«Մեր ժողովրդի ցուցամոլությունը մեզ տապալում է»,- ասում է ջազմեն Վահագն Հայրապետյանը

05/07/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Սովորաբար Ձեզ գլխարկով ենք տեսնում: Այսօր առանց գլխարկի եք: Ինչո՞ւ:

– Ինձ մոտ գլխարկի հանդեպ ազատ մոտեցում կա, եւ այնպես չէ, որ միշտ գլխարկով եմ լինում: Մարդիկ կան, չէ՞, ովքեր նույն գլխարկով քնում, արթնանում են: Մեկ-մեկ պետք է գլխարկն ազատ թողնել, գլուխն էլ պետք է ազատ թողնել:

– Կաշկանդո՞ւմ է գլխարկը:

– Ոչ, պարզապես երբեմն պետք է ուրիշ էներգետիկա էլ գա, որովհետեւ ինչքան քիչ մազ է լինում մարդու գլխին, այնքան կապը վերեւների հետ շատ է լինում: Իսկապես, այդպես է: Եվ պատահական չէ, որ Տիբեթի դեմքերը նախընտրում են ճաղատանալ: Վատ էներգետիկան միշտ կուտակվում է մազերի մեջ:

– Մեր երկրում, կարծես, նեգատիվ էներգետիկ դաշտ կա: Վերջին տարիներին էլ ավելի շատ ենք տեսնում ագրեսիայի դրսեւորումներ: Ըստ Ձեզ` ինչի՞ հետեւանք է ագրեսիան:

– Դա կարող է պայմանավորված լինել մի քանի տարբեր հանգամանքներով: Առաջին հերթին դա կարող է լինել անդաստիարակության, լկտիության հետեւանք, երբ մարդիկ ինչ-որ բան անում են միայն ուժով: Իսկ մարդը կենդանուց տարբերվում է բանականությամբ, խելքով, լեզվով: Կյանքում չեմ հասկացել, թե ինչո՞ւ են խփում, ծեծում, ինչո՞ւ են դիմում ձեռքերի ուժին: Մինչ դրան անցնելը, մինչ կոպտելը` կան մի շարք հարթություններ: Իսկ ֆիզիկական ուժին դիմելու պատճառը նշյալ հատկությունները` բանականություն, ինտելեկտ չունենալն է: Ինչպես ռուսներն են ասում` «ուժը կա, խելք պետք չէ»: Ագրեսիայի հետեւանք կարող է լինել նաեւ անպատժելիությունը, երբ երկրում կատարվող դեպքերի մեղավորներն անպատժելի են մնում: Մյուս կողմից` այդ ամենը գալիս է մարդու բարդույթներից: Բարդույթավորված մարդն է միայն իրեն ագրեսիվ դրսեւորում, իսկ այդ բարդույթավորվածությունը բխում է այն հանգամանքից, որ ինքը չի գտնվում իր տեղում, ընդ որում` ինքն էլ գիտի իր մասին: Ինչպես, օրինակ, տաքսու վարորդի հաճախակի արվող արտահայտություններից մեկն այն է, որ ինքը տաքսիստ չէ: Դրանով նա, կարծես, փորձում է իրեն պաշտպանել: Այսինքն` մարդն իրեն դնում է լրիվ ուրիշ մարդու տեղ: Թեեւ մի օր իրականությունը երեւում է հայելու մեջ, եւ տվյալ մարդն իրեն տեսնում է` հասկանալով, որ այն մարդը, ում տեղն իրեն դրել էր, ինքը չէ:

– Այսինքն` պատրանքային իրականությո՞ւն ենք ստեղծում:

– Այո՛, սուտ պատրանքներ ենք ստեղծում, քանի որ իրականությունն այլ է: Մենք շատ ենք սիրում ապրել ուրիշի համար` հագնվում ենք ուրիշի համար, հեռախոսով այնպես ենք խոսում, որ կողքի սեղանին անպայման լսվի, հեռախոս ենք գնում, որպեսզի ուրիշը տեսնի դա:

– Փոխվե՞լ ենք, թե՞ այդպիսին եղել ենք:

– Ինչ-որ առումով` այդպիսին էինք: Մեր ժողովրդի ցուցամոլությունը մեզ տապալում է եւ միշտ տապալել է: Վերջերս Մոսկվայում քանի՞ հայ ծեծեցին, սպանեցին, բայց համոզված եմ, որ այսօր Մոսկվայի մետրոներում զգալի թվով հայեր` «դոշներին» գրած «Հայաստան» կամ Հայաստանի դրոշներով, քայլում են, իսկ այդ սքինհեդներին էլ նման բան է անհրաժեշտ: Եթե հիմա Հայաստանում մի պարսիկ կամ ռուս իր երկրի դրոշով քայլեր, կսպանեին նրան: Պատկերացնո՞ւմ եք իրավիճակը:

– Ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ ագրեսիան նաեւ անպատժելիության հետեւանք է: Իշխանությունների բացթողումը չէ՞ նշյալ մթնոլորտի ձեւավորումը:

– Դա բոլորիս բացթողումն է: Տեսեք` Դուք միանգամից շեշտում եք իշխանությունների անունը, բայց դա, համոզված եղեք, բոլորիս բացթողումն է:

– Օրինա՞կ, ո՞րն է Ձեր բացթողումը:

– Այն, որ իմ իրավունքներին տեր չեմ կանգնել: Բայց պարտադիր չէ, որ ես իրավունքներս պաշտպանեմ ագրեսիվ ձեւով: Տեր լինել` չի նշանակում` ագրեսիվ լինել: Դրա համար քաղաքակիրթ ձեւեր կան: Բարեբախտաբար, տղամարդկությունը չի որոշվում ծեծուջարդով, գոռգոռալով, հայհոյախոսությամբ:

– Ասելիքի պակա՞ս ունենք:

– Ոչ միայն ասելիքի, այլեւ բառապաշարի պակաս ունենք: Այն մարդը, որը շատ է հայհոյում, նշանակում է` քիչ բառապաշար ունի: Անգամ նվագելուց է այդպես. երբ սկսում ես արագ-արագ, այսպես ասած` վըռվըռացնել, նշանակում է` ասելիքդ քիչ է: Ներվ կա ամեն ինչի մեջ: Ես էլ ունեմ այդ ներվը, եւ ասածս չի նշանակում, թե ես կամ մյուսը կատարյալ է: Ի վերջո, ոչ մեկս էլ կատարյալ չենք: Բոլորս ունենք մեր սխալները, բայց ինչ-որ տեղ կարելի է բալանսի գալ: Ժամանակին «հարեւանություն» ասվածը սուրբ հասկացություն էր, եւ կեսգիշերին միայն հայ հարեւանի դուռը կարող էիր ծեծել, հաց ուզել, եւ ինքն էլ այդ հացը տար: Իսկ հիմա ամեն ինչ փոխվել է: Այդ նույն հարեւանը կարող է իր աղբը բերել, դնել քո դռան առջեւ կամ ծամոնն ու սիգարետը նետել շենքի մուտքի առջեւ: Նման հազար ու մի մանր բաներ կան, որոնք գումարելով ստացվում է այն, ինչ այսօր ունենք:

– Ինչո՞ւ հասանք այդ կետին: Չէ՞ որ այսօր ուզում ենք ավելի շատ ժողովրդավար, ազատական լինել:

– Ոչինչ չունենալով հանդերձ` ամեն ինչ փլուզեցինք:

– Ի՞նչ նկատի ունեք:

– Սովետական կարգերը, բարքերը: Այն ժամանակ, բացի սովետական կարգերից` կային նաեւ սովետական բարքեր: Օրինակ, այդ տարիներին բազմիցս նկատողություն եմ ստացել, որ ինչ-որ մի քաղաքում գլխարկով մտել եմ ինչ-որ տեղ: Արգելված էր գլխարկով հասարակական հաստատություններ մտնելը: Հիմա, իհարկե, վիրավորանք չի համարվում, երբ գլխարկով, ասենք, մտնում ես սրճարան: Այն ժամանակ կային «չի կարելի»-ներ. չէր կարելի հեռուստաեթերում ծխել, հայհոյել, իսկ հիմա հեռուստաեթերի լեզուն փոխվել է, խոսելաձեւ չկա: Ձեր նշած ամենաթողության հետեւանքներից մեկն էլ հեռուստասերիալներն են: Դրանք չեն արտացոլում մեր իրականությունը: Միգուցե այնպիսի քաղաքականությո՞ւն կա, եւ փորձում են սերիալները դարձնել մեր իրականությունը: Մարդկանց, այսպես ասած` ախմախ տեսակ էլ կա, որ ասում է` չեք ուզում նայել, մի՛ նայեք: Բայց դա կարելի է տեսնել բոլոր հեռուստաալիքներով: Իսկ այդ պարագայում` ի՞նչ անի հեռուստադիտողը: Միգուցե ճի՞շտ է` այդ սերիալների փոխարեն ցուցադրեն էրոտիկ ֆիլմեր. ավելի լավ է իրար սիրեն, քան սպանեն: Սերիալների պատճառով է, որ այսօր ընտանիքներում տղամարդը կնոջն ասում է` «աղջի՛, արի ստեղ հըլը»: Մինչդեռ ժամանակին հեռուստատեսությամբ կամ թերթով ասվածն այնքա՜ն ճշմարտացի էր ընդունվում: Սահուն անցում պետք է լինի: Այն լեզուն, որ հնչում է հեռուստաեթերում, խոսակցական լեզու չէ: Դա փողոցային խուժան լեզու է: Դա բարբառ չէ: «Հորս արեւ, մորս արեւ» արտահայտությունը խոսակցական լեզու չէ: Դա այն մարդկանց լեզուն է, ովքեր անընդհատ քրտնած, յուղոտ վիճակում են, եւ ամառ-ձմեռ փայլուն սեւ բաներ են հագնում: Դրանք այն մարդիկ են, որոնց ատամների արանքում մնացել են կանաչին ու մայոնեզը, եւ ոչ մեկը չի ասում նրանց այդ մասին: Եվ այդ մարդկանց խոսելաձեւը մտնում է հեռուստաեթեր: Ես ուղղակի զարմանում եմ մեկ այլ բանի վրա: Մի օր տարիքով ռեժիսորներից մեկն ասաց, թե ինքն ավելի շուտ ճանաչվեց մեկ անգամ սերիալում գողի դեր խաղալով, քան տարիներ շարունակ ֆիլմեր նկարելով: Այդ պահին ուզում էի նրան ասել` «ամոթ քեզ, որ այդպես ես մտածում: Դու դա անում ես, որ քեզ լավ ճանաչե՞ն, թե՞ ուզում ես լավ գործ անել»:

– Այսօր ի՞նչ խնդիր ենք դրել մեր առջեւ: Ո՞ւր ենք գնում:

– Տարերային վիճակի մեջ ենք: Մենք գլորվում ենք: Մենք ոչ մի խնդիր չենք դնում մեր առջեւ: Ընդ որում` գլորվում ենք իներցիայով, «ոնց կլինի` կլինի», «կպնի, թե չկպնի» մտածողությամբ: Դա է պատճառը, որ ամեն ինչի վրա աչք ենք փակում: Վահե Ավետյանի սպանության դեպքը, սակայն, բացեց մեր աչքերը: Չարենցն էր ասել, չէ՞` ազգի փրկությունը միասնական ուժի մեջ է: Եվ իսկապես, մեր ուժը մեր միասնության մեջ է: Դա նշանակում է` որքան երկար ժամանակ էր այդ ուժը պակասում մեզ, կամ` այն երբվանից պետք է լիներ, որ չկար: Մենք միայն միանում ենք այն ժամանակ, երբ մեծ ողբերգություն է կատարվում մեզանում: Քաղաքացիական հասարակությունը պետք է արթնանա, որովհետեւ սա արդեն վերջն է: Ամեն ինչի վերջն ինչ-որ բանի սկիզբն է:

– Բայց մյուս կողմից` ցանկացած ողբերգությունից օգտվում են քաղաքական գործիչները:

– Գիտեք, թեեւ լրագրող եք, բայց ուզում եմ ասել, որ այսօր շատ լրագրողներ օգտվում են այդ դեպքից: Նրանք չեն օգնում, օգտվում են:

– Ինչպե՞ս:

– Իրավիճակը սրում են, մեկը մյուսի դեմ են հրահրում: Մի անգամ մի լրագրող աղջկա ասացի այդ մասին, եւ նա, կարծես, ինձնից նեղացավ: Իմ նպատակը նրան վիրավորելը չէր: Ես այդ լրագրողուհու անունը չեմ հիշում, եւ, այս դեպքում կարեւորն անուն հիշելը չէ: Ես նրան ասացի, որ ավելի լավ է մարդկանց հաշտեցնեն, փող ստանան, քան կռվացնեն: Այսինքն` ինչ-որ ծրագիր են պատրաստում, երկու հոգու կանչում են, եւ ուզում են «սուր» նյութ ստանալ: Ի՞նչ սուր նյութի մասին է խոսքը, եթե այսօր մարդիկ իրար «ուտում» են, սպանության, ինքնասպանության դեպքերն են շատանում: Ցավոք, Վահե Ավետյանի դեպքն էլ կրկին բերեցին քաղաքական դաշտ: Բայց ինչո՞ւ: Երբ առաջին անգամ լսեցի այդ դեպքի մասին, մտածեցի, որ նման բան կարող է լինել մեզնից ցանկացածի հետ, եւ երիտասարդները, ովքեր դուրս են եկել բողոքի ցույցերի, ճիշտ են վարվում, որովհետեւ նրանք էլ միանգամից դա զգացին: Դա այնպիսի դեպք էր, որի հետեւանքով ամբողջ ժողովուրդը շոկի մեջ է հայտնվել: Հիմա այս դեպքն արձագանք ստացավ, իսկ քանի՞ դեպքեր կան, որոնք արձագանք չեն ստացել, որովհետեւ տուժողները եղել են հասարակ քաղաքացիներ: Քանի՞ մարդ է ագրեսիայի զոհ դարձել: Կամ, ա՛յ մատուցող, դու ի՞նչ իրավունք ունես հաճախորդի հետ «քյալլա» տալու: Այդ մարդը եկել է քո օբյեկտում փող ծախսելու, դու ո՞նց ես նրան ծեծում: Ամեն մարդ պետք է լինի իր տեղում:

– Ո՞վ է ազգի հերոսն այսօր: Ի՞նչ իդեալներով են ապրում այսօրվա մարդիկ:

– Լավ հարց է: Այսօրվա մեր ազգի հերոսները սերիալների հերոսներն են, որոնք իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում: Այսօր, երբ երեխային հարցնում ես, թե ի՞նչ է ուզում դառնալ, ասում է` այսինչ սերիալի այսինչ մարդը: Ես սերիալ չեմ սիրում նայել, եւ ծիծաղելի է` անհասկանալի «ռեմոնտ» արած տների, կահույքների վրա այդքան գումար ծախսելը: Դրա փոխարեն պետք է ֆիլմ նկարել եւ աշխարհին ցույց տալ: Պատճառաբանում են, թե դերասանների աշխատանքն են ապահովում, բայց ո՞ւր է սերիալում դերասան:

– Լավ, իսկ ի՞նչ անենք:

– Կարեւորը դա չէ: Մենք անընդհատ մտածում ենք` ի՞նչ անել, բայց, կարծում եմ` պետք է մտածենք` ի՞նչ չանենք: Այս դեպքում կարեւորն «ի՞նչ չանենքն» է: Հանդուրժողականություն է պետք: Սկսենք իրար բարեւելուց: Անցյալ օրը ծաղիկ էի գնում: Վաճառողին բարեւեցի, նա զարմացած նայեց ինձ: Նորից կրկնեցի, հետո ասաց. «Տղա ջան, էնքան չեն բարեւել մեզ, որ մենք մոռացել ենք, թե դա ի՞նչ է նշանակում»:

– Վահագն, Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, թե երաժշտությունը զրույց եւ համագործակցություն է բեմի վրա: Առօրյա կյանքում էլ, կարծես, մեզ պակասում է դա:

– Մեզ անհրաժեշտ է զրույց եւ համագործակցություն: Մենք իրար շատ ենք ինչ-որ բաներ ապացուցում, բայց ոչ մեկին ոչ մի բան պետք չէ ապացուցել: Դարեր ի վեր ամեն ինչ ապացուցված է: Ի՞նչ պետք է ապացուցես` որ քո մեքենան ավելի թանկ է, քան ի՞մը, կամ որ` մարդն իր կյանքի ամբողջ ուժն ու կարողությունը ներդնում է, որ ավտոմեքենայի համարները լինեն, ասենք, 77 777, իսկ մյուսը, որ քիչ ավելի կարողություն ունի` համարները դնում է 77 778: Պատկերացնո՞ւմ եք` այդպես ապրենք: Եթե այդպես է, ուրեմն` մենք մանկապարտեզից դեռ դուրս չենք եկել: Դա «փամփերս» հագնող երեխայի միտք է:

– Ո՞րն է Ձեր կյանքի կոնցեպտը:

– Այդ կոնցեպտը սերն ու հարգանքն է, բայց առաջնայինը հարգանքն է: Ենթադրենք` ես սուրճ չեմ սիրում, բայց ես չեմ ասում, թե սուրճը վատն է: Տվյալ դեպքում խոսքը մարդկային հարաբերություններին է վերաբերում, երբ կարող ես չսիրել, բայց հարգել: Ամեն մեկի մեջ կա քո մի մասը, եւ քո մեջ էլ կա ամեն մեկի մասը: Դա է, որ մենք պետք է ընդունենք: Էդքան բան: