթաժողովին: Քննարկման հիմնական նյութը եվրոգոտում ստեղծված ֆինանսատնտեսական լարվածությունը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերն էին: Փոքր պետությունների տնտեսությունները հատկապես խոցելի են նման լարումների ժամանակ, եւ մենք ակնկալում ենք, որ որպես Արեւելյան գործընկեր` կստանանք այդ դժվարությունները հաղթահարելուն ուղղված աջակցության մեր մասը»։

Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա։ Շատ նորմալ է, որ Հայաստանը որպես արեւելյան գործընկեր` օգնություն է ակնկալում Եվրամիությունից։ Փոքր-ինչ զարմանալի է տոնայնությունը. կոպիտ ասած, դա այսպես է հնչում՝ դուք եփել եք այս ճաշը, դուք էլ պետք է օգնեք։ Ընդ որում, ՀՀ նախագահը եվրոյի գոտու ճգնաժամի եւ դրա հետեւանքով՝ Հայաստանի համար հնարավոր բացասական հետեւանքների մասին խոսում է այնպես, կարծես այդ հետեւանքները արդեն փաստ են։ Չմոռանանք, որ դեռ մեկ ամիս էլ չի անցել, երբ հանրապետության նախագահը կառավարությանը հորդորում էր այս տարվա համար ապահովել նախատեսվածից բարձր տնտեսական աճ՝ 7%-ի շրջանակներում։ Սակայն ամենատարօրինակը ժամանակի մեջ շեշտադրումների փոփոխությունն է։ Նախորդ տարվա վերջին ՀՀ նախագահը այլ տրամադրվածություն ուներ։ 2011թ. հոկտեմբերի սկզբին Ջերմուկում կայացած Հայաստանի գյուղատնտեսական համայնքների ֆորումի ժամանակ ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանը նշել էր, որ պետք չէ խտացնել իրավիճակը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հնարավոր կրկնության վերաբերյալ տեղեկություններով: Նախագահն այդ խոսքերով հեռակա պատասխանել էր Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Ապիին, ով հայտարարել էր, որ հայկական տնտեսության համար ռիսկերից մեկը մնում է եվրագոտում առկա անկայունությունը: Պատասխանելով նրա հայտարարությանը` Հայաստանի նախագահը նշել էր, որ ճգնաժամի երկրորդ ալիքի մասին խոսել դեռ վաղ է՝ ասելով. «Դեռ շուտ է խոսել այն մասին, որ եվրոպական շուկաներում առաջացած դժվարությունները վերածվել են ճգնաժամի երկրորդ փուլի: Իհարկե, կան դժվարություններ, սակայն մենք սովոր ենք աշխատել ճգնաժամի պայմաններում եւ պատրաստ ենք դիմակայել մարտահրավերներին»։

Իսկ այժմ, պարզվում է, նախ՝ եվրոպական շուկաներում առաջացած դժվարությունները արդեն իսկ տեսանելի վտանգ են ներկայացնում Հայաստանի տնտեսության համար։ Եվ երկրորդ` այնքան էլ պատրաստ չենք դիմակայել մարտահրավերներին։ Կամ՝ միայնակ պատրաստ չենք, եթե դիմակայելու համար արդեն փող ենք խնդրում։

Եվ սա` այն դեպքում, որ իշխանական խոսնակները կառավարության գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարում էին, որ Կառավարության գերակայությունը ներքին ռեսուրսների վրա հիմնված տնտեսական աճի ապահովումն է։

Ի դեպ, Սերժ Սարգսյանի՝ նախորդ տարվա ջերմուկյան հայտարարությունից 10 օր անց վարչապետ Տիգրան Սարգսյանը տրամագծորեն հակառակ հայտարարությունն արեց՝ հանդես գալով Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստում. «Այժմ մեզ մտահոգող հիմնական խնդիրը 2012թ. սպասվող հնարավոր ճգնաժամն է: Եթե 2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեզ հարվածեց շինարարության ոլորտի միջոցով, որտեղ արձանագրվեց 43 տոկոս անկում, ապա այժմ մեզ մտահոգող հիմնական խնդիրը 2012թ. սպասվող հնարավոր ճգնաժամն է: Պետք է հասկանալ, թե ինչպես այն կկարողանա հարվածել մեր տնտեսությանը: Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ տեղի ունեցած մեր խորհրդակցությունները չեն տալիս այն հարցի հստակ պատասխանը, թե համաշխարհային տնտեսության հնարավոր վատթարացումն ինչպե՞ս կազդի մեր տնտեսության վրա: Հետաքրքրող հարցերից մեկն այն է, թե հաջորդ տարի կհաջողվի՞ մեզ ապահովել ավելի քան 4 տոկոս տնտեսական աճ: Առաջին հերթին` դա կապված է ներդրողների սպասումների եւ Հայաստան ուղղվող տրանսֆերտների մակարդակի հետ»։

Մի քանի ամսվա վաղեմության ելույթների հետահայաց դիտարկումը զարմանալի ենթադրությունների տեղիք է տալիս։ Ստացվում է, որ երբ եվրոյի գոտու ճգնաժամը լուրջ չէր ընկալվում Հայաստանի իշխանությունների կողմից, տնտեսական աճի կանխատեսումը համեստ էր՝ 4%-ի սահմաններում (ընդ որում, վարչապետը կասկած էր հայտնում, որ կհաջողվի դրանից ավելի բարձր աճ ապահովել)։ Իսկ այսօր, երբ վտանգն այնքան տեսանելի է, որ դրամական օգնություն ենք ակնկալում ԵՄ-ից, տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է աճի ուղղությամբ՝ դառնալով 7%։

Այս ամենի մեջ կա եւս մի հետաքրքիր զուգադիպություն։ Դատելով ժամանակագրությունից՝ հոկտեմբերը ամենահակասական ամիսն է։ Հիշեցնենք, որ 2008թ. հոկտեմբերին, երբ բոլորը խոսում էին համաշխարհային ճգնաժամի մասին, ՀՀ վարչապետը խորհուրդ էր տալիս չչափազանցնել դրա հետեւանքները Հայաստանի համար։ Նախորդ տարվա հոկտեմբերին, արդեն եվրոյի գոտու ճգնաժամի հետ կապված, նման դիրքորոշում էր հայտնում նախագահը։ Այնպես որ, եթե այս օրինաչափությունը պահպանվի, ապա այս տարվա հոկտեմբերը խոստանում է բավականին հետաքրքիր լինել՝ հակասական հայտարարությունների առումով։