Դրակա՞ն, թե՞ բացասական ազդակ

03/07/2012

«Ես չեմ տեսնում լուրջ բացասական ազդակներ: Հակառակը` եվրոպական կառույցների կողմից հետընտրական առաքելություն չուղարկելը դրական ազդակ է: Սա նշանակում է` իրենք քաջ գիտակցում են, որ որեւէ լուրջ փաստարկ չունեն»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը` պատասխանելով այն հարցին, թե եվրոպական կառույցներից հնչող բացասական ազդակներն արդյո՞ք ընտրությունների ժամանակ կատարված բազմաթիվ խախտումների հետեւանք են: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը բավականին խիստ գնահատականներ է պարունակում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Այդ ընտրությունների եւ զեկույցի պատճառով անցած շաբաթ Բրյուսելում տեղի չունեցավ ԵՄ դոնորների այն համաժողովը, որի արդյունքում ակնկալվում էր, որ ՀՀ-ին պետք է խոշոր գումար հատկացվեր: Ի պատասխան այս դիտարկմանը` Դ. Հարությունյանն ասել է. «Չեմ կարծում, որ ընտրությունները կարող են դեր ունենալ այդ հարցում»: Մինչդեռ ԵՄ-ի պաշտոնյա Փիթեր Սթանոն հայտարարել էր, որ այդ աջակցությունը կապված է ԱԺ ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու հետ: