Ազգային ժողովում երեկ պատգամավորների հավաքվելու պատճառը թեեւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի ելույթն էր, սակայն քննարկվող հիմնական թեման Հանրապետական խմբակցության արդեն նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն էր:
Հիշեցնենք, որ նա նախօրեին մանդատը վայր դրեց, քանի որ հունիսի 17-ին իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում անվտանգության աշխատակիցներն եւ իր թիկնապահները դաժանորեն ծեծել էին զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանին, ով անցած շաբաթ հիվանդանոցում մահացավ: Հասարակական կազմակերպությունները, քաղաքական ուժերն ու շատ անհատներ այս 2 շաբաթների ընթացքում անընդհատ բողոքի ակցիաներ էին կազմակերպում, պահանջում էին պատասխանատվության ենթարկել մեղավորներին, այդ թվում եւ` Ռ.Հայրապետյանին: Միջադեպի հաջորդ օրերին թեեւ «Հարսնաքարի» 6-7 աշխատակիցներ ձերբակալվեցին, բայց երիտասարդ բժշկի մահից հետո հասարակական, գուցե նաեւ քաղաքական ճնշման արդյունքում` Ռ.Հայրապետյանը վայր դրեց պատգամավորական մանդատը: Ինչ խոսք, այս երեւույթը կարելի է աննախադեպ համարել մեր երկրի քաղաքական կյանքում, քանի որ թե այս տարի, թե նախորդող գրեթե բոլոր տարիներին Հայաստանի պաշտոնյաների ու քաղաքական գործիչների, նրանց հարազատների ու բարեկամների, թիկնապահների կողմից մարդկանց ծեծելու, ահաբեկելու, առեւանգելու, նույնիսկ սպանելու բազմաթիվ դեպքեր են եղել ու մնացել անպատիժ: Ավելին, պատասխանատուներն ու նրանց հովանավորյալները նույնիսկ բարոյական պատասխանատվություն չեն կրել: Այս առումով իշխանական ու գործարար համակարգում բավականին ազդեցիկ դիրք ունեցող Ռ.Հայրապետյանի հրաժարականն, ի վերջո, կարող է նման երեւույթները արժանվույն գնահատելու սկիզբ համարվել: Ամեն դեպքում մինչ այժմ որեւէ պաշտոնյա կամ օլիգարխ դեռ ոչ միայն քրեական պատասխանատվություն չի կրել իր կամ իր հովանավորյալների կողմից նման հանցագործություններ կատարելու համար, անգամ դա չի ընդունել եւ բարոյական պատասխանատվություն չի կրել: Նման երեւույթները իրավական ու հասարակական ոլորտներում ծածկադմփոց են արվել:
Երեկ ԱԺ երեք ընդդիմադիր` ՀԱԿ, «Դաշնակցություն», «Ժառանգություն» ու իրեն այլընտրանքային համարող «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները գրավոր դիմել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` Վ.Ավետյանի մահվան գործի քննության նկատմամբ հասարակական ու քաղաքական վերահսկողություն սահմանելու համար: «Հնարավոր անկանխատեսելի զարգացումները, հարցի հրատապությունը նկատի ունենալով, նաեւ օգտվելով ԱԺ պատգամավորների օրենքով նախատեսված լիազորություններից` առաջարկում ենք սեղմ ժամկետներում ՀՀ ԱԺ-ում կազմակերպել հանդիպում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ` գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերին պատգամավորներին պարզաբանումներ տալու եւ հարցադրումներին պատասխանելու նպատակով»,- նշված է այդ դիմումում: Թե ինչ կպատասխանի Հ.Աբրահամյանը, պարզ կլինի առաջիկայում: Ամեն դեպքում այս սպանության պատճառով բարձրացված հասարակական ու քաղաքական աննախադեպ ընդվզումը կարող է զսպաշապիկ լինել մինչեւ այժմ անպատիժ մնացած հանցագործների համար: Բայց արդյո՞ք Հ.Աբրահամյանը, ում ուղղված է քաղաքական ուժերի դիմումը, բարոյական պատասխանատվություն չի կրում նման երեւույթների համար: Չէ՞ որ նրա անվան հետ նույնպես նման միջադեպեր կան կապված: Հիշենք վերջին դեպքը` ընդամենը 2 ամիս առաջ մամուլում հրապարակում եղավ, որ Հ.Աբրահամյանի զարմուհին` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի դուստր Ալլա Աբրահամյանը, հայրենի Մխչյան գյուղում վրաերթի էր ենթարկել համագյուղացի 3 տարեկան մի երեխայի, ով մահացել էր: Մամուլի հրապարակումների համաձայն` գյուղի բնակիչները փողոցում հավաքված են եղել, երբ հանկարծ մեծ արագությամբ «Ռենջ Ռովեր» մակնիշի 70 ՏՏ 777 համարանիշով մի մեքենա է սլացել եւ երեխային հարվածել: Հ.Աբրահամյանի զարմուհին այդ պատահարի համար որեւէ պատասխանատվության չենթարկվեց, եւ այդ դեպքը շատ արագ մոռացվեց: Ավելին, որոշ տեղեկությունների համաձայն, զարմուհին այդ պատահարից հետո անարգել մեկնել է արտերկիր:
Գրեթե նույն օրերին նորից մամուլում հրապարակում եղավ, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը բենզալցակայանում դաժան ծեծի էր ենթարկել «Mercedes Sprint» մակնիշի միկրոավտոբուսի մի վարորդի: Այդ հրապարակումների համաձայն` դաժան ծեծի պատճառը եղել էր այն, որ թիկնազորի պետի` ճանապարհ տալու պահանջին վարորդը չէր արձագանքել: Արդյո՞ք ԲՀԿ-ն եւ Հ.Աբրահամյանին դիմող մյուս խմբակցությունները ԱԺ նախագահի մոտ կբարձրացնեն այս միջադեպերի հարցը: Արդյո՞ք Վ.Ավետյանի մահվան հետ կապված հասարակական-քաղաքական ընդվզումը կպահանջի դատապարտել ու պատասխանատվության ենթարկել նաեւ անպատիժ մնացած նման աղմկոտ հանցագործությունների հեղինակներին ու նրանց հովանավորներին: ԲՀԿ եւ ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները մեզ հետ զրույցում չընդունեցին, որ վերը նշված երեւույթները տեղի են ունեցել: Իսկ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարները, առանց մասնավորեցնելու, պարզապես ասացին, որ Վ.Ավետյանի մահը եւ այդ պատճառով բարձրացած դժգոհությունը պետք է նման դեպքերը կանխելու սկիզբ լինի:
ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Հ.Աբրահամյանի զարմուհու հետ կապված դեպքը մեկնաբանելիս ասաց, թե «մեր երկրում տեղի ունեցող ցանկացած բացասական երեւույթ, այդ թվում` հանցագործություն, բնականաբար, մեզ մոտ պետք է առաջացնի մտահոգություն, համապատասխան արձագանք ու վերաբերմունք»: Իսկ Գ.Ծառուկյանի թիկնազորի պետի հետ կապված ծեծի դեպքը համարեց մամուլում տպագրված ասեկոսե: «Մամուլում ասեկոսեների մակարդակով կամ ուղղորդված ու պատվիրված ձեռքի շնորհիվ հրապարակված նման ասեկոսեները ենթակա չեն մեկնաբանության: Ես ձեզ վստահեցնում եմ, որ պարոն Ծառուկյանի որեւէ աշխատակից, գործընկեր կամ առնչվող անձնավորություն չի կարող իրեն թույլ տալ որեւէ օրինազանցություն»,- պատասխանեց Տ.Ուրիխանյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում աննախադեպ համարեց Վ.Ավետյանի մահվան դեպքը. քանի որ խնդիրը վերաբերում է բանակի սպային: «Զինվորի հասկացողությունը պետք է ավելի մեծ արժեք ունենա մեր հասարակության ցանկացած շերտի համար: Զինվորը կարող է միայն զոհվել»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Հ.Աբրահամյանի կամ Գ.Ծառուկյանի հետ կապված վերը նշված դեպքերին, նա ասաց, թե նման տեղեկատվության չի տիրապետում: «Եթե դա իրողություն է, ապա հետաքննական պրոցեսի խնդիր է»,- ավելացրեց Գ.Սահակյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ վերը նշված երկու դեպքերը չցանկացավ մասնավորեցնել եւ ասաց, որ Վ.Ավետյանի հետ կատարվածի շուրջ բարձրացած ընդվզումը պետք է օրինակ դարձնել եւ նման դեպքերը վերահսկելու եւ կանխարգելելու համար օգտագործել ԱԺ հնարավորությունները: «Այդպիսի դեպքեր շատ են եղել, դրանց դեմն առնելու քաղաքական հարց պետք է դրվի: Այս դեպքը օրինակ դարձնելով` սկսել ենք մի գործընթաց, որ, ի վերջո, քաղաքական ուժերի անմիջական մասնակցությամբ ԱԺ հնարավորությունները օգտագործենք եւ կարողանանք խորհրդարանում կանխարգելման համար որոշակի գործիքներ ստեղծել: Սա սկիզբն է, սրան պետք է հետեւեն քայլեր: Մենք կլսենք պատկան մարմինների պատասխանները, եթե դրանք մեզ չբավարարեն կամ կառաջացնեն նոր հարցեր, լսումների, արտահերթ նիստերի եւ այլ պահանջ կլինի: Կարող է ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարց առաջանա ոչ միայն կոնկրետ այս, այլ անպատասխանատվության հետ կապված այլ մտահոգությունների դեպքում: Նախկին դեպքերին կանդրադառնան այնքանով, որ քաղաքական խնդիր պետք է ձեւակերպվի: Եվ եթե իշխանությունները խոչընդոտեն այդ գործընթացին, կհայտնվեն մեղավորներին պաշտպանողի դերում»,- ավելացրեց Ա.Ռուստամյանը:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ կարծում է, որ վերջին դեպքը եզակի չէ: Եվ քաղաքական ուժերը չպետք է բավարարվեն միայն այդ պատահարով եւ պետք է բարձրացնեն նման բոլոր խնդիրները: «Նաեւ ձեր օգնությամբ մենք կճշտենք բոլոր այն դեպքերը, որոնք եղել են: Կապ չունի, թե ում զարմիկն է, սանիկն է կամ թիկնապահը: Մենք ԱԺ նախագահին դիմելով` ուզում ենք ամբողջական տեղեկատվություն ունենալ, որից հետո անհրաժեշտության դեպքում կունենանք եւ լսումներ, եւ արտահերթ նիստ: Վահեի ողբերգությունը ընդամենը առիթ է: Իսկ մենք գիտենք, թե որտեղ է պատճառը: Պատճառը համակարգն է եւ անպատժելիության մթնոլորտը: Վահեն իր կյանքով մեկ անգամ եւս ցույց տվեց, թե ինչպիսի համակարգում ենք մենք ապրում: Եվ ինչքան անպաշտպան է մարդու կյանքը, որը Սահմանադրությամբ երաշխավորվում է որպես գլխավոր արժեք մեր պետության համար: Դա նաեւ առիթ է, որ անդրադառնանք պատճառին: Իսկապես, մենք պետք է կարողանանք բոլոր նման փաստերն ունենալ, եւ մեր լիազորությունների շրջանակներում այս դեպքի հետ կապված պատկան մարմիններից տեղեկատվություն ստանալ: Եվ եթե որեւէ մեկը իրեն օրենքից դուրս է դնում, իրենց օրենքից դուրս են դնում նաեւ նրանց ընտանիքների անդամները, բարեկամները, թիկնապահները, օբյեկտների աշխատողները»,- ասաց Ռ.Հակոբյանը: