Բուժիչ «Արքայական մոմը»
ՀՀ նախալեռնային շրջաններում ավազոտ եւ քարքարոտ ոչ բարձր բլրակների վրա, բարձր գետափին, անտառային բացատներում հանդիպում է խռնդատը։ Այս բույսը նմանեցրել են արքայական իշխանության նշան հանդիսացող գայիսոնի։ Միայնակ կանգնած խռնդատ գայիսոնատիպը իրոք ունի վերջին աստիճանի գեղարվեստական եւ հարգանք ներշնչող տեսք։ Հաստ, ձիգ, փափուկ, սպիտակավուն խիտ աղվամազով ծածկված մերձարմատային վարդակ կազմող տերեւներ, 1,5-2 մետր բարձրություն ունեցող ուղղաձիգ ցողուն, որն իր գագաթային մասում պատված է խոշոր հասկանման ծաղկաբույլով։ Տերեւների երկարությունը 20-30 սմ է, լայնությունը` 10 սմ։
Ծաղկաբույլը կազմված է մեծ թվով բողբոջներից եւ դեղին ծաղիկներից։ Յուրաքանչյուր ծաղիկ ապրում է 1-2 օր, խռնդատի հայաստանյան տեսակներից մեղուն վերցնում է ոչ միայն ծաղկափոշի, այլեւ` հյութ։ Ծաղկում է ողջ ամռան ընթացքում։ Արմատը իլիկաձեւ է, խորը գնացող, մսոտ։
Verbascum trapsiforme` խռնդատ գայիսոնատիպը խլածաղկավորների ընտանիքին պատկանող երկամյա բույս է։
ՀՀ-ում մշակվում է խռնդատ հիբրիդայինը, որն ունի բազմաթիվ ենթատեսակներ, բազմացնում են սերմերով կամ արմատային ծիլերով։
Խռնդատ հիբրիդայինը բազմամյա բույս է, լուսասեր, երաշտադիմացկուն, աճում է բոլոր տեսակի հողերի վրա, վատ է տանում ավելորդ խոնավությունը։ Օգտագործվում է այգեգործությունում, ծաղիկները, բացի դեղինից, կարող են լինել ծիրանագույն, սպիտակ, դարչնամանուշակագույն։ Մեր երկրում կան խռնդատի բազմաթիվ տեսակներ, այդ թվում` նաեւ անհետացող։
Որպես բուժիչ հումք` ծաղիկները պետք է հավաքեք ծաղկելուց անմիջապես հետո, չորացրեք (30 C), որպեսզի չբորբոսնեն։ Պահպանման ժամկետը` 1 տարի։
Վերգետնյա մասում հայտնաբերվել են` սապոնին, լորձ, եթերային յուղ, դառնանյութ, զգալի քանակությամբ շաքարներ, ասկորբինաթթու։
Ծաղիկները պարունակում են նաեւ կարոտինային նյութեր, ֆլավոններ, ներկանյութ, կումարին, բուսախեժ, գլիկոզիդներ եւ ալկալոիդներ։
Լորձանյութերն ունեն հակավիրուսային ազդեցություն։ Ծաղիկների թուրմը, եփուկը օգտակար են լարիգինտի, բրոնխիտի, ստամոքսաբորբի, կոլիտի բուժման համար։
Թուրմ. 1 ճ/գ չոր մանրացրած ծաղիկները թրմեք 200 մլ եռջրում, պահեք 1 ժամ տաք տեղում։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` յուրաքանչյուր 3 ժամը մեկ։
Անքնության դեպքում. Խմեք 2 ճ/գ` կես թ/գ մեղրի հետ։
Մազաթափություն, թեփոտում. 1 ճ/գ չոր ծաղիկներին ավելացրեք 500 մլ սառը ջուր։ Դրեք կրակին, հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք եւս 5 րոպե։ Քամեք։ Ավելացրեք գոլ ջուր, ցայեք մազերը։
Ոգեթուրմ. 1 ճ/գ թարմ ծաղիկներին ավելացրեք 100 մլ սպիրտ (70 տոկոսանոց), 2 շաբաթ թրմեք մութ տեղում։ Քամեք։ Շփեք ցավոտ տեղերը ռեւմատիզմի, ռադիկուլիտի դեպքում։
Հերպես. Խմեք 1-ական ճ/գ խռնդատի ծաղիկների 30 տոկոսանոց ոգեթուրմ` օրը 3-4 անգամ։
Չորացրած տերեւի փոշին ցանում են դժվար բուժվող վերքերին, նույն նպատակով կիրառվում է ծաղիկների 15 տոկոսանոց քսուքը։
Մրսածություն, հազ.
– 2 ճ/գ ծաղիկը 3-5 րոպե եփեք 300 մլ կաթով, 1 ժամ թրմեք տաք տեղում։ Քամեք։ Խմեք 200 մլ` քնելուց առաջ։
– 3 ճ/գ չոր մանրացրած տերեւի եւ ծաղկի խառնուրդը (1։1) 10 րոպե եփեք 400 մլ եռջրում` ջրային բաղնիքի վրա, թրմեք` մինչեւ հովանալը։ Քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 4 անգամ։
Աթերոսկլերոզ. 2 ճ/գ չոր տերեւը 4 ժամ թրմեք 250 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 5 անգամ` սնվելուց առաջ։
Միզաքարային եւ լեղաքարային հիվանդություններ. 1 ճ/գ մանրացրած չոր արմատին ավելացրեք 300 մլ սառը ջուր, դրեք կրակի վրա, հասցրեք եռման ջերմաստիճանի, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Օստեոպորոզ. Խառնեք 1-ական թ/գ չոր մանրացրած ջղախոտի տերեւը, թոքախոտ բժշկականի խոտը, խռնդատի ծաղիկը, հոռոմ-սամիթի պտուղը։ Հումքը թրմեք 200 մլ եռջրի մեջ` մինչեւ հովանալը։ Խմեք 200-ական մլ, օրը 3-4 անգամ, շարունակեք 4 շաբաթ, ընդմիջեք մի քանի օր։
Շնչուղիները մաքրող. Խառնեք հազի խոտի տերեւը, խռնդատի ծաղիկը, անիսոնի պտուղը, տուղտի եւ քաղցրարմատի արմատները (2։1։1։4։1,5)։ Հումքի 1 ճ/գ-ն թրմեք 300 մլ եռջրի մեջ` մինչեւ գոլանալը։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2-3 անգամ։