Ծնվել է 1962թ. հուլիսի 1-ին, Շուշի քաղաքում: 1979թ. ընդունվել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարան: 1983թ. ուղարկվել է ծառայելու Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի զորախմբում: 1988թ. նշանակվել է Ստեփանակերտում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին: 1990թ. սեպտեմբերին նշանակվել է մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնում: 1992թ. ապրիլին, մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է ԼՂՀ Պաշտպանության բանակում: Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին: 1992թ. սեպտեմբերին ծանր վիրավորվել է Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մատույցներում: 1999թ. օգոստոսին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար: 2007թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է 2008թ. ապրիլի 14-ին: 1999թ. սեպտեմբերին շնորհվել է «Արցախի հերոս» կոչում` «Ոսկե արծիվ» շքանշանի հանձնումով: Պարգեւատրվել է ԼՂՀ եւ ՀՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով: Ամուսնացած է, ունի երեք որդի եւ մեկ դուստր: 2012թ. հուլիսի 1-ին Սեյրան Օհանյանը դարձավ 50 տարեկան:
– Մարդիկ տարբեր կերպ են որոշում զինվորական դառնալ: Ոմանց ոգեւորում են հայրենասիրական ֆիլմերն ու գրքերը, այլք զինվորական են դառնում` շարունակելով նախնիների գործը: Դուք ինչպե՞ս որոշեցիք զինվորական դառնալ:
– Փոքրուց սեր եւ մեծ հարգանք եմ ունեցել ոչ միայն զինվորականների, այլեւ բոլոր համազգեստ կրող մարդկանց հանդեպ: Ես մեծացել եմ բավականին ավանդական եւ կարգապահ ընտանիքում, որտեղ ազնիվ, կարգապահ, լավ սովորող լինելը շատ կարեւոր էր: Դպրոցի ավարտական դասարաններում արդեն հետաքրքրվում էի զինվորական կյանքով, յուրաքանչյուր կիրակի պարտադիր դիտում էի «հսցՋց հՏՉպՑրՍՏՎց հՏ՚ջց» հեռուստահաղորդումը:
– Երբ սկսվեց Արցախյան պատերազմը` Դուք որոշեցիք, որ պետք է թողնեք ԽՍՀՄ զինված ուժերը ու մտնեք ազատագրական պայքարի մեջ: Այդ որոշումը միանշանա՞կ էր, թե՞ ժամանակ պահանջվեց այն ընդունելու համար:
– Դեռեւս Բաքվում սովորելու տարիներին ես բավականին հաջողություններ ունեի: Հետո ծառայում էի Արեւելյան Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերում: Ի դեպ, այնտեղ տիրող կարգ ու կանոնը տարբերվում էր ԽՍՀՄ-ում իմ տեսած բոլոր զորամասերից: Կարճ ժամանակում հասա գումարտակի հրամանատարի պաշտոնին: Օրինակելի սպա եմ եղել, երբեմն լսում էի, որ այլ սպաներին ասում էին. «Օհանյանից օրինակ վերցրեք»: 1988-ից արդեն ծառայում էի Ստեփանակերտի զորամասում: Բնականաբար, Ադրբեջանի սադրանքների հետեւանքով օր օրի սրվող իրավիճակը չէր կարող ինձ անտարբեր թողնել, եւ կարող եք գուշակել, թե ինչպիսին էին իմ գործողությունները: Իսկ երբ մեր զորամասը դուրս էր բերվում Ստեփանակերտից, արդեն հստակ էր, որ ես մնում եմ` հայրենիքս պաշտպանելու համար:
– Իսկ Ձեր ծառայակիցները, նաեւ այլ ազգի, ինչպե՞ս արձագանքեցին Ձեր որոշմանը:
– Գումարտակում, իհարկե, տեսնում էին, թե ինչ է կատարվում, թե ինչպիսի ճնշում կա ժողովրդի վրա, իսկ մենք խառնվել չէինք կարող: Երբեմն կիսվում էին ինձ հետ. սպաներ կային, որ անգամ առաջարկում էին գումարտակի ողջ զենքն ու տեխնիկան փոխանցել հայերին, որպեսզի կարողանան պաշտպանվել ադրբեջանական ՕՄՕՆ-ից:
– Եկավ այն պահը, երբ պետք է զենք պահեիք կենդանի թիրախի վրա: Ի՞նչ էիք զգում:
– Նախ, չմոռանանք, որ զինվորականի կյանքը, տեսական գիտելիքներ ստանալուց բացի, բաղկացած է նաեւ տարբեր զորավարժություններից, զորախաղերից ու պարապմունքներից: Դրանց միջոցով զինվորականը սովորում է այն, ինչ պետք է անի մարտի դաշտում: Այդ փորձը ինձ հնարավորություն տվեց կողմնորոշվել եւ ճիշտ որոշումներ կայացնել պատերազմական վիճակում: Պատերազմի ժամանակ պետք է արագ որոշումներ կայացնել ու դրանք կյանքի կոչել: Չմոռանանք, որ այն մեզ պարտադրվել էր եւ սրբազան պատերազմ էր` հանուն հայրենիքի: Թիրախը ինչպե՞ս չխոցվեր, երբ թշնամին մեր հողն էր մտել, հայի օջախն էր պղծում, դատարկվում էին շեն գյուղերը, գերեվարում էին խաղաղ բնակիչներինգ Բնական է, մարտի ժամանակ մարդիկ են զոհվում, տներ են քանդվում ու այրվում, բնակավայրեր են ամայանում, սակայն ես այդ ամենն ընկալում էի` որպես իմ առջեւ դրված խնդիրների լուծման անխուսափելի հետեւանքներ:
– Որո՞նք էին պատերազմի ամենասարսափելի պահերը Ձեզ համար:
– Զինվորականի համար «սարսափելի պահեր» ձեւակերպումը խիստ տարբերվում է քաղաքացիական ընկալումներից: Եթե նման պահերը կարեւորեինք` հաղթանակները մերը չէինք դարձնի: Վախը, սարսափը վատ «խորհրդատու» են եւ պարտվողական տրամադրությունների աղբյուր: Անցանկալի իրավիճակներում հայտնվել եմ: Չեմ մոռանում, թե ինչպես էր ադրբեջանական ՕՄՕՆ-ն ամեն կերպ փորձում վիրավորել հայ տղամարդկանց արժանապատվությունը: Հսկիչ կետեր էին տեղադրում, զննություններ էին կատարում, նսեմացնում մարդկանց, երբեմն` ձերբակալում: Այդ ամենը շատ ցավալի էր ինձ համար. խորհրդային սպա լինելով, գիտեի, որ ուժ ունեմ, բայց իրավունք չունեմ այն կիրառել ու հայրենակիցներիս օգնել: Մի օր օդանավակայանում ադրբեջանական ՕՄՕՆ-ը քրքրում էր օդանավից իջնող բոլոր մարդկանց ճամպրուկները: Չդիմացա եւ ըմբոստացա: Երեխաներիս հետ էի, ճամպրուկները գցեցի սեղանի վրա ու ասացի. «Ինչ ուզում եք` արեք»: Օմոնականներն ինձ տարան իրենց ղեկավարի մոտ, այնտեղ էլ բավական սուր զրույց ունեցանք: Նրան ասացի, որ եթե փորձեն ընտանիքիս մատով դիպչել, կվերադառնամ տեխնիկայով ու օդանավակայանը գետնին կհավասարեցնեմ: Այդ սպառնալիքս ազդեցություն ունեցավ, ու ինձ ազատ արձակեցին: Եթե խոսենք բուն պատերազմի տարիների մասին, ապա ցավով էի տանում մարտական ընկերներիս կորուստը: Ցավ ապրեցի, երբ իմացա բյուրեղավանցի Սամվել Վարդանյանի մահվան լուրը: Երկրորդը` Մոնթեի մահվան օրն էր: Դրանից հետո, ասես, համակերպվեցի ամեն ինչի հետ, կարեւորը մնաց իմ առջեւ դրված մարտական խնդրի կատարումը: Արդեն հունից դուրս չէի գալիս, սառնասրտորեն էի վերաբերվում ամեն ինչին` անգամ ընկերներիս կորստին: Ազատամարտ էր, եւ հայրենիքի զոհասեղանին էր դրվել մեր ունեցած ամենաթանկը` կյանքն ու առողջությունը: Այսօր հստակ է պարտքի գիտակցումը մեր զոհված մարտական ընկերների հիշատակի առջեւ` պահպանելու արյամբ եւ զրկանքների գնով ձեռքբերվածը:
– Ասում են, որ հակառակորդին պետք է հարգել: Երբեւէ մարտի դաշտում նման հարգանք զգացե՞լ եք:
– Հակառակորդին հարգելու մասին խոսքը վերաբերում է նրան չթերագնահատելուն: Եթե թերագնահատեցիր, ապա չես կարողանա հաջողությունների հասնել: Հակառակորդը պետք է միշտ քո ուսումնասիրության կենտրոնում լինի, պետք է իմանաս նրա ուժերն ու միջոցները, նրա հնարավորություններն այս կամ այն մարտական գործողություններում: Ղարաբաղյան պատերազմում մարտական գործողությունները շատ դաժան են եղել, եւ այդ դաժանության պայմաններում միակ ցանկությունը եղել է հաջողության հասնել: Այլ հարց է, որ մենք հարգել ենք միջազգային մարդասիրական նորմերը` գերիների հետ վերաբերվելու, մշակութային արժեքները պահպանելու առումով: Հիշում եմ, երբ Ֆիզուլիում մի աֆղանցի վարձկան էինք գերի վերցրել, մեր զինվորներից մեկը մոտեցավ նրան ու փորձեց հարվածել, ես էլ նրան սաստեցի ու արգելեցի այդ կերպ վարվել:
– Դուք եղել եք ԼՂՀ պաշտպանության նախարար, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, սակայն արդեն մի քանի տարի է` հանել եք գեներալ-գնդապետի ուսադիրներով համազգեստը եւ պաշտպանության քաղաքացիական նախարար եք: Հե՞շտ ընտելացաք այդ փոփոխությանը:
– Ամեն մարդու կյանքում փոփոխություններ լինում են: Կարծում եմ, որ իմ մեջ դեռեւս զինվորականի կեցվածքը մնացել է: Բայց, քանի որ ներկայումս քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում` իբրեւ քաղաքացիական անձ, պարտավոր եմ տարանջատել զինվորական խնդիրները քաղաքական եւ կառավարչական խնդիրներից: Կարճ ժամանակահատվածում կարողացել եմ վերափոխվել` պահպանելով սկզբունքներս:
– Փաստորեն, կարո՞ղ ենք ասել, որ այսօր Ձեր ներսում չկա բախում` զինվորականի եւ քաղաքացիական նախարարի միջեւ:
– Կարծում եմ` չկա:
– Իսկ ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ. զինվորակա՞ն, թե՞ քաղաքացիական հագուստը:
– Զինվորական համազգեստն ինձ համար շատ հոգեհարազատ է` հատկապես դաշտայինը: Հիմա էլ, երբ այցելում եմ առաջին գիծ, կրում եմ դաշտային համազգեստ: Քաղաքացիական հագուստն, իհարկե, ավելի հարմար է: Եվ, իհարկե, անհամեմատ ավելի թեթեւ է: Երբ զինվորական համազգեստին փակցված են լինում բոլոր շքանշաններն ու մեդալները, այն բավականին ծանր է դառնում:
– Դուք ունեք ՀՀ եւ ԼՂՀ բարձրագույն զինվորական պարգեւները: Լինո՞ւմ է, որ երբեմն նայեք դրանց եւ վերագնահատեք Ձեր անցած մարտական ուղին:
– Ծառայության եւ աշխատանքի ընթացքում պաշտոններ կամ պարգեւներ երբեւէ չեմ խնդրել եւ ակնկալել: Ներքուստ բոլոր մարդիկ էլ փառասեր են, բայց երբեւէ չեմ փորձել ուշադրությունը սեւեռել հաջողությունների վրա` բոլոր պարգեւները «իրենք են ինձ գտել»: Զինվորականն, ինչպես ասում են, իր ուսադիրների եւ կրծքի վրա է կրում վկայությունն անցած ուղու` պարգեւները եւ փոքր ու մեծ աստղերը: Անշուշտ, դրանք եւ՛ կենսագրության էջեր են, եւ՛ գնահատական, իսկ հետադարձ հայացք նետելիս, վերարժեւորում ես անցած ուղիդ: Իհարկե, նայելով պարգեւներին` հպարտություն եմ ապրում այն ճանապարհի համար, որն անցել եմ մարտական ընկերներիս հետ:
– Ամեն անգամ, երբ մեր բանակում խաղաղ պայմաններում զինվոր է զոհվում, թիվ մեկ պատասխանատուն Ձեզ են համարում` անկախ միջադեպի հանգամանքներից: Դժվար չէ՞ հոգեբանական առումով:
– Յուրաքանչյուր նման դեպքում ես ապրում եմ այն ցավը, որն ապրում են զոհվածի ծնողները, ու ինձ պատասխանատու եմ զգում ճիշտ այնքան, որքան պատասխանատու է անմիջական հրամանատարը: Ես գիտակցված այդ բեռը վերցնում եմ ինձ վրա:
– Երբ հանդիպում եք զոհված զինվորների ծնողների հետ, ի՞նչ եք նրանց ասում:
– Ճշմարտությանը հարկ է բաց աչքերով նայել: Երբ հանդիպում ենք ծնողների հետ, ես առաջինն եմ սկսում խոսակցությունը, փորձում սփոփանքի խոսքեր գտնել: Ծնողներին ասում եմ, որ պատրաստ եմ ամեն տեսակ «թուքումուր ուտել», քանի որ գիտեմ, որ ինչ պատիժ եւ պատասխանատվություն ես կրեմ, մեկ է` այն չնչին է ծնողների վշտի համեմատ:
– Պարոն նախարար, Դուք շատ եք աշխատում, իսկ արձակուրդ գրեթե չեք գնում: Ինչպե՞ս եք վերականգնում Ձեր ուժերը:
– Վերջին չորս տարիների ընթացքում մեկ անգամ եմ արձակուրդ վերցրել: Դա նախորդ տարի էր, եւ արձակուրդն օգտագործեցի ֆիզիկական վիճակս կարգավորելու համար: Տանից դուրս գալու երեք ռեժիմ ունեմ` առավոտյան 07:45-ին, 08:00-ին կամ էլ 08:15-ին: Բուն աշխատանքային օրս սկսվում է ժամը 09:00-ին եւ ավարտվում է ուշ երեկոյան: Երբ հանդիպումների եւ խորհրդակցությունների միջեւ «պատուհան» է առաջանում, փորձում եմ այցելել Պաշտպանության նախարարության մարզասրահ ու մի փոքր մարզվել: Եթե շատ հոգնած չեմ լինում, երեկոյան ժամերին զբոսնում եմ կնոջս ու երեխաներիս հետ: Երբեմն մշակութային վայրեր ենք այցելում, գյուղ ենք գնում` ծնողներիս տեսակցելու: Ընտանիքիս անդամները իմ «լիցքավորման միջոցներն են»: Փոքր երեխաներս իմ «լիցքավորիչներն» են` երեկոյան նրանց հետ որոշ ժամանակ անցկացնելուց հետո առավոտյան ինձ շատ առույգ եմ զգում: Երբեմն ընթերցանությամբ եմ զբաղվում, հեռուստացույց եմ դիտում: Կինս` Ռուզաննան, շատ գեղեցիկ եւ խելացի կին է, մասնագիտությամբ բժիշկ է: Հաճախ տանը միասին ենք ինչ-որ բան քննարկում, վերլուծում, ու շատ հաճախ նրա կարծիքը եւ տեսակետները օգտակար են լինում ինձ համար:
– Ի՞նչ «հարաբերություններ» ունեք բջջային հեռախոսների, համակարգիչների հետ: Գիտեմ, որ գրելու հետ սեր ունեք, զինվորական ձեռնարկներ եք գրում` ձեռքո՞վ եք գրում, թե՞ համակարգչով:
– Նախկինում բջջային հեռախոս ունեի, բայց հիմա չունեմ: Զանգերը շատ էին, եւ իմ զբաղվածության պայմաններում անհնար էր բոլորին պատասխանել: Հիմա բոլոր զանգերը գալիս են ընդունարան, դրանց մասին ինձ զեկուցում են, եւ որոշում եմ` ե՞րբ խոսեմ: Համակարգչով աշխատում եմ, սակայն գրելուց նախապատվությունը տալիս եմ ավանդական ձեւին` թուղթ ու գրչին: Գրում եմ ուղերձներ Զինված ուժերի անձնակազմին: Երբ անձամբ ես ներկայացնում այն խնդիրները, որոնց լուծումը կարեւոր ես համարում, դա շատ ավելի մեծ ազդեցություն է թողնում ենթակաների վրա: Կարող եմ այսպիսի համեմատություն անել. երբ հրամանատարը ռադիոկապով ինքն է հրամաններ արձակում ու զինվորները լսում են նրա ձայնը, շատ ավելի լավ են տրամադրվում, քան` եթե հրամանը ստանում են կապավորի միջոցով:
– Հուլիսի 1-ին լրացավ Ձեր 50-ամյակը: Դա խորհրդանշական տարիք է տղամարդու համար, ով փորձում է «միջանկյալ գնահատական» տալ իր կյանքին: Դուք գո՞հ եք Ձեր կյանքից:
– Ապրում եւ աշխատում եմ եռանդով, փորձում եմ պարտականություններս կատարել ստեղծագործաբար: Ժամանակ առ ժամանակ ավելի բարձր նշաձող եմ սահմանում ինքս ինձ համար, որպեսզի խուսափեմ հնարավոր լճացումից: Կինս կատակով ասում է, որ «ինքս իմ հետեւից եմ ընկնում»: Բայց ես այդպիսի մարդ եմ: 1977 թվականից մինչ օրս արթնանում եմ առավոտյան 05:30-06:00-ին, ու եթե կիրակի օրը մեկ ժամ ավելի եմ քնում, ապա արթնանում եմ անհանգիստ, կարծես թե ինչ-որ մեղք եմ գործել կամ շատ կարեւոր բան եմ բաց թողել: Մեզանից յուրաքանչյուրն ինքն է իր կյանքի «նախագծողն ու ճարտարապետը»: Գոհ եմ իմ ընտրած կենսակերպից, իմ իսկ նախապատվություններով պայմանավորված գործունեությունից: Կյանքից վերցրել եւ վերցնում եմ համամարդկայինը, ազգայինը, շաղախում իմ անհատականի հետ եւ ինձ ու հանրությանը ներկայանում որպես երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար, որտեղ բարեփոխումներ են ընթանում, որի` չավարտված պատերազմի պայմաններում գործող զինված ուժերում հստակ ընդգծված է զարգացման ուղին, որպես հարգված մանկավարժ ծնողների երախտապարտ զավակ, որպես սիրված ամուսին, հայր, ընկեր եւ քաղաքացի, ով իր նպատակների իրականացման ճանապարհին է եւ պատիվ ունի ծառայելու Հայաստանի Հանրապետությանը:
Արա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
mediamax.am