Ինչի՞ շուրջ են բանակցել «Գազպրոմում»

03/07/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Վերջին երկու ամիսների ընթացքում մենք արդեն հասցրել ենք երկու անգամ անդրադառնալ Հայաստան ներմուծվող բնական գազի գնին եւ «ՀայՌուսգազարդի» շուրջ կատարվող գործընթացներին։ Առաջին անգամ՝ ընտրություններից առաջ, երկրորդ անգամ՝ ընտրություններից հետո։

Ընկերության կայքում վերջապես հրապարակվել են 2011թ. համախմբված ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները։ Այդտեղ կան բավականին «սպասված» ցուցանիշներ։ Օրինակ այն, որ «ՀայՌուսգազարդը» տարին փակել է 15.4 միլիարդ դրամ վնասով։ Սակայն ամեն ինչ` ըստ հերթականության։

Ինչպես նշել էինք մեր նախորդ հրապարակումներում, թեեւ պաշտոնապես հայտարարվում է, որ «ՀայՌուսգազարդը» Ռուսաստանից գազը գնում է 1000/խմ-ն 180 դոլարով, իրականում այդ գինը կազմում է 210-220 դոլար։ Դա այդպես էլ չհերքվեց, քանի որ պարզ թվաբանական գործողություններ կատարելով, համադրելով ՊԵԿ մաքսային կոմիտեի արտաքին առեւտրի տվյալները, հստակ երեւում է, որ բնական գազի մաքսային արժեքը բարձրացել է։ Կարծիք էինք հայտնել նաեւ, որ դրա արդյունքում «ՀայՌուսգազարդը» վնասներ է կրում։ Եվ քանի որ հաշվետվությունը դեռ չէր հրապարակվել, ենթադրել էինք, որ 2011թ. վնասը ավելի մեծ կլինի (գնի թանկացումը հաշվի առնելով)։ Ուրբաթ օրը հրապարակված փաստաթղթից երեւում է, որ հենց այդպես էլ եղել է։ 2011 ֆինանսական տարին ընկերությունը փակել է 15.4 միլիարդ դրամ վնասով, մինչդեռ նախորդ տարվա վնասը 10.8 միլիարդ էր։

Հաջորդ հարցը հետեւյալն է՝ ինչո՞ւ ընկերությունը չի բարձրացնում սակագինը, եթե դա իրեն վնաս է բերում։ Թույլ չե՞ն տալիս։ Ոլորտը, ինչպես հայտնի է, կարգավորում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ ՀԾԿՀ-ն կարող է մերժել կամ ընդունել՝ ընկերության՝ սակագինը բարձրացնելու առաջարկը։ Եվ մերժման հավանականությունը, ըստ էության, ընկերության համար ռիսկ է։ Այդ մասին նշված է նաեւ 2010թ. հաշվետվության մեջ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆինանսական գործունեության արդյունքներն էապես կախվածություն ունեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող բնական գազի սակագնային քաղաքականությունից: Տվյալ քաղաքականության փոփոխությունները, որոնք կարող են նվազեցնել բնական գազի եւ/կամ Ընկերության ծառայությունների սակագները, կարող են բացասաբար անդրադառնալ Ընկերության ֆինանսական վիճակի վրա, ինչն իր հերթին` կարող է դառնալ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պարտատոմսերի ներդրումային որակի նվազեցման պատճառ: Սակայն 2010թ. ընթացքում Ընկերությունը չի առնչվել այս ռիսկի հետ, ավելին` 2010թ. ապրիլի 1-ից բնական գազի սակագները բարձրացել են»: Սակայն ուշագրավն այն է, որ ընկերությունը չի էլ դիմել Հանձնաժողովին։

Ինչեւէ, թողնենք ռիսկերն ու անցնենք արդեն իսկ առկա փաստերին։ Նախ, գազի ներկրման ծավալները 2011-ին 2010-ի համեմատ աճել են։ Ռուսաստանից 2011 թվականի ընթացքում ներկրվել է 1609.2 մլն խմ գազ՝ 2010թ. 1440.1 մլն խմ-ի դիմաց։ Աճել է նաեւ Իրանից ներկրվող գազի ծավալը՝ հասնելով 460 մլն խմ-ի։ Հաշվետվության մեջ տեղ գտած փաստ է նաեւ այն, որ ընկերության հասույթը 2011-ին աճել է շուրջ 25 միլիարդ դրամով՝ կազմելով 150.2 միլիարդ դրամ։ Սակայն նույնպիսի փաստ է, որ վաճառքի ինքնարժեքը նույնպես աճել է եւ անգամ գերազանցել հասույթը՝ կազմելով 151.5 միլիարդ դրամ։ Եվ, վերջապես, ամենաէական փաստերը. ընկերությունը ոչ միայն աշխատում է վնասով, այլեւ այդ վնասաբերությունը գնալով մեծանում է։ Ի դեպ, ճգնաժամային տարում՝ 2009-ին, ընկերությունն ունեցել էր 3.3 միլիարդ դրամի շահույթ։

Իսկ արդեն 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ` կուտակված վնասը կազմել է 28.9 միլիարդ դրամ։ Դա, բնականաբար, չի կարող դուր գալ հիմնական բաժնետերերին։

Դեռ 1 ամիս առաջ սկսեցին խոսակցություններ պտտվել, որ «Գազպրոմի» ղեկավարությունը դժգոհ է այս ցուցանիշներից եւ ցանկանում է ընկերության վերահսկողությունն ամբողջությամբ վերցնել իր ձեռքը։ Կամ գոնե՝ կադրային ու ռազմավարական փոփոխություններ կատարել։ Այս տեղեկությունները «ՀայՌուսգազարդի» կողմից հերքվեցին։

Սակայն հունիսի 29-ին տեղի է ունեցել մի կարեւոր իրադարձություն, որի նշանակությունը Հայաստանում, մեղմ ասած, թերագնահատվեց։ Ինչպես նշված է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ` «Գազպրոմ» ԲԲԸ կենտրոնական գրասենյակում հունիսի 29-ին տեղի է ունեցել Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախագահ Արմեն Մովսիսյանի աշխատանքային հանդիպումը։ «Բանակցության կողմերը քննարկել են գազի ոլորտում երկկողմ համագործակցության հարցերը, այդ թվում` Հայաստանի գազաէներգետիկ ծրագրերում «Գազպրոմ» Ընկերության ներգրավվածության մասին համաձայնագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Բացի այդ, համաձայնություն է արտահայտվել Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի գործարկման առնչությամբ, որը կնպաստի Հայաստանում եւ հարեւան երկրներում աճող էներգիայի պահանջարկի բավարարմանը: Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնագոյացման եւ 2012-2013 թվականներին առաքման ծավալների մեծացման մասին հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ուշադիր կարդալու դեպքում` կնկատեք, որ «հանդիպում» ասվածը տեքստի հետագա մասում սահուն կերպով վեր է ածվում «բանակցությունների»։ Իսկ բանակցության եւ հանդիպման տարբերությունն այն է, որ բանակցության ժամանակ կողմերը պայմանավորվելու, փոխզիջման գալու, կամ, ավելի պարզ ասած՝ կիսելու բան ունեն։ Իսկ թե որն է այդ կիսելու բանը, ոչ շատ շուտ, բայց հայտնի կդառնա։ «ՀայՌուսգազարդի» պարագայում, ինչպես ցույց է տվել փորձը, տեղեկատվությունը սիրում են փոքր չափաբաժիններով բաց թողնել։