«Տաշիրն» ու «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը համատեղ մրցույթներ են հայտարարում
Գիտական լրագրության 2-րդ մրցույթը
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը եւ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը հայտարարում են գիտական լրագրության 2-րդ մրցույթը: Մրցույթը նախատեսված է գիտության հարցերը լուսաբանող այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար, ովքեր 2012թ. մայիսի 10-ից մինչեւ նոյեմբերի 30-ը (ներառյալ) տպագիր կամ համացանցային մամուլում, բլոգներում, հեռուստա- եւ ռադիոհաղորդումներով կամ այլ հարթակներում կանդրադառնան Հայաստանում գիտության ոլորտի հիմնախնդիրներին: Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու սահմանված ժամանակահատվածում առնվազն 10 նյութ հրապարակած լրագրողները, ընդ որում, նյութերը պետք է տեղադրված լինեն համացանցում: Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչեւ 2012թ. նոյեմբերի 30-ը:
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ
«Տաշիր» հիմնադրամը եւ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը (www.facebook.com/science.and.finance) Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայտարարում են Հայոց ցեղասպանության մասին գրախոսվող` ինդեքսավորվող կամ ազդեցության գործակից ունեցող միջազգային գիտական պարբերականներում անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն լեզուներով ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիների կողմից գիտական հոդվածների տպագրության համար մրցանակաբաշխություն: Խրախուսման ենթակա են այն գիտական աշխատանքները, որոնք հաշվառվում են (ինդեքսավորվում են) միջազգային շտեմարանների ցանկերում: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ սփյուռքահայ ու օտարերկրյա գիտնականները: Հայտերն ընդունվում են մինչեւ 2015թ. մարտի 31-ը ներառյալ: Հայտերը կարող են ներկայացվել հոդվածի տպագրությունից անմիջապես հետո` մինչեւ նշված վերջնաժամկետն անընդմեջ: Մրցույթների արդյունքները կամփոփվեն յուրաքանչյուր տարվա ապրիլի 20-ին: