Համախմբված ընդդիմությունը կհաղթանակի՞

07/12/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Սակայն ընդդիմության «մարտավարության» մեջ այդպես էլ ոչինչ չի փոխվում, ու նա ամեն անգամ փորձում է արդեն մի քանի անգամ անհաջողության մատնված մեթոդով Հայաստանում հեղափոխություն իրականացնել: Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե այդ ընդդիմադիրները ոչ մի մարտավարություն էլ չունեն: Հանրահավաքներ են հրավիրում, ինչ-որ բաներ ասում, հետո գնում տուն: Հետաքրքիրն այն է, որ այդ հանրահավաքների ընթացքում հնչող ելույթներում բազմաթիվ հակասություններ են լինում, ինչը վկայում է այն մասին, որ մեր ընդդիմադիրները միմյանց հետ կարգին չեն էլ խորհրդակցում. մեկը չգիտի, թե մյուսն ինչի մասին է խոսելու: Իրենք անընդհատ հիշում ու հանրահավաքի մասնակիցներին էլ «դուխ» տալու համար հիշեցնում են վրացական ու ուկրաինական հեղափոխությունները: Սակայն թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում նախքան հեղափոխությունները ժողովուրդն արդեն հստակ պատկերացում ուներ, թե ընդդիմադիրներն ինչ արժեքային համակարգի կրող են, ինչը դժվար է ասել Հայաստանի դեպքում: Եվ այսօր հայաստանյան ընդդիմության հրավիրած հանրահավաքներն էլ սակավամարդ են հենց այդ պատճառով: Այդ սակավաթիվ մարդկանց մի զգալի մասն էլ գալիս է հանրահավաքի ոչ թե` որ շատ է ուզում, որ իշխանության գա Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ. Սարգսյանը կամ մյուսները, այլ որովհետեւ ուզում է, որ իշխանությունից հեռանա Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ մյուսները: Տեսնելով, որ միշտ չէ, որ համախմբված ժողովուրդը հաղթանակում է, ինչպես դա եղավ 2003-ին, մեր ընդդիմադիրներն իրենք են որոշել համախմբվել ու շատ են սիրում կրկնել, թե ընդդիմությունն այսօր միասնական է, քան երբեւէ: Սակայն դատելով համախմբված ընդդիմության անկազմակերպվածությունից, գաղափարական խայտաբղետությունից կամ ավելի ճիշտ՝ անհասկանալի արժեքային համակարգի կրող լինելուց՝ համախմբված ընդդիմության «գործողություններն» էլ ամենայն հավանականությամբ կարժանանան համախմբված ժողովրդի «գործողությունների» ճակատագրին: Եվ ինչպես Հայաստանի իշխանություններն են չափազանցնում մեր տնտեսական աճն ու ընտրությունների մասնակիցների քանակը, նույնկերպ էլ ընդդիմությունը չափազանցնում է Ուկրաինայում կամ Վրաստանում տեղի ունեցած հեղափոխությունների դրական արդյունքները: Սակայն հանուն ճշմարտության պետք է նշել, որ իրականում, օրինակ, Վրաստանում «Վարդերի հեղափոխությունից» հետո բազմաթիվ բացասական երեւույթներ էլ են ի հայտ եկել: Օրինակ, այն բանից հետո, երբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին լուծարեց Պետավտոտեսչությունն ու զանգվածային կադրային փոփոխություններ իրականացրեց Ոստիկանությունում, Վրաստանի մայրաքաղաքում չափազանց շատացել են գողության դեպքերն ու ընդհանրապես հանցագործությունները: Մարդիկ վախենում են քիչ թե շատ արժեքավոր իրեր ձեռքներին նույնիսկ ցերեկվա ժամերին դուրս գալ փողոց: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ զինված անձինք կանգնեցրել են առաջին պատահած ավտոբուսն ու ուղեւորներին ստիպել իրենց տալ մոտները եղած արժեքավոր իրերը: Թբիլիսահայերի վկայությամբ՝ խելագարի (այսպես են նրանք անվանում Մ. Սահակաշվիլիին) նախագահության շրջանում ամեն տեսակի գողությունների շեշտակի աճ է եղել: Մի խոսքով, այժմ Թբիլիսիում մոտավորապես նույն վիճակն է, ինչ տիրում էր Երեւանում՝ 1990-ականների սկզբներին: Եվ եթե Երեւանում ապրող հայերի մի զգալի մասը երազում է վրացիների նման հեղափոխություն իրականացնել, Վրաստանի մայրաքաղաքի հայ բնակիչների մեծ մասն էլ երազում է Հայաստանում բնակվել: Ի դեպ, թբիլիսահայերն անհանգստացած են վերջին շրջանում ինչ-ինչ ուժերի կողմից Ջավախքի ինքնավարության հարցի հաճախակի բարձրացումից: Նրանք մտավախություն ունեն, որ Ջավախքում իրավիճակի սրումը կարող է էլ ավելի վատացնել իրենց կացությունը: Վրաստանում բնակվող հայերից մի քանիսի վկայությամբ՝ Վրաստանում աննկարագրելի չափերի է հասել ազգային խտրականությունը, որը նրանք իրենց վրա զգում են ամեն քայլափոխի: