Երեկ առավոտյան ԱԺ-ի առջեւ մեկնարկեց ֆեյսբուքյան «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խմբի նախաձեռնած բողոքի ակցիան, որի հիմնական պահանջն էր ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին` որպես մեղադրյալ, ներգրավել հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, եւ նրան ենթարկել քրեական պատասխանատվության:
Հիշեցնենք, որ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետ, մայոր, 33-ամյա Վահե Ավետյանը մահացել է հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռ. Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում անվտանգության աշխատակիցների կողմից դաժանաբար ծեծի ենթարկվելու հետեւանքով: Հիշեցնենք նաեւ, որ նույն միջադեպի ժամանակ դաժան ծեծի էին ենթարկվել նաեւ ռազմական հոսպիտալի եւս երկու բժիշկներ: Նշենք նաեւ, որ Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ, որի շրջանակներում կալանավորվել են հիշյալ ռեստորանի 6 աշխատակիցներ, որոնց մի մասը եղել են ռեստորանի անվտանգության աշխատակիցներ: Ինչեւէ, երեկ Ազգային ժողովի դարպասների մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակիցները քայլեցին դեպի Դեմիրճյան փողոց, որտեղ գտնվում է ԱԺ ծառայողական մուտքը: Իսկ դրա պատճառն այն էր, որ այդ պահին Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը պատրաստվում էր դուրս գալ ԱԺ շենքից: Բողոքի ցույցին միացել էին նաեւ ՀԱԿ խմբակցության անդամներ` Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը: Վերջինս, սակայն, կանգնեց միայն ցույցի վերջին շարքում եւ, ի տարբերություն մյուս պատգամավորների, ելույթ չունեցավ: Իսկ ՀԱԿ վերը նշված անդամները հավաքվածներին ասացին, որ ԱԺ 4 խմբակցությունները` ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը» եւ «ՀՅԴ»-ն, նախաձեռնել են հանդիպում ունենալ իրավապահ մարմինների հետ: Վերջիններս նաեւ նշեցին, որ իրենց կազմակերպած ստորագրահավաքը` արտահերթ նստաշրջան հրավիրելու համար, շարունակում է օրակարգում մնալ, եւ 44 ստորագրության դեպքում հնարավոր կլինի կազմակերպել այն: Այնուհետ ԱԺ շենքի ծառայողական մուտքի մոտից ցուցարարները շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք: Այստեղ ՀԱԿ պատգամավոր Ա. Մանուկյանը ակցիայի մասնակիցներին ասաց, որ Ռ. Հայրապետյանի` պատգամավորության մանդատից հրաժարվելը դեռեւս որեւէ բան չի նշանակում: «Ինքն էլի է եղել, որ հայտարարել է, բայց հրաժարական չի տվել: Օրենքն ասում է, որ 15 օր հետո նա պետք է կրկնի իր հայտարարությունը, եւ հաջորդ քայլն` այդ հրաժարականն ընդունվելու է սեպտեմբերի հայտարարության ժամանակ: Հորդորս բոլոր ակտիվիստներին, նախաձեռնություններին` պայքարը պետք է շարունակել»,- ասաց Ա. Մանուկյանը: Վերջինս նաեւ ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մամուլի քարտուղարը հայտնել է, որ դատախազը պատրաստ է ընդունել ՀԱԿ պատգամավորներին, ինչից, սակայն, իրենք հրաժարվել էին: «Մենք պատասխանեցինք, որ համաձայն չենք, քանի որ այն նախաձեռնությունը, որ ստորագրվել է, 4 խմբակցությունների կողմից է եղել, եւ այդ հրավերը, հանդիպումները եւ լսումները լինելու են պաշտոնական գրություններով: Մենք այսօր որեւէ հանդիպման չենք գնա»,- հայտարարեց ՀԱԿ պատգամավորը: