Ծաղիկները բուրում են, փողերը՝ ոչ

05/07/2012

Ասում են` տարվա մեջ մի քանի օր հատկացված է ծաղկատերերին. այդ օրերին նրանք կարողանում են իրենց եկամուտը ստանալ մի քանի ժամում: Այդ օրերից է Մարտի 8-ը, Ապրիլի 7-ը, սեպտեմբերի 1-ը եւ արդեն բոլորիս հայտնի դարձած Սուրբ Վալենտինը, որն ավելի մեծ թափով է նշվում մեզանում, քան Սուրբ Սարգսի` սիրո բարեխոսի տոնը:

Սակայն վերջին տարիներին մի շարք եկեղեցական տոներ սկսել են նշվել` մասնավորապես Ծաղկազարդը, Վարդավառը եւ Խաղողի օրհնության տոնը (Խաղողօրհնեք): Հարց կարող է առաջանալ, թե այդ տոներն ի՞նչ կապ ունեն ծաղիկների հետ: Այդ տոներին հաջորդում է մեռելոցը, եւ հասարակության ստվար հատվածը գերեզմաններ է այցելում: Մեռելոցի օրերին գերեզմանների տարածքները ակամայից վերածվում են ծաղկավաճառակետերի, իսկ ծաղիկների գները կտրուկ աճում են: Մեխակը, որ սովորաբար վաճառվում է 50-70 դրամով, այդ օրերին, օրինակ, հնարավոր է գնել 150-200 դրամով: Չնայած այս դեպքում մեծ նշանակություն ունի, իհարկե, սեզոնը, քանի որ ձմեռային ամիսներին նույն մեռելոցների օրերին գերեզմաններ տանելու ծաղիկները մոտ երկու անգամ թանկ են լինում նշված գնից: Պարզ հաշվարկ կատարենք. համարենք, որ մարդը ստանում է 70.000 դրամ աշխատավարձ, եւ այդ ամիս սպասվում է առնվազն երկու մեռելոց: Ամեն անգամ գերեզման այցելելուց նա պարտավորվում է իր հետ տանել նվազագույնը 20 հատ մեխակ (300 դրամ/հատ): Ստացվում է, որ երկու անգամ գերեզման գնալիս միայն ծաղիկների համար նա ստիպված է ծախսել 12.000 դրամ: Ստացվում է, որ աշխատավարձից` գոյատեւման համար, իրեն մնում է 58.000 դրամ: Եթե երեւանյան ծաղկի գները համեմատենք Եվրոպայի գների հետ` պարզ է դառնում, որ այստեղ պարզապես խաբեություն է տեղի ունենում: Հոլանդիայում, որտեղ տեղի է ունենում ամենամեծ «Ծաղկի Տոնը», նախ շատ հետաքրքիր կերպով զարդարվում է քաղաքը, եւ ծաղիկները շատ մատչելի գներով են վաճառվում: Հայաստանում` հակառակն է, հատկապես տոնական օրերին ծաղիկների գները կտրուկ թանկանում են: Մանավանդ` հոլանդական տեսակի երկարաբոյ վարդերի գները: Հոլանդիայում բնակվող քաղաքացիներից մի քանիսից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ երկարության վարդեր են այնտեղ վաճառվում: Պարզվեց, որ Հոլանդիայում հնարավոր չէ գտնել 1 մետրանոց վաճառվող վարդեր, ինչը այստեղ գովազդում են եւ ըստ այդմ` գներ բարձրացնում: Հարց է առաջանում` որտեղի՞ց են բերվում այդ մեկ մետրանոց վարդերը: Պատասխանը գտնելու համար գնացինք երեւանյան ծաղկի սրահներ, որպեսզի հասկանանք, թե 1 մետր 20 սանտիմետրանոց վարդը որտեղից է հայտնվում շուկայում: Սրահներից մեկի աշխատակիցը պատասխանեց, որ դրանք բերվել են Հոլանդիայից, ու թարմ ծաղիկներ են: Ծաղիկները, սակայն, առավել լավ ուսումնասիրելուց հետո հասկանում ես, որ դրանք Հոլանդիայից չէին կարող թարմ վիճակում հասնել Հայաստան: Առնվազն մեկ շաբաթ է հարկավոր, որպեսզի դրանք Հոլանդիայից հասնեն Երեւան:

Արմավիրի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչները ջերմոցներում ծաղիկներ են աճեցնում եւ հենց տան շեմից` վաճառում են: Նույն այդ գյուղացի-վաճառականները ամեն առավոտ իրենց ապրանքը վաճառում են Երեւանում գործող ծաղկի մեծածախ շուկայում։ Ըստ գյուղացիների` իրենք գինը հիմնականում չեն բարձրացնում: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ այս տարի ծաղկի գինը չի իջնում, հատկապես, երբ ամռան այս շոգ եղանակին ծաղիկները սկսել են շուտ թառամել, ծաղկատերերից մեկը մեկնաբանեց, որ այս տարի բերքը քիչ է, չի հասցնում աճել` արագ քաղում են ու վաճառում: «Այս տարի անձրեւներ շատ եկան, կարկուտ եղավ, այդ ամենը ազդում է ծաղիկների վրա: Ծաղիկներին հարկավոր է նուրբ ու կայուն եղանակ, իսկ նման տատանումները ուղղակի ոչնչացնում են նրանց»,- ասաց Գեղանիստում սեփական ծաղկանոցը մշակող ծաղկավաճառ կինը, ով արդեն երկար տարիներ ծաղկի բիզնեսում է:

Ըստ Ազգային Վիճակագրական ծառայության հրապարակած Հունվար-Հունիս ամիսների Սպառողական գների ինդեքսի հաշվետվության, 2012 թվականին 2011թ. համեմատ` ծաղիկների գները անկում են ապրել` 40.1%, ի տարբերություն նախորդ տարիների, երբ հունիս ամսին, տոներին նախորդող օրերին ծաղիկների գները աճում էին շուրջ երեք անգամ:

Վերադառնանք մեխակներին եւ շարունակենք մեր գնային ուսումնասիրությունը, որն ուղղակի մեզ զարմացրեց: Գեղանիստ գյուղի ջերմոցներից բերված մեխակը Կոմիտասի պողոտայում վաճառվում է 230-250 դրամով, իսկ Երեւանի ծայրամասային խանութներում` 150 դրամով: Օրինակ` Աջափնյակում, նույն մեխակը վաճառվում է 150 դրամով: Ըստ Աջափնյակում գտնվող ծաղկի սրահներից մեկի վաճառողի` նախորդ տարի նույն ժամանակահատվածում մեխակը վաճառվում էր 50 դրամով: Աջափնյակի ծաղկի խանութներից մեկի տնօրինուհի Գոհարը նշեց, որ շուտով Վարդավառի մեռելոցն է մոտենում, եւ ծաղկատերերն արդեն իսկ թանկացրել են ծաղիկները, եւ այդ գները կպահպանվեն ավելի քան 15 օր: «Միշտ էլ էսպես է: Տոներից առաջ թանկանում է, հետո սկսում է գինն աստիճանաբար իջնել: Չեմ կարող ասել` ինչքան կպահպանվի այս գինը, քանի որ մեկ այլ տոն կա` օգոստոսի կեսերին` Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնը, որին անմիջապես հաջորդում է մեռելոցը: Դե, Սեպտեմբերի 1-ի մասին էլ չեմ խոսում, քանի որ բոլորը արդեն սովորել են այդ օրերին ծաղկի թանկ գներին»,- ասաց մեր զրուցակիցը:

Ելենա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ