Կարեւորը Վենետիկի հանձնաժողովն է

03/07/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– ԱԺ ընտրություններին վերաբերող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում նշվել են ընտրացուցակում ուռճացված թվերի, մահացած անձանց անունների, նույն հասցեում մեծաքանակ ընտրողների առկայության եւ այլ խնդիրների հետ կապված մտահոգություններ: Չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, քվեարկած անձանց ցուցակների հրապարակումը կարեւոր է թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար:

– Ոչ, չեմ կարծում: Կարծում եմ, որ մենք պետք Է հավատարիմ մնանք Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին (Դ.Հարությունյանի ներկայացմամբ, Վենետիկի հանձնաժողովն անընդունելի է համարել այդ ցուցակների հրապարակումը.- Ա.Ա.): Ինչ վերաբերում է ընտրացուցակների որակին, ապա ցուցակը բացահայտ էր, ցանկացած անձ կարող էր ներբեռնել: Ընտրացուցակի հետ կապված ցանկացած հարց կարող էին բարձրացնել, եւ դրանք իրենց պատասխանները կստանան: Առ այս պահը, բացի մերկապարանոց մեղադրանքներից, որեւէ փաստարկ չի հնչել: Կարծում եմ, որ, եթե, իսկապես, խոսքը վերաբերում է հազարների, եթե չասենք` հարյուրների, գոնե մեկ օրինակ կարելի էր բերել: Որեւէ մեկ փաստացի օրինակ չի բերվել: Ավելին, մենք ԵԽ ԽՎ-ին եւ ԵԱՀԿ-ին առաջարկել ենք, որ գային հետընտրական առաքելության, ուսումնասիրեն նույն ցուցակները եւ ցանկացած հարցադրում բարձրացնեն: Որեւէ մեկը չի գալիս, որովհետեւ կարծում եմ, որ նրանց էլ է արդեն պարզ դարձել, որ այստեղ որեւէ լուրջ խնդիր չկա:

– Եթե որեւէ խնդիր չկա, եւ դա իրենց համար էլ պարզ է, ապա ինչո՞ւ են զեկույցում բարձրացրել այդ մտահոգությունները:

– Զուտ քաղաքական նկատառումներով, քաղաքական պայքարի նկատառումներով: Բնականաբար, եթե որեւէ մեկը ակնկալում էր ստանալ, այսպես ասենք, 90 տոկոս ձայն, բայց ստացել է շատ ցածր տոկոս, ապա պետք է գտնի հիմնավորումներ, թե ինչու է այդքան մեծ տարբերություն ստացել:

– Բողոքների ու բողոքարկման գործընթացի հետ կապված զեկույցում նշված է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, դատարաններում ու Գլխավոր դատախազությունում դրանց գերակշիռ մասը մերժվել է: Եվ մտահոգություն էին հայտնել, թե «կարծես այս կառույցները նպատակ ունեն առավել վարկաբեկել ընտրախախտումների մասին հաղորդումները, քան երաշխավորել, որ հանցագործությունները կբացահայտվեն, եւ մեղավորները կկանգնեն դատարանի առջեւ»:

– Դա մտահոգություն չէ: Ես այդ հարցադրումը բարձրացրեցի ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնի մոտ: Նա ասաց, որ դա ոչ թե մտահոգություն է, այլ ընդամենը փաստ: Եվ այստեղ սա էր այն հիմնական հարցադրումը, որ շատ հանգամանքներ գրված են ոչ թե օբյեկտիվ, անաչառ երրորդ կողմի հայացքով, այլ գրված է, որ ընթերցողի վրա ստեղծի բացասական տպավորություն, ինչը հեղինակը կտրականապես մերժում էր: Ես դա որպես օրինակ` բերել եմ, ինչին ի պատասխան` հեղինակն ասում էր, թե ինքը դա ամենեւին էլ որպես բացասական չի նշել: Բայց, ինչպես տեսնում եք, դա անձամբ ձեզ վրա էլ թողել է բացասական տպավորություն:

– Բայց չէ՞ որ երեւույթը բացասական է, դրա համար էլ բացասական տպավորություն է թողնում:

– Դա բացասական լինել չի կարող: Եթե բողոքներն անհիմն են, ապա դա չի կարող համարվել բացասական:

– ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում նաեւ ընտրակաշառքի հետ կապված մտահոգություն կար: Նշել էին, որ «անսովոր երթեւեկը` որոշ նախընտրական շտաբերի ներսում եւ դրսում քվեարկության օրվա նախաշեմին, ինչպես նաեւ քվեարկության օրը ընտրակաշառքների մասին Ոստիկանություն ներկայացված հաղորդումները ցույց են տալիս, որ այդ մեղադրանքները որոշ չափով կարող են արդարացված լինել»: Նաեւ խորհուրդ են տալիս փոխել Քրեական օրենսգիրքը եւ հետապնդման չենթարկել այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառքի մասին հաղորդում կներկայացնեն իրավապահ մարմիններին:

– Ընտրակաշառքի հետ կապված մեր օրենսդրության մեջ կար մի բաց: Այնուամենայնիվ, հանրապետության նախագահը կատարեց շատ կարեւոր քայլ` հանձնարարեց Գլխավոր դատախազին հայտարարել, թե բոլոր այն անձինք, ովքեր ստանում էին ընտրակաշառք եւ այդ մասին հայտարարությամբ են հանդես գալիս, համագործակցում են քննության հետ եւ աջակցում են հանցագործության բացահայտմանը, նրանք ազատվում են քրեական պատասխանատվությունից, թեեւ մեր օրենսդրությամբ դրա համար ենթակա էին պատասխանատվության: Իմ տեղեկություններով` որեւէ նման դիմում չի եղել:

– Դուք չեք համաձայնում զեկույցի բացասական դիտարկումների հետ, սակայն անցած շաբաթ Բրյուսելում պետք է համաժողով լիներ, ու դոնոր կազմակերպությունները Հայաստանին պետք է վարկային ու, հավանաբար, դրամաշնորհային գումար տրամադրեին: Խոսվում էր մոտ 1,5 մլրդ դոլարի մասին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Բրյուսել, բայց համաժողովը տեղի չունեցավ: Եվրամիության` ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակ Փիթեր Սթանոն համաժողովի չկայացումը կապել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի հետ: Ասել էր, թե` «որքան շատ բարեփոխումներ է իրականացնում Հայաստանը, այնքան ավելի շատ կլինի Եվրամիության աջակցությունն ու օժանդակությունը»` ակնարկելով, որ ընտրությունների հետ կապված բարեփոխումները գոհացուցիչ չեն:

– Ես ձեռնպահ կմնամ գնահատականներ տալ, որովհետեւ մանրամասներին տեղյակ չեմ: Չեմ կարծում, որ ընտրությունները կարող են դեր ունենալ այդ հարցում: Հատկապես որ, այս ընտրությունները որակապես այլ ընտրություններ էին:

– Պարոն Հարությունյան, Դուք Ընտրական օրենսգրքի հիմնական հեղինակն եք, եւ թե միջազգային դիտորդների, թե ՀՀ քաղաքական ուժերի արտահայտած որոշ մտահոգություններ կապված են դրա հետ: Մինչեւ նախագահական ընտրություններն այդ օրենսգրքում հնչած մտահոգություններին համապատասխան փոփոխություններ չե՞ք նախատեսում:

– Որոշ մտքեր ես արդեն ունեմ, սակայն կարծում եմ, որ դա մանրամասն կվերլուծենք սեպտեմբեր ամսվա նստաշրջանի ընթացքում: Սահմանադրական դատարանի որոշման մեջ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջարկություններում եւ դիտորդական առաքելության զեկույցներում կան որոշ առաջարկներ, կփորձենք ինչ-որ քայլեր կատարել:

– ԵԽ ԽՎ վերջին զեկույցում նորից մտահոգություն կար, որ մինչեւ հիմա պատասխանատվության չեն ենթարկվել Մարտի 1-ի 10 սպանությունների հեղինակները: Եվ ՀՀ իշխանություններին հորդորում են քայլեր ձեռնարկել մարտիմեկյան դեպքերի պատասխանատուներին բացահայտելու ուղղությամբ: Այսինքն` միջազգային կառույցներն անընդհատ այդ հարցը բարձրացնելու են:

– Այստեղ նոր հարց չի բարձրացվել, դա ընդամենը ամփոփիչ զեկույց էր, որտեղ զետեղված են տարբեր զեկույցներից հատվածներ: Այնուամենայնիվ, այդ հարցը մեր օրակարգում է` անկախ ԵԽ ԽՎ-ից:

– «Հարսնաքար» ռեստորանում ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահի եւ այդ օբյեկտի անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան համար արդյո՞ք իշխանությունները պատասխանատվություն չեն զգում:

– Չեմ ուզում այդ հարցին պատասխանել: