Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավը մտել է եզրափակիչ փուլ, ինչը որոշակի ակտիվություն է առաջացրել նաեւ հայաստանյան հասարակական-քաղաքական, լրատվական դաշտում:
Դա, սակայն, եւս մեկ անգամ վկայում է Լեռնային Ղարաբաղում կատարվող ցանկացած իրադարձության, այդ թվում եւ առաջին հերթին` նախագահական ընտրությունների վերաբերյալ Հայաստանում ձեւավորված մակերեսային ընկալումների, պատկերացումների ու մոտեցումների մասին:
Ղարաբաղյան իրականությունն` ընդհանրապես, նախագահական ընտրությունները` մասնավորապես, Հայաստանում ընկալում ու գնահատում են ձեւավորված, կաղապարված ստերեոտիպերի պրիզմայով: Այդ ստերեոտիպերը հաճախ շատ արհեստական լինելով` վտանգավոր են դարձնում դրանց միջոցով ղարաբաղյան զարգացումների նկատմամբ ձեւավորվող մոտեցումները: Օրինակ, տարիներ շարունակ առավելապես հայաստանյան լրատվական որոշակի շրջանակների կողմից արմատավորվել է այն գաղափարը, որ ԼՂՀ-ում ընդդիմություն գոյություն չունի, իշխանությունը գրեթե տոտալիտար վերահսկողություն է իրականացնում ամեն ինչի ու բոլորի նկատմամբ, ցանկացած այլակարծություն հետապնդվում է, եւ այլն, եւ այդպես շարունակ: Իրականում բավական է մի քանի օր լինել Լեռնային Ղարաբաղում, գործընթացները դիտարկել ներսից, համոզվելու համար, որ այդ գնահատականները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Այո, Ղարաբաղում ինստիտուցիոնալիզացված ընդդիմություն չկա, սակայն դա ավելի շատ ներքին գործընթացների օրինաչափության հետեւանք է, քան իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության արդյունք, ինչպես որ ներկայացվում է հայաստանյան որոշակի շրջանակների կողմից: Սակայն, քանի որ կարեւորը ընդդիմադիրի կաղապարն է, ամեն ինչ զարգացվում է այդ կաղապարի տրամաբանության շրջանակներում: Իսկ նախագահական ընտրությունները դրա համար լավ առիթ են: Հուլիսի 19-ին կայանալիք ԼՂՀ նախագահի ընտրություններում հիմնական մրցակցությունն ընթանում է ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանի եւ ԼՂՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջեւ: Ասել, որ այդ պայքարը շատ սուր է, թեժ է` չափազանցված կլինի: Համենայնդեպս, բուն Լեռնային Ղարաբաղում ընթացող նախընտրական քարոզարշավը նման տպավորություն չի թողնում: Պայքարն ավելի շատ ընթանում է, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել` թեժ պայքարի տպավորություն է ստեղծվում հիմնականում սոցիալական ցանցերում եւ հայաստանյան որոշ լրատվամիջոցներում: Այս հարթությունում Վ. Բալասանյանը ներկայացվում է հերոսի կերպարով. խոսքը ոչ թե նրա` պատերազմի իրական հերոսի, այլ ԼՂՀ-ում ընդդիմության առաջամարտիկի կերպարի մասին է: Այն, որ Վ. Բալասանյանը համախմբել է ընդդիմադիր հայացքներ ունեցող որոշակի շրջանակների եւ ապագայում կարող է հանդես գալ որպես համակարգային ընդդիմության առաջորդ, թերեւս, միայն դրական է ԼՂ-ի քաղաքական համակարգի զարգացման համար: Սակայն ԼՂՀ նախագահի ընտրությունների քարոզարշավը ցույց է տալիս, որ հայաստանյան քաղաքական համակարգի արատները թափանցում են նաեւ Լեռնային Ղարաբաղ: Իսկ այդ արատներից ամենավտանգավորը ներկայումս հայաստանյան ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից գերակա համարվող` «ամեն ինչ` հանուն նպատակի» գործելաոճն է, որը ԼՂ-ի դեպքում նաեւ արտաքին վտանգներ է պարունակում: Օրինակ` նախօրեին Արցախյան պատերազմի 100-ից ավելի մասնակիցներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով միջամտել ԼՂ-ում կայանալիք նախագահական ընտրություններին: «Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունների ազդեցությունը վճռորոշ դեր է խաղում Արցախի նախագահի ընտրություններում: Արցախցի ընտրողը ավանդապես հաշվի է առնում պաշտոնական Երեւանի դիրքորոշումը: 2007թ. ընտրություններին Դուք անձամբ աջակցել եք Բակո Սահակյանին, ինչն էլ կարեւոր դեր է խաղացել վերջինիս նախագահ ընտրվելու գործում: Մեզնից շատերը վստահել են Ձեզ ու Ձեր թեկնածուին` ունենալով առաջընթացի սպասումներ: Սակայն անցած հինգ տարիները ցույց տվեցին, որ Բակո Սահակյանը չի արդարացրել մեր սպասումները եւ շեղվել է իր իսկ նախընտրական ծրագրի դրույթներից… Այս ամենի պատասխանատվությունը կիսում եք նաեւ Դուք, քանզի Բակո Սահակյանը պաշտոնավարման ընթացքում մշտապես ստացել է Ձեր աջակցությունը: Գալիք նախագահական ընտրություններում ակնկալում ենք, որ Դուք կօգտագործեք Ձեր ազդեցությունը Արցախի իշխանությունների վրա` հեռու պահելով նրանց վարչական ռեսուրսների օգտագործումից, այլ անօրինական գործունեությունից: Իշխանությունների` օրենքից դուրս քայլերը մեծ վտանգ են ներկայացնում երկրի ներքին կայունության համար»,- նշված է հայտարարության մեջ: Այս հայտարարությունը, բացի զավեշտից, պարունակում է նաեւ որոշակի արտաքին վտանգներ: Զավեշտալին այն է, որ փաստորեն ազատամարտիկները` արձանագրելով, որ Ս. Սարգսյանը ազդեցություն, այսինքն` լծակներ ունի ԼՂՀ իշխանության վրա, նրանից պահանջում են կիրառել այդ լծակները` թույլ չտալու համար, որպեսզի ղարաբաղյան իշխանություններն ընտրությունների ժամանակ վարչական լծակներ կիրառեն: Իսկ արտաքին վտանգն այն է, որ այդպիսով «երկրի ներքին կայունության համար» անհանգստացած ազատամարտիկները Ադրբեջանին ու միջազգային հանրությանը հերթական առիթն են տալիս` հայտարարելու, որ ԼՂ-ում ամեն ինչ որոշում են ՀՀ իշխանությունները, այն դեպքում, երբ ԼՂՀ-ի հիմնական հաղթաթուղթը դե ֆակտո կայացած պետություն ունենալն է: Ընդ որում, այդ հանգամանքը մոռանում են այս կամ այն թեկնածուին սատարող գրեթե բոլոր շերտերը` գոնե ձեւականորեն չպահպանելով «այլ պետության ներքին գործերին չմիջամտելու» արարողակարգային նորմը: Երեկ Վիտալի Բալասանյանին սատարող հայտարարությամբ են հանդես եկել հայաստանյան 40 գիտնականներ` իրենց այդ քայլը հիմնավորելով նրանով, որ վերջինս իր նախընտրական ծրագրում ներառել է դրույթներ, «որոնք ներշնչված են «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության առաջարկներից»: Որքանով հայտնի է, այդ նախաձեռնությունը պահանջում է գիտության ֆինանսավորման ավելացում ՀՀ պետական բյուջեից ՀՀ գիտության ոլորտի զարգացման համար: Ի՞նչ կապ ունի այստեղ Վ. Բալասանյանը` դժվար է ասել, հատկապես որ, նրա նախընտրական ծրագիրը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Նույնն, ի դեպ, վերաբերում է նաեւ ՀՀ իշխանություններին, որոնք մյուս թեկնածուին` Բակո Սահակյանին սատարելու ավելի վատ միջոց դժվար թե գտնեին, քան «Սյունյաց Արծիվների» նախագահ Խաչիկ Ասրյանի` ԼՂՀ նախագահին պաշտպանող «ազգային-ազատագրական» հայտարարությունը: Ասրյանն, իհարկե, հանդես է եկել իրեն պատկանող հ/կ-ի անունից, բայց նա նաեւ համատեղության կարգով փոխնախարար է աշխատում, ուստի դժվար է հավատալ, որ կարող էր «ինքնաբուխ» հայտարարություններ անել` առանց վերադասներից թույլտվություն ստանալու: Ի դեպ, այդ առումով, վերջին օրերին ամենակոռեկտը ԵԿՄ հայտարարությունն էր` ի պատասխան արցախյան ազատամարտիկների` Սերժ Սարգսյանին ուղղված պահանջի: ««Երկրապահ կամավորականների միությունը» պաշտպանում է Արցախի եւ Արցախի ժողովրդի դատը, կանգնած է նրա կողքին, բայց համարում է, որ անկախ պետության ներքին գործերին միջամտելու որեւէ իրավասություն չունի` միջամտելով այդ երկրում ծավալվող ընտրական գործընթացներին: ԵԿՄ-ն Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուին պաշտպանելը համարում է Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտում, դա բացառապես ԼՂՀ ժողովրդի իրավունքն է, ինչն անելու իրավունք չունի ոչ ՀՀ իշխանությունը եւ ոչ էլ ընդդիմությունը»,- նշված է ԵԿՄ հայտարարության մեջ:
Թե ինչ ազդեցություն են ունենում նման հայտարարությունները ԼՂՀ-ի ընտրողների վրա, դժվար է ասել: Ավելի հավանական է, որ որեւէ ազդեցություն էլ չեն ունենում: Քանի որ Արցախում մարդիկ ապրում են իրենց կյանքով, որից տարբեր հայտարարություններ անող խմբերն այնքան հեռու են, որքան ԼՂ-ի մասին հնչող գնահատականները` իրականությունից: Մոտ մեկ շաբաթ հետո ԼՂՀ-ում ընտրություններն ավարտվելու են, ու մարդիկ շարունակելու են ապրել իրենց կյանքով, որին ամենամեծ օգնությունը, թերեւս, չմիջամտելն է: Գոնե այնպես, ինչպես միջամտում են հայաստանյան որոշակի շրջանակներ` ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում: Այդ իմաստով ԼՂՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ հնչած ամենակառուցողական հայտարարությունը մի խումբ հասարակական կազմակերպությունների կոչն է հայաստանյան լրատվամիջոցներին` հետեւողականորեն լուսաբանել ԼՂՀ-ում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունները:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ