Հեղինակավոր «Freedom house» հետազոտական կազմակերպության 2012թ. տվյալներով` Հայաստանում կոռուպցիայի մակարդակը 5.25 գործակից է: Իրավիճակը ավելի պարզ նկարագրելու համար` այս ցուցանիշը համեմատենք հարեւան երկրների հետ:
Օրինակ, Վրաստանում գործակիցը 4.50 է, Ադրբեջանում` 6.50: Այսինքն, տարածաշրջանում մենք զբաղեցնում ենք միջին տեղ: Բայց պետք է փաստել, որ աշխարհի 182 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 129-րդ տեղը, ընդ որում` 2011թ. կոռուպցիայի ընկալման համաթիվը կազմել է աշխարհի մասշտաբով 2.6, որը նշանակում է, որ 0-10 գործակցով չափվող սանդղակում մեր ցուցանիշը 2.6 է:
Պատճառները, թե ինչու Հայաստանում կոռուպցիայի մակարդակը չի նվազում` բազմաթիվ են, որոնց պարբերաբար անդրադառնում ենք: Սակայն, ըստ մասնագետների` պատճառներից մեկն էլ այն է, որ միջազգային կոնվենցիաները ԱԺ-ի, ՀՀ արտգործնախարարության եւ Սահմանադրական դատարանի կողմից ընդունվում են վերապահումներով, եւ այն կետերը, որոնք «ձեռնտու չեն» կոռուպցիայի ջատագովներին, ուղղակի չեն գործում:
ՀՀ կառավարությունն, արդեն մի քանի տարի է` հայտարարում է իր 2009-2012թթ. հակակոռուպցիոն ծրագրի մասին, որի իրականացման համար պետբյուջեից լուրջ ֆինանսավորում է ստանում:
ՄԱԿ-ի գրասենյակից մեզ տեղեկացրին, որ ներկայումս կոռուպցիայի հարցերով իրենք չեն զբաղվում, քանի որ կոռուպցիան չի մտնում մարդու իրավունքների հիմնարար կոնվենցիաների շարքը եւ պահանջում է առանձին ուշադրություն, թեեւ նախկինում (մոտ 10 տարի առաջ) իրենք զբաղվել են նաեւ այդ խնդրով: Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ ՄԱԿ-ը ներկայումս հետազոտություններ եւս չի կատարում:
Կոռուպցիայի խնդրի շուրջ նախօրեին Երեւանում քննարկում էր կազմակերպվել «ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի մասին կոնվենցիաների իմպլեմենտացիան ՀՀ-ում» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի փոխնախագահ Արայիկ Հովհաննիսյանը, ներկայացուցիչներ իրավապաշտպան կազմակերպություններից, իրավաբաններ: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն, օրինակ, իր զեկույցում կարեւորեց ՀՀ-ում կոնվենցիայի «ապօրինի հարստացման» մասին դրույթի քրեականացման անհրաժեշտությունն ու կարեւորությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաեւ կոռուպցիայի դեպքերի մասին հաղորդում տվող անձանց պաշտպանությունն ու խրախուսումը: Իսկ իրավաբանական հոգեբանության փորձագետ Զարուհի Հարությունյանի խոսքով` Սանկտ Պետերբուրգի հոգեբանները պաշտոնատար անձանց խորհուրդ են տալիս իրենց գրասենյակներում ունենալ մեծ հայելիներ: Ըստ հոգեբանների` այն կարող է ունենալ կանխարգելիչ նշանակություն կոռուպցիայի դեմ պայքարում: ՇՊԱԿ-ների ազգային ցանցի համակարգող, ավագ իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանի կողմից միջազգային կոնվենցիաների ընդունումը եւ ՀՀ համապատասխան օրենքները դրանց չհամապատասխանեցնելը լուրջ արգելք է հանդիսանում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի գործում: Ըստ նրա` քանի որ ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի» կոնվենցիան ընդունվել է Հայաստանի կողմից, ուստի պետք է դրա 20-րդ` «ապօրինի հարստանալը» հոդվածը, քրեականացվեր նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքով, ինչը, սակայն, մինչ օրս չի արվել: «Ստացվում է, որ այն անձինք, որոնք, բացի իրենց կողմից հայտարարագրվող ֆինանսական միջոցներից, ունեն նաեւ կողմնակի գույք եւ եկամուտ, չեն կարող ենթարկվել պատասխանատվության, իսկ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը եւ դրամական միջոցները նրանցից չեն կարող առգրավվել»,- ասում է Ս. Սողոմոնյանը: Այսինքն` ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը շարունակելու է մնալ սաղմնային փուլում: Ըստ Ս. Սողոմոնյանի, լուրջ խնդիր է նաեւ կոռուպցիոն երեւույթների մասին տեղեկատվություն հայտնողների (կաշառքի մասին հաղորդում տվող անձինք) անվտանգության ապահովումը եւ խրախուսումը: Անձը, ով հաղորդում է տալիս կոռուպցիոն դեպքի մասին` չունի օրենքով սահմանված պաշտպանություն, եւ նման դեպքերում նրա կյանքը, առողջությունը եւ մյուս իրավունքները պաշտպանված չեն: Իսկ այդ դեպքում նրանք մշտապես գտնվելու են կոռուպցիոն սուբյեկտների թիրախում:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2009-2012թթ. հակակոռուպցիոն ռազմավարական միջոցառումների ծրագրի շրջանակներում հարցված 1612 անձանց կարծիքով` այսօր ՀՀ-ում ամենակոռումպացվածը հետեւյալ ոլորտներն են` դպրոցներ` 19.4%, բուհեր` 32.1%, ճանապարհային ոստիկանություն` 24.5%, բուժհաստատություններ` 27.9%, հարկային մարմիններ` 27.9%, Տեղական ինքնակառավարման մարմիններ (ՏԻՄ)` 13.1%, դատաիրավական մարմիններ` 28.4%, կադաստր`19.7%:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվեցինք` արդյո՞ք «ապօրինի հարստանալը» դրույթը ԱԺ-ի կողմից կոնվենցիայի վավերացման ժամանակ ենթարկվել է վերապահման: «ՀՀ-ն «Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան» (ուժի մեջ է մտել 07.04.2007թ.) ստորագրելիս կամ վավերացնելիս որեւէ վերապահում չի կատարել»,- ի պատասխան` ասացին ԱԳՆ-ից` հորդորելով հավելյալ տեղեկությունների համար դիմել ՀՀ Արդարադատության նախարարություն:
ԱԳՆ-ից ստացված պատասխանից կարելի է ենթադրել, որ ոչինչ չի խանգարում, որպեսզի սույն հոդվածը ներառվի նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքում, որով պատասխանատվության կենթարկվեն նաեւ կաշառակերները: Չէ՞ որ Հայաստանը որդեգրել է կոռուպցիայի դեմ գործուն պայքարի ուղին եւ Կառավարության մակարդակով մշակել ռազմավարական միջոցառումների ծրագիր: Իսկ այն, որ մինչ օրս դա չի արվել` արդեն իսկ լուրջ կասկածների տեղիք է տալիս:
Ամբողջ գաղտնիքն էլ հենց նրանում է, որ նշված կոնվենցիայի 20-րդ հոդվածը նախատեսում է, որ` «Իր սահմանադրությունը եւ իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքները պահպանելու պայմանով`յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտում ճանաչվի անօրինական հարստացման արարքը, երբ դա կատարվում է դիտավորությամբ, այսինքն` պաշտոնատար անձի ակտիվների նշանակալից ավելացումը, որը գերազանցում է նրա օրինական եկամուտները, եւ որը նա չի կարող խելամտորեն հիմնավորել»: Ամբողջ խնդիրը հենց «կարող են» արտահայտության մեջ է: Այսինքն` պետությունները կարող են նաեւ ոչ մի միջոց չձեռնարկել, ինչպես, ըստ էության, հենց մեր երկրի դեպքում է: Ուստի, ոչ ոք չի խաբել, վերապահում իրոք չի եղել, բայց հոդվածն ինքնին բոլոր պետություններին է տալիս այն չկիրառելու իրավունք, իսկ մենք, «քաղաքավարիորեն» օգտվում ենք դրանից:
Այսինքն` Հայաստանը, ընդունելով միջազգային կառույցների կոնվենցիաները, ընդամենը ուզում է աշխարհին ցույց տալ, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, սակայն որեւէ գործնական քայլ այդ ուղղությամբ չի կատարում: Հակառակ դեպքում` ՀՀ ՔՕ-ում ընդամենը մեկ հոդված ամրագրելով եւ կիրառելով ներպետական մակարդակում, այդ կոնվենցիաները գործնական փուլ կմտնեին, եւ պետության ներսում պայքարը չէր լինի ուղղակի լճացած վիճակում ու չէր մտնի փակուղի:
Սյուզաննա ԽԱԼԱԹՅԱՆ