«Գրքերի «կորուստների» հեղինակները հանգիստ նստել են իրենց տեղերում»

05/07/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վերջերս Հայաստանի ազգային գրադարանից գրքերի գողության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել 7 անձանց: Նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. հուլիսից մինչեւ 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին, համաձայնության գալով «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի շենքի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Ե. Ղամբարյանի հետ` 1800-1900-ական թթ. հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող, ռուսերեն լեզվով 150 գրքեր է գողացել` 7 մլն 500.000 դրամ արժողությամբ: Մինչ Ազգային գրադարանի նշյալ պատմության մասին տեղեկանալը, պատահաբար հանդիպեցի երգահան, Ազգային գրադարանի երաժշտական գրականության բաժնի աշխատակից, Ազգային գրադարանի օրհներգի հեղինակ Սվետլանա (գրական կեղծանունը` Լուսինե) Գրիգորյանին, ում փոխանցմամբ` ինքն առաջին հայ հեղինակն էր, ում ստեղծագործությունը 2006թ. հնչեց BBC ռադիոկայանում: Երգահանը 19 տարի աշխատելով Հայաստանի ազգային գրադարանում` անհեթեթ, իսկ, ավելի ճիշտ` տնօրինության կողմից թելադրված «խաղի» կանոններին չենթարկվելու պատճառով 2009թ. աշխատանքից ազատվել է:

– Լուսինե, ո՞րն էր Ձեզ աշխատանքից ազատելու պատճառը:

– 1990-2009թթ. աշխատել եմ Հայաստանի ազգային գրադարանի երաժշտական գրականության բաժնում` որպես գրադարանավարուհի: 2009թ. մարտին հիշյալ բաժնի 7 աշխատակիցներից 5-ն ազատվեցին աշխատանքից: Մինչ օրս չէի պատկերացնում, թե ինչը կարող էր պատճառ լինել, բայց երբ իմացա գրադարանի գրքերի վերջին կորուստների պատմությունը, իրավիճակն ավելի պարզ դարձավ: Այն ժամանակ մենք կատարում էինք ֆոնդերի հաշվառում, որի արդյունքում հայտնաբերեցինք գրքերի բավական կորուստներ: Իմ կողմից կազմվեցին այդ գրքերի ցուցակները, ապա աշխատանքն ավարտելուց հետո արձագրություններ են կազմվել, որոնց տակ բոլորս պետք է ստորագրեինք: Մենք հրաժարվեցինք ստորագրել, քանի որ այդ արձանագրությունները ներկայացնում էին կեղծ թվեր: Այնուհետ` կարճ ժամանակ անց կազմվեց հանձնաժողով, եւ գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանն ինձ խնդրեց, որպեսզի իմ երաժշտական մեծ շրջապատում օգնեմ գրքերի կորուստները վերականգնելու համար: Հնարավոր էր վերականգնել միայն վերջին շրջանում հրատարակված գրքերը, բայց` ոչ հնատիպ գրքերը:

– Ունե՞ք գրքերի կորուստների վերոգրյալ ցուցակը:

– Այո՛, բայց այս պահին չեմ կարող հիշել գրքերի հեղինակներին: Կարող եմ ասել, որ այդ ցանկում եղել են եզակի գրքեր, որոնք հնարավոր չէր վերականգնել:

– Դուք նշեցիք, որ արձանագրությունները չստորագրելուց հետո հանձնաժողով էր կազմվել: Ի՞նչ նպատակով էր այն ձեւավորվել:

– Այդ հանձնաժողովը կազմել էր երաժշտական գրականության բաժնի նախկին վարիչը` Մարինա Սիմյոնովնան, ում եւս այդ ընթացքում հեռացրեցին աշխատանքից: Որքան տեղյակ եմ, նա եւս չէր ստորագրել այդ արձանագրությունները: Գրքերի կորուստների տոկոսն ավելի մեծ էր, եւ քանի որ չէր թույլատրվում գիրք դուրս հանել գրադարանից, հետեւաբար` գրքերը պետք է չկորեին: Այսինքն` գրքերի դուրս չսպասարկող ֆոնդերից ինչո՞ւ պետք է գրքերի այդքան կորուստ լիներ: Գրադարանի տնօրինությունն արդարանում էր, թե 70 տարվա ընթացքում գրքերի հաշվառում չէր եղել այդ բաժնում, բայց նման բան չկա, քանի որ ընթացքում ստուգումներ եղել են, եւ գրքերի կորուստներն անհասկանալի պատճառներով եղել են նաեւ այդ ժամանակ:

– Ինչո՞ւ էին ձեզնից պահանջում կեղծ պատկեր ներկայացնել:

– Կա գրքերի կորուստների որոշակի քանակ, որը ենթադրում է, որ հնարավոր է գիրքը մաշվի, կամ, այսպես ասած` «շարքից» դուրս գա: Մեր ներկայացրած ցուցակով գրքերի կորուստներն ավելի շատ էին, եւ նրանք չէին կարող այդ թվերը ներկայացնել Մշակույթի նախարարություն: Նրանք չէին ցանկանում ներկայացնել իրական պատկերը: Իսկ այդ գրքերը պետական գույք էին, որոնք կորել էին գրադարանի 4 պատերի ներսում: Ընդ որում` այդ գրքերն իրավունք չունեին հանել գրադարանից: Իհարկե, այս կորուստներից հետո դռան վրա կողպեք, զանգ դրեցին, բայց դա այլեւս ինչո՞ւ էր պետք: Մեկ օրվա ընթացքում գրադարանի նախկին տնօրենն ասաց, որ երաժշտական գրականության բաժնի աշխատակիցներն աշխատանքից ազատման ինքնակամ դիմում գրեն, ապա ավելացրեց, որ դիմումները գրելուց հետո ինքը «կտեսնի, թե ո՞վ է մնալու բաժնում»: Բաժնի 7 աշխատակիցներից 5-ն ազատվեցին աշխատանքից, իսկ մյուս երկուսը, որոնք ստորագրել էին նշյալ արձանագրությունները, շարունակեցին աշխատել: Մինչ օրս մտածում էի, թե 19 տարվա ընթացքում ի՞նչ սխալ եմ արել, որ ինձ հետ նման ձեւով վարվեցին: Ես սիրել եմ գրադարանը: Ընդ որում` հետաքրքիր է, որ Դ. Սարգսյանն ինքն էր խնդրել մեզ գրքերի կորուստների իրական պատկերը կազմել: Իմ ընկերներից 1800-ական թթ. հրատարակությամբ գրքեր եմ նվեր ստացել, որոնք նվիրեցի գրադարանին` կորուստները վերականգնելու համար, բացի դրանից, 6 ամսից ավելի աշխատել եմ Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի գրադարանում, որտեղից գրքերի պատճենահանումներ էի անում` Ազգային գրադարանի կորուստները վերականգնելու համար: Այդ մասին տեղյակ էին նաեւ Ազգային գրադարանի աշխատակիցները:

– Ձեզ համար սպասելի՞ էր տնօրինության նման որոշումը:

– Ո՛չ, բացարձակ չէի սպասում: Իմ զայրացած ու նեղված խոսելու պատճառն այն է, որ շատերի համար անհայտ եղավ, թե ինչո՞ւ բաժնի աշխատակիցների հետ նման ձեւով վարվեցին, եւ շատ մեղադրանքներ հնչեցին հենց իմ հասցեին: Մինչ օրս սխալ են մեկնաբանում այս ամենը, ինչը շատերին առիթ տվեց ինձ հետ վարվել այնպես, ինչպես պետք չէր: Ամեն դեպքում ինքս շատ նվիրված եմ եղել եւ՛ իմ աշխատանքին, եւ՛ ընդհանրապես մեր մշակույթին` ներկայացնելով կոմիտասյան ժառանգությունը: Մինչ ինձ աշխատանքից ազատելը, նույնիսկ խոսակցություններ կային, թե իբր բաժինը կլուծարեն, բայց ինձ չեն ազատի աշխատանքից, քանի որ ես գրել եմ գրադարանի օրհներգը: Եվ ի՞նչ ստացվեց. ամեն ինչ մոռացության են տվել, այսինքն` կարելի է մոռանալ եւ՛ մարդուն, եւ՛ գործը:

– Այսինքն` Դուք հեռացվել եք աշխատանքից, քանի որ չհետեւեցի՞ք պարտադրված խաղի կանոններին:

– Այո՛, բայց ես անգամ չէի հասկանում, որ դա խաղ է: Խնդիրն այն է, որ ես չէի պատկերացնում այդ ամենը. հայրենասիրության, մշակույթի մասին այնպիսի խոսքեր էին ասում, որոնց, ցավոք, խաբվեցի: Ես չեմ խաղացել:

– Այսօր Ազգային գրադարանում կա՞ն, այսպես ասած` «կասկածյալ» աշխատակիցներ, որոնց միջոցով կատարվում է գրքերի «անհետացումը»:

– Իհարկե, կան, եւ հիմա այդ մարդիկ հանգիստ նստել են իրենց տեղերում:

– Գրադարանի վերադաս օղակներո՞ւմ են:

– Այո՛, վերադաս օղակներում են, ովքեր միշտ էլ մաքուր են դուրս եկել այդ ամենից:

– Այսինքն` գրքերի կորուստների հեղինակները հենց այդ մարդի՞կ են:

– Միշտ հեշտ է մեղքը մեկի վրա բարդել:

– Նկատի ունեք գրադարանի նախկին տնօրենի՞ն:

– Հնարավոր չէր, որ նա մենակ գործեր: Կան եւս մի քանի հոգի: Ես տեղյակ եմ, որ կա մեկը, ով չի հայտնվել «սեւ» ցուցակում:

– Անուններ կնշե՞ք:

– Ո՛չ: Կարծում եմ` դա բոլորն էլ գիտեն, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում ինչ-որ բան անել:

– Այսինքն` նրանք հզոր լծակներ ունեն:

– Իհարկե:

– Ինքներդ դիմե՞լ եք ՀՀ մշակույթի նախարարություն: Ներկայացրե՞լ եք նշյալ պատկերը:

– Այն ժամանակ, երբ կորցրեցի աշխատանքս, եւ չէի կարողանում աշխատանք գտնել, դիմեցի Մշակույթի նախարարություն, որտեղ ներկայացրեցի նաեւ կատարվածը: Մասնագիտությամբ լինելով իրավաբան` փորձում էի պաշտպանել ոչ միայն իմ, այլեւ բաժնի այն աշխատակիցների իրավունքները, ովքեր ազատվել էին աշխատանքից: Ինչո՞ւ պետք է այդպիսի անարդար ձեւով վարվեին մի ամբողջ բաժնի աշխատակիցների հետ, ովքեր ազատվեցին աշխատանքից, եւ վստահ չեմ, որ հեշտությամբ գտան աշխատանք: Ի դեպ, նշեմ, որ բաժնի 5 աշխատակիցների աշխատանքից ազատելուց հետո արագորեն նոր կազմ ձեւավորեցին, որտեղ, սակայն, չկային մասնագետներ:

Այսինքն` դա նույնն է, որ ես, իրավաբան կամ երգահան լինելով, ջութակ վերցնեմ եւ նվագեմ: Այդ դեպքում` ի՞նչ տարբերություն, որ Կոնսերվատորիայի ջութակահարին ընդունել են որպես գրադարանավար: Կարծում եմ` սխալ մոտեցում է:

– Այնուամենայնիվ, տեղյա՞կ եք գրադարանի մյուս բաժիններում գրքերի կորուստների վիճակի մասին:

– Որքան տեղյակ եմ, մինչ 2005թ. գրադարանի անձեռնմխելի գրականության ֆոնդում քրեական գործ էր հարուցվել: Եթե չեմ սխալվում, այն ժամանակ այդ բաժնի վարիչը Գոհար Խաչատրյանն էր, ով ազատվեց աշխատանքից, քանի որ այնտեղ էլ կային գրքի կորուստներ: Այսինքն` եթե մեկը խոսում է գրքի կորուստներից, նրան ազատում էին աշխատանքից:

– Ի՞նչ եք զգում հիմա:

– Ինչ-որ մի բան կոտրվեց իմ մեջ: Փառք Աստծո, որ Երեւանի Ավ. Իսահակյանի անվ. գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանն ինձ ձեռք մեկնեց եւ աշխատանք տվեց: Ամեն դեպքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին պատրաստվում եմ ներկայացնել Հովհաննես Թումանյանի «Հոգեհանգիստ» բանաստեղծության խոսքերի հիման վրա գրված իմ երաժշտությունը, որտեղ կա ոչ թե լաց, այլ պայքարի մեծ ուժ: Դա, թերեւս, իմ ներկա հոգեվիճակն է: