Նոյեմբերի 30-ին գերմանական էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում՝ «Sueddeutsche Zeitung»-ում, մի ծավալուն հոդված է տպագրվել, որի վերնագիրն է՝ «Թուլացրած փողկապով եւ առաջ պարզած ձեռքով»։ Հեղինակը՝ Քրիստիանե Շլետցերը, անդրադարձել է հիմնականում Բուզանդի փողոցի իրադարձություններին եւ մարդու իրավունքների ոտնահարմանը, ինչպես նաեւ` համապատասխան չինովնիկների անօրինական քայլերին։ Հոդվածագիրը մատնացույց է անում դատական համակարգի անկատարությունը եւ նշում, որ սահմանադրական փոփոխություններն ինչ-որ կերպ նպատակ ունեն բարելավել այս համակարգի վիճակը։ Սակայն Սահմանադրության՝ 93 տոկոս «այո»-ների մասին հոդվածում խոսվում է մեծ կասկածանքով։ Շլետցերը նշում է, որ նախագահ Քոչարյանի համար ամենակարեւորը ոչ թե իր լիազորությունների կրճատումն էր, այլ երկքաղաքացիության ընդունումը։ Եվ այստեղ մեջբերել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքերը. «Քաղաքացիության հարցը սովորաբար կապված է ընտրության իրավունքի հետ»։ Սակայն այդ դեպքում հայկական սփյուռքը ապագայում կարող է մասնակցություն ունենալ կառավարության ձեւավորմանը։ Արդարադատության նախարար Հարությունյանը հուսով է, որ կարող է խանգարել այդ գործընթացին օրենքի միջոցով, համաձայն որի` «…ընտրելու իրավունք կունենա այն անձը, որը 6 ամիս ապրել է Հայաստանում»։
Քարոզարշավի ժամանակ, երբ մեր պետական այրերը հանդիպումներ էին ունենում տարբեր հիմնարկներում եւ բուհերում, նրանց ուղղվող հարցերի մեծ մասը վերաբերում էր հենց երկքաղաքացիությանն ու ընտրելու իրավունքին։ Շատերն իրավացիորեն դժգոհում էին, որ արտասահմանում ապրող հայն իրավունք է ունենալու իրենց հետ հավասար որոշել երկրի ապագան։ Այս հարցին մեր իշխանավորներն անգիր արած պատասխաններ էին տալիս, եւ հավատացնում, որ ամեն ինչ հեշտ ու հանգիստ չի լինելու եւ կլինեն որոշ պայմաններ։ Մասնավորապես, դաշնակցական Արմեն Ռուստամյանը խոսում էր 5 տարի բնակվելու մասին, իսկ մյուսները խոսում կամ ակնարկում էին զինվորական ծառայության մասին։ Իսկ փոփոխություններն անցկացնելուց հետո արդեն գործ ունենք 6 ամսվա հետ։ Սպասենք հերթական անակնկալներին։