Հունիսի 14-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը դադարեցրել էր իր աշխատանքը: Գ. Ծառուկյանի խոսնակը հայտարարել էր, թե պատճառը տեխնիկական է, եւ որեւէ քաղաքական ենթատեքստ չպետք է փնտրել դրանում: Նաեւ վստահեցրել էր, թե գործարանն իր աշխատանքները դադարեցրել է ընդամենը 3 օրով:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` շուրջ 1000 աշխատող ունեցող գործարանը դադարեցրել էր իր աշխատանքն ավելի վաղ` մայիսի 26-ից (մասնակի՞, թե՞ ամբողջովին` հայտնի չէ), սակայն այդ տեղեկատվությունը գաղտնի է պահվել: Մեր հարցին` լուծվե՞լ են արդյոք գործարանի տեխնիկական խնդիրները, եւ արդյո՞ք գործարանն այսօր աշխատում է, Գ. Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է, որ գործարանն իր աշխատանքը վերսկսել է հունիսի 19-ից եւ աշխատում է ողջ թափով: Այն տեղեկատվությունը, որ գործարանի ղեկավար կազմում տեղի են ունենալու փոփոխություններ` խոսնակը հերքել է` ասելով, թե «դա ուղղակի թյուր տեղեկատվություն է»: