Կառուցվում է Դիլիջանի միջազգային դպրոցը

05/07/2012

Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Հիշեցնենք, որ 2010թ. Դիլիջանում միջազգային դպրոց հիմնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել ռուսաստանցի հայտնի հայ գործարար` «Տրոյկա դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը: Դպրոցի կառուցումը մասնավոր բարեգործական ծրագիր է: Այն նախատեսված է 13-18 տարեկան 650 աշակերտների համար: Մոտ 14 հա տարածք զբաղեցնող ծրագրի իրագործման համար ներդրվելու է ավելի քան 60 մլն դոլար: Դպրոցի շինարարությունը խոշոր նախաձեռնություն է, այդ իսկ պատճառով մասնագետները կառուցապատումը բաժանել են 2 փուլի: Առաջին փուլի ընթացքում պետք է կառուցվեն գլխավոր եւ սպորտային մասնաշենքերը, մարզադաշտերը, բազմաֆունկցիոնալ կենտրոնը, հանրակացարանների երկու համալիրները, բուժկետը, ուսումնական արհեստանոցը եւ տեխնիկական մասնաշենքը, իրականացվեն ընդհանուր բարեկարգման աշխատանքները: Երկրորդ փուլով նախատեսվում է կառուցել եւս երկու համալիրներ, հանրակացարաններ աշակերտների համար, մեկ համալիր` դասախոսական անձնակազմի համար, թատրոն եւ ամֆիթատրոն: Այժմ ընթանում են դպրոցի շինարարական լայնածավալ աշխատանքները: Այդ մասին տեղեկացանք ծրագրի մարքեթինգի եւ հաղորդակցության տնօրեն Զարա Զեյթունցյանից: ՀՀ կառավարության հետ համագործակցության շրջանակներում իրականացվելու են դպրոցի տարածք բնական գազի գծի տեղափոխման աշխատանքները: Գազի 6 կՎ գծի տեղափոխման աշխատանքներն ընթացքի մեջ են: Զարա Զեյթունցյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նաեւ տեղեկացանք, որ ներկայումս մշակվում են նաեւ դպրոցի ուսումնական ծրագրերը, դպրոցի տնօրենի, դասավանդողների եւ անձնակազմի ընտրությունը դեռ ընթացքի մեջ է: