Աշխույժ կայունություն

05/07/2012 Արա ԳԱԼՈՅԱՆ

Կառավարությունն ավանդույթը փոխեց: Հինգշաբթի օրվա փոխարեն` հերթական նիստը չորեքշաբթի անցկացրեց: Բայց դա որեւէ ազդեցություն չունեցավ ու ոչնչի վրա չազդեց: Համարյա չազդեց: Չհաշված այն փաստը, որ վարչապետն ու արդարադատության նախարարն իրար չհասկացան: Էլեկտրոնային մամուլը շտապեց հայտարարել, որ նրանք մի փոքր վիճել են: Պատճառը նոտարական գրասենյակների գործունեությունն է: Վարչապետը զայրացած հայտարարել էր, որ «մենք չենք կարող հանգիստ նայել, թե ինչպես են նոտարները գները բարձրացնում»: Հավանաբար, մեր վարչապետը կամ նրա մտերիմ մեկը նոտարական գրասենյակների հետ գործ էր ունեցել: Անցած տարվա իմ փորձից գիտեմ, որ դա ամենաանտրամաբանական բյուրոկրատական կառույցն է: Կառույց, որ աշխատում է խորհրդային ժամանակների «բարի» ավանդույթներով:

1994թ. սկսած Հայաստանը միջազգային ֆինանսական կառույցներից մի քանի հարյուր մլն ԱՄՆ դոլար վարկ է վերցրել կառուցվածքային բարեփոխումների անվան տակ: Բայց, եթե դուք որեւէ նոտարական գրասենյակի հետ գործ ունեք, միեւնույն է, նոտարը ձեզ «կտշի» պետական բոլոր հիմնարկներով` իրեն անհրաժեշտ փաստաթղթերը հատ-հատ հավաքելու ու իրեն ներկայացնելու: Ավելին, եթե նոտարի պահանջով գնացել եք, ասենք, պետական կադաստր կամ պետական արխիվ, այնտեղ ձեզ կասեն, որ նոտարի պահանջած փաստաթղթի կրկնօրինակը ձեզ տալու համար դուք նույն նոտարից պիտի տեղեկանք ներկայացնեք: Եվ դուք նորից կանցնեք մեր բյուրոկրատական ապարատի նախանշած ճանապարհով` կորցնելով ժամանակ ու դրամ: Եթե, իհարկե, հենց սկզբից չեք համաձայնի կաշառք տալու ավանդական մեթոդին: Ուստի վարչապետի զայրույթը որքան արդարացի, նույնքան էլ ուշացած է: Նա ՀՀ առաջին քաղաքացին չէ, ով «հանգիստ չի նայում» նոտարների գործունեությանը: Բայց նույն այդ ՀՀ քաղաքացիները նույնչափ հանգիստ չեն կարողանում նայել կառավարության գործունեությանը: Այ, տեսեք, երեկվա իր նիստի մասին կառավարությունը հետեւյալ տեղեկատվությունն է հրապարակել. «ՀՀ կառավարության որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որը վերաբերում է «Ասկ» գրուպ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը մինչեւ երեք տարով հետաձգելուն»: Հաջորդ նախադասություններից էլ պարզ չի դառնում, թե ինչ նոր խմբագրման մասին է խոսքը: Ու ընդհանրապես, երբ որեւէ կազմակերպության հարկային արտոնություն է տրվում, իսկապես իմաստ ունի պարզ բացատրել նպատակը: Ու, որ ավելի կարեւոր է, պարբերաբար հաշվետվություն տալ, թե ինչ արդյունք տվեց այս կամ այն ընկերությանը արտոնություն տալու որոշումը: Որովհետեւ դա կառավարության գործունեության գնահատման իրական չափանիշներից մեկն է: Այս արտոնություն ստացած ընկերությունը, պարզվում է, արտադրություն է կազմակերպելու: Բայց մի շտապեք ուրախանալ, որ մեր կառավարությունը վերջապես որոշել է խրախուսել տեղական արտադրողին: Այս անգամ էլ արտոնությունը նպատակային չէ: Խոսքը գնում է ամրանների արտադրության ձուլարան ու արտադրամաս կառուցելու մասին: Ճանաչեցի՞ք հարազատ կառավարության գործելաոճը: Նույնիսկ չորեքշաբթի օրը նիստ անելը ոչինչ չփոխեց: Նախ. նորից պահանջարկի խրախուսման փոխարեն խրախուսվում է առաջարկը: Արդեն չորս-հինգ տարի է` անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների վիճակագրությունն անկում է արձագրում: Իսկ Ազգային վիճվարչությունը` շինարարության անկում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ մի քանի տարի տնտեսական ճգնաժամը վերլուծելիս մանրամասն թվարկում է այն աղետները, որ մեր տնտեսության գլխին բերեց նույն այդ շինարարությունը: Երբեմնի երկնիշ աճ ապրող ինքնահռչակ «կովկասյան վագր» կոչվածն իրականում շինարարության անիմաստ աճն էր: Աճ, որ ինքնանպատակ էր ու հիմնված չէր պահանջարկի վրա: Այդ վիճակը քննադատելիս` վարչապետն ասում էր, որ «տնտեսությունը դիվերսիֆիկացնել է պետք»: Ասելն` ասում էր, բայց դիվերսիֆիկացնելու ծրագիր կարծես չմշակվեց: Չմշակվեց ու չիրականացվեց: Տարիներ շարունակ միայն (կամ հիմնականում) շինարարությունը վարկավորվեց մի կողմից` ավելացնելով երկրի արտաքին պարտքը, մյուս կողմից` արթնացրեց կոմունիստական հարաշենները (դոլգոստրոյները), որոնք իրենց կիսակառույց տեսքով այլանդակեցին մայրաքաղաքը: Հիմա հաճախ ենք մեր սոցիալ-տնտեսական իրավիճակը համեմատում վրացականի հետ: Բառացիորեն մեկ օր առաջ Վրաստանի ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ իր երկրի կառավարությունը հաջորդ տարի պատրաստվում է բոլոր ընտանիքներին 1000 լարի արժեքով վաուչերներ բաժանել: Յուրաքանչյուր ընտանիքի տրվող 600 ԱՄՆ դոլարին գերազանցող գումար հատկացնելը մի նպատակ ունի` աշխուժացնել տնտեսությունը: Աշխուժացնել` սպառումը խթանելու ճանապարհով: Իսկ մերոնք երբեք այդպիսի բան չարեցին ու կարծես չեն էլ պլանավորում: Երեւի իսկապես «մերն ուրիշ է»: