Անազատ, անկախ

05/07/2012

«Freedom House» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ամենամյա «Վատագույններից վատագույնները 2012. աշխարհի ամենառեպրեսիվ հասարակությունները» զեկույցը, որում ներկայացված են ռեժիմները, որոնք իշխանությունն իրենց ձեռքում են պահում քաղաքական ընդդիմախոսների ճնշմամբ, քաղաքացիական հասարակության դեմ պատժամիջոցներով եւ քննադատներին մեկուսացնելով: 9 երկիր եւ երկու վիճելի տարածքներ համարվել են «վատագույններից վատագույնը»: Դրանք են` Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Տիբեթը, եւ Արեւմտյան Սահարան: Աղյուսակը կազմվել է հարցումների հիման վրա, որոնց միջոցով պարզվել են հայացքներն արտահայտելու, խաղաղ հանրահավաքներ անցկացնելու ցուցանիշները: Երկրների քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները գնահատվել են 1-7 միավորանոց սանդղակով: 1-2,5 բալի դեպքում երկրները որակվել են «ազատ», 3-5 բալի դեպքում` «մասամբ ազատ», 5,5-7 բալի դեպքում` «անազատ»: Հայաստանը «մասամբ ազատ» է` քաղաքական իրավունքների` 6 եւ քաղաքացիական իրավունքների` 4 բալերով: Վրաստանը նույնպես «մասամբ ազատ» է` 4 եւ 3 բալերով: Ադրբեջանը «անազատ» է` 6 եւ 5 բալերով: «Ոչ ազատ» է համարվում Ռուսաստանը` 6 եւ 5 միավորներով: