Դեռեւս անցած տարվա մարտին Սիրիայում ծավալված հակակառավարական ցույցերն արդեն վերածվել են քաղաքացիական բախումների: Զոհերի թիվն աճում է ամեն օր, նրանց թվում` նաեւ սիրիահայեր: Սիրիայում ունեինք կազմակերպված, մոտ 60.000-անոց հայկական համայնք: Այս թիվն արդեն անցյալ ժամանակում է. Սիրիայում բնակվող հայերը հեռանում են երկրից: Ունենալով լիբանանահայերի, իրաքահայերի նախադեպերը` ակնկալվում էր, որ Հայաստանի ղեկավարությունը կկռահեր, որ սիրիահայերի հոսք կլինի նաեւ դեպի հայրենիք: Սակայն սիրիահայերի ցանկությունը` ապաստանել Հայաստանում, իշխանությունների համար նույնքան անակնկալ ու անսպասելի էր, որքան ամեն տարի` առաջին ձյունը:
Արաբագետ Գրիգոր Վարդանյանը գտնում է, որ Սիրիայում հայկական համայնքի անվտանգությունը երաշխավորված չէ. սիրիահայերը հեռանում են Սիրիայից: Ընդ որում` գալիս են ոչ թե Հայաստան, այլ հեռանում են երրորդ երկիր:
– Գրիգո՛ր, Սիրիայում հակակառավարական ցույցերը սիրիական իշխանությունները փորձեցին խաղաղեցնել դեռեւս անցած տարի. ընդունվեց նոր սահմանադրություն, ուր ամրագրվեց բազմակուսակցական համակարգը, արտոնություններ տրվեցին ազգային փոքրամասնություններին, եւ այլն: Սակայն իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից` փաստացի վերածվելով քաղաքացիական պատերազմի:
– Ցավալի է այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում. Սիրիան այն երկիրն է, որը Ցեղասպանությունից հետո ընդունեց մեծ թվով հայերի, եւ ուր հայերը բնակություն հաստատեցին, ինչպես իրենց տանը: Մենք պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը եւ կանգնենք սիրիացիների կողքին:
– Պաշտոնական Երեւանը որեւէ ձեւով չարձագանքեց Սիրիայի իրադարձություններին: Սա ցածր ինքնագնահատական ունեցող երկրի՞ «արձագանք» է, թե՞ մտածված քաղաքական որոշում:
– Սփյուռքի նախարարի մակարդակով, բայց արձագանք եղել է: Թեեւ խնդիրը ոչ այնքան արձագանքելն է, որքան ծրագիր ունենալն ու այդ ծրագիրը կատարելը: Եթե բանը հասնի սիրիահայերի զանգվածային ներգաղթին, պետք է կոնկրետ պետական ծրագիր` նրանց ընդունելու, բնակեցնելու, սոցիալական մինիմում խնդիրները հոգալու:
– Պաշտոնական տվյալներով` 1554 սիրիահայ դիմում է ներկայացրել Ոստիկանության Վիզաների վարչություն` Հայաստանում բնակություն հաստատելու խնդրանքով:
– Սիրիահայերը Հայաստանն ընկալում են որպես հայրենիք, սակայն իրականությունն այն է, որ նրանք Հայաստանն այսօր դիտում են որպես տրանզիտ երկիր` դեպի Արեւմուտք, Եվրոպա: Այսօր Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները նպաստում են ոչ թե հայրենադարձությանը, այլ տեղի է ունենում ներհամայնքային, ներսփյուռքյան միգրացիոն շարժում. հայերը մի համայնքից գնում են մյուս համայնք: Ամերիկահայ կամ եվրոպահայ համայնքներն ընդունում են սիրիահայերին: Հայրենիքն այսօր, ցավոք, ի զորու չէ ընդունել սիրիահայերին:
– Եթե խնդիրը ծագեր անակնկալ, գուցե հասկանալի կլիներ մեր երկրի անպատրաստվածությունը: Արդեն մեկուկես տարի է` Սիրիայում անկարգություններ են, եւ ակնհայտ էր` տեղի հատկապես` քրիստոնյա փոքրամասնությունները արտագաղթելու են: Ի վերջո, աշխարհում այլ պրոցես է. Ռուսաստանը, տեսնում ենք, միգրացիոն այնպիսի ծրագիր է մշակել, որ հարաբերական խաղաղ Հայաստանից (եւ ոչ միայն) մարդիկ արտագաղթում են այնտեղ:
– Չեմ կարծում, թե ծրագիր չունենք: Պարզապես պետությունն այսօր դժվարություն ունի կրել սոցիալական այդ բեռը: Հայաստանից արտագաղթ կա, այսինքն` խնդիր ունեն անգամ տեղացի հայերը: Կա աշխատանքի, ի վերջո, հացի խնդիր: Նույն խնդրի առաջ կկանգնեն նաեւ սիրիահայերը: Դրան գումարենք նաեւ հոգեբանական խնդիրը` այլ մենթալիտետ, փաստաթղթային խնդիրներ: Զրոյից կյանքը կառուցելը հոգեբանական բարդ խնդիր է: Հետեւաբար, նախադեպերը ցույց են տալիս, որ Հայաստան եկող սիրիահայերի զգալի մասը, այդուհանդերձ, հեռանում է երրորդ երկիր: Իշխանությունները ցանկանում են, որ սիրիահայերը մնան: Արցախի հայաթափ եղած գյուղերը բնակեցնելու ծրագիր կա: Գյուղաբնակ սիրիահայեր կան, ովքեր, իմ տեղեկություններով, ցանկանում են բնակվել հենց ազատագրված տարածքներում: Մնում է լուծել անվտանգության եւ ենթակառուցվածքների խնդիրը:
– Նկատեցիք, որ Հայաստանը սիրիահայերի համար տրանզիտ երկիր է: Փաստաթղթային ի՞նչ խնդիրներ են լուծվում Հայաստանում նրանց համար:
– Կա «Երկքաղաքացիության մասին» օրենքը: Այստեղ ստանում են ՀՀ քաղաքացիություն:
– Սիրիայի հայ համայնքը իրադարձությունների սկզբում միանշանակ պաշտպանում էր գործող նախագահ Բաշար ալ Ասադին: Այսօր եւ՞ս նույն տրամադրություններն են:
– Ինքս չգիտեմ սիրիահայերի, ովքեր դեմ են իշխանափոխությանն այդ երկրում: Թեեւ, կարծում եմ, կգտնվեն: Այլախոհությունը նվիրվածության այլընտրանքն է: Մեծամասնությունը կարծում է, թե այսօրվա իշխանություններն իրենց անվտանգության երաշխավորն են: Ունենալով լիբանանահայության փորձը` սիրիահայերը նվիրված են ալավիական իշխանությանը: Պետք է ավելի ճկուն լինել եւ հավասարակշռել վերաբերմունքը Ասադի իշխանության եւ սուննիների միջեւ, որովհետեւ իշխանափոխության հետեւանքով հնարավոր են անսպասելի շրջադարձեր:
– Ի՞նչ կարելի է ակնկալել Սիրիայի իշխանափոխությունից: Ի վերջո, եղավ իշխանափոխություն Լիբիայում, Եգիպտոսում, սակայն այդ երկրներում քաոսը պահպանվում է:
– Կարծում եմ` Սիրիայում նույնը կկրկնվի: Իշխանափոխության դեպքում այն խաղաղությունը, ինչ ունեինք մինչեւ 2011թ. մարտը, չենք ունենա: Այնուամենայնիվ, այս 40 տարիների ընթացքում ալավիներն ապացուցել են, որ կարող են հավասարակշռել այս` ոչ միատարր երկրի բնակչության շահերը, խաղաղություն ու անվտանգություն ապահովել իրենց քաղաքացիների համար: Այսինքն` սուննիները փորձ չունեն Սիրիայում ունենալ իշխանական լուրջ լծակներ: Նրանք հիմնականում իշխում են երկրի տնտեսության կարեւորագույն ոլորտների վրա, սակայն պետության ուժային կառույցները, պետության ողնաշարը ալավիների ձեռքում է:
– «Արաբական գարնան», Սիրիայի այս իրադարձությունների հիմքում, ի վերջո, ներքին անհնազանդությո՞ւնն է, թե՞ արտաքին ազդեցությունը:
– Սոցիալ-տնտեսական իրավիճակը Սիրիայում, մինչեւ 2011թ. շատ ծանր չէր, սակայն բնակչության հետզհետե աճի տեմպերը ստիպում էին, որ սոցիալական լարվածությունը մեծանա: 1997թ. մարդահամարի տվյալներով` Սիրիայի բնակչությունը 16 միլիոն էր, 2010թ.` արդեն 23 միլիոն էր: Մոտ 30 տոկոսով աճ էր արձանագրվել: Սոցիալական բեռը ստիպեց, որ լարվածությունն ավելի մեծանա: Այդ լարվածությունը սպասում էր մի կայծի, եւ դա եկավ Հյուսիսային Աֆրիկայից` Թունիս, Լիբիա, Եգիպտոս: Սիրիացիները կարծեցին, որ փոփոխություններ են անհրաժեշտ նաեւ Սիրիային, եւ որոշեցին գնալ իշխանափոխության: Արտաքին ազդեցությունը Մերձավոր Արեւելքի վրա միշտ մեծ է եղել. դա կարեւոր տարածաշրջան է գերպետությունների համար` ռեսուրսների առումով: Սիրիայում սկսվեց հասարակական ապստամբություն, արտաքին ուժերն այդ ժամանակ նոր սկսեցին իրենց լծակներն օգտագործել` այդ ապստամբությունն ուղղորդելու: Արեւմուտքը ցանկանում է այս երկրներում ունենալ իրեն հնազանդ իշխանություններ:
– Իշխանափոխությունը Սիրիայում կարծես անխուսափելի է (այդ մասին օրերս հայտարարեց նաեւ ԱՄՆ պետքարտուղարը), թեեւ Ռուսաստանին առայժմ հաջողվում է դանդաղեցնել այդ գործընթացը:
– Ռուսաստանը Սիրիայում ունի ռազմական նավատորմ` Տարտուս քաղաքում: Դա միակ ռազմական նավատորմն է, որը գտնվում է ՌԴ-ի ջրային տարածքից դուրս: Բացի դա` Ռուսաստանը մեծ ներդրումներ ունի Սիրիայի տնտեսության, գյուղատնտեսության, հիդրոէներգետիկ ոլորտներում: Այսինքն` Ռուսաստանն ունի պատճառներ` ամուր պահելու իր դիրքերը Սիրիայում: Եվ հետո` Սիրիան համարվում է Ռուսաստանի հենարանը Մերձավոր Արեւելքում: Այստեղ կարեւոր է նաեւ Իրանի եւ Չինաստանի դերը: Չինաստանի համար Սիրիան շատ կարեւոր երկիր է դեպի Աֆրիկա եւ Եվրոպա` իր ապրանքներն արտահանելու առումով: Չինական կազմակերպությունները լուրջ ներդրումներ ունեն Սիրիայում, այսինքն` Չինաստանը Սիրիայում ունի լուրջ տնտեսական շահեր: Սիրիան Իրանի համար եւս ունի տնտեսական կարեւորություն, բայց հիմնականում Սիրիան Իրանի համար կապ է Լիբանանի եւ Հեզբոլլահի հետ: Այսինքն` եթե Իրանը կորցնում է այդ կապը, Մերձավոր Արեւելքում կորցնում է իր հիմնական դաշնակցին եւ մնում միայնակ: Կա մի խնդիր եւս. Արեւմուտքը ցանկանում է փակել չինական աճող տնտեսության ճանապարհը դեպի Աֆրիկա: Այդ խնդիրը փորձում են լուծել Սիրիայի եւ Իրանի միջոցով` փակելով Չինաստանի ճանապարհը դեպի Աֆրիկա: Լարվածությունն ակնհայտ է. հարակից պետություններն իրենց ռազմական պոտենցիալը բերում են բարձր պատրաստականության: Սաուդյան Արաբիայի թագավորն օրերս հրամանագիր է ստորագրել` բանակը բարձր պատրաստվածության բերելու: Թուրքիան իր ծանր հրետանին տեղակայել է թուրք-սիրիական սահմանին: Թեեւ սա ավելի շուտ հոգեբանական ճնշում գործադրելու միտում ունի: Սիրիայում բախվում են նաեւ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի շահերը: Իրանն աջակցում է շիա-ալավիական վարչակարգին, իսկ Սաուդյան Արաբիան ցանկանում է, որ իշխանության գան սուննիները:
– Խոսեցիք այլ երկրների հետաքրքրությունների, շահերի մասին: Իսկ Հայաստանն ունի՞ որեւէ շահ. մենք ունենք պատկառելի հայկական համայնք` որպես կարեւոր գործիք: Կարո՞ղ է Հայաստանը միջնորդական առաքելություն ստանձնել, ցույց տալ, որ աշխարհում, այդուհանդերձ, կա Հայաստան անունով պետություն, որը Սփյուռքի նախարարությունից բացի` այլ գերատեսչություններ եւս ունի:
– Հայկական համայնքը, այս դեպքում` Սիրիայի համայնքն ազդում է մեր արտաքին քաղաքականության ուղենիշերի վրա Սիրիայի նկատմամբ: Պարզապես պետք է այդ ազդեցությունը լինի հավասարակշռված: Մեր իշխանությունները պետք է համայնքի հեղինակավոր ներկայացուցիչների միջոցով ազդեցություն գործեն եւ կարողանան դուրս գալ այս իրավիճակից: Սիրիայի իրադարձությունների կապակցությամբ պասիվությունը, որն այսօր ունենք, արդյունք է Սիրիայի համայնքի ազդեցության: Կան գործիչներ, ովքեր անձնական հարաբերությունների մակարդակով, իրենց կապերով կարողանում են ուղղորդել քաղաքականությունը:
– Ժամանակին կորցրեցինք իրաքահայ համայնքը: Կարծես թե հոգեբանորեն պատրաստ ենք կորցնել նաեւ սիրիահայ համայնքը: Հասկանալի է, բոլոր սիրիահայերը չեն հեռանա Սիրիայից, սակայն համայնքը` որպես քաղաքական եւ տնտեսական լծակներ ունեցող ազգային կառույց, չի լինի:
– Խնդիրն այն է` կարո՞ղ են հայերն այնպես անել, որ Սիրիայում իշխանափոխություն տեղի չունենա, եւ սիրիահայերն անվտանգ ապրեն հետճգնաժամային Սիրիայում: Կարծում եմ` ո՛չ, չեն կարող: Փաստորեն, այսօր ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Չինաստանը չեն կարող այդ խնդրին հրատապ լուծում տալ: Հայաստանն էլ, փաստորեն, չի կարողանում բավական ազդեցություն ունենալ միջազգային հարաբերությունների վրա եւ լուծել սիրիահայերի անվտանգության խնդիրները: Այն, ինչ մենք կարող ենք` ընդունել սիրիահայերին Հայաստանում եւ նրանց համար ապահովել մինիմում պայմաններ, հնարավոր է:
– Հայաստանում սփյուռքահայերի խնդիրը դեռեւս սենտիմենտալ մակարդակում է: Անսահման ոգեւորում է մեզ, երբ սփյուռքահայ երիտասարդներն «Արի տուն» ծրագրով գալիս են Հայաստան, ճամփորդում արդեն մաշված Գառնի-Գեղարդ երթուղով եւ, արցունքն աչքերին, վերադառնում: Կարճաժամկետ նույն ջերմությամբ ընդունում ենք նաեւ սիրիահայերի, ապա նրանց ճանապարհում երրորդ երկիր:
– Պետությունն, իրո՛ք, ի վիճակի չէ ընդունել մեծ թվով ներգաղթյալների: Արտագաղթ կա, եւ այդ վակուումն այս կերպ չես կարող լրացնել: Կարծում եմ` սիրիահայերը կբախվեն սոցիալական նույն խնդիրներին, ինչ տեղացիները, ապա, որքան էլ ցավալի է, կգնան Հայաստանից: