Առանց դրոշմանիշի

03/07/2012

Ենթաակցիզային ապրանք ներկրող ընկերություններն այլեւս ստիպված չեն ապրանքի ակցիզային դրոշմանիշը փակցնել արտերկրում: «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված, 2012-ի հունվարից ներմուծվող սիգարների եւ մինչեւ 25 հազար շիշ ալկոհոլային խմիչքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման գործընթացն իրականացվում է մեր երկրում, ըստ Պետական եկամուտների կոմիտեի Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պետ Հայկ Ստեփանյանի, այդ նպատակով ստեղծված եւ մաքսային հսկողության ներքո գտնվող` առանձնացված հատուկ մաքսային տարածքում. «Մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումների նպատակը գործարարների համար առավել բարենպաստ միջավայր եւ պայմաններ ստեղծելն է` միաժամանակ չթուլացնելով հսկողությունը: Ակցիզային ապրանքների դրոշմավորման գործընթացը մեր երկրում իրականացնելը երկար սպասված քայլ էր թե՛ գործարարների, թե՛ պետության համար»:

Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պետի խոսքերով, ներմուծվող բեռը մաքսային հսկողության գոտում դրոշմավորվելուց հետո է միայն բաց թողնվում Հայաստանի Հանրապետության տարածք: Իսկ մինչ այդ տնտեսվարողը պետք է գրավոր տեղեկատվություն ներկայացնի համապատասխան ստորաբաժանումներին: Ամբողջ գործընթացն իրականացվում է խիստ վերահսկողության ներքո` ինչպես վստահեցնում է Հայկ Ստեփանյանը. «Դրոշմավորման աշխատանքների նկատմամբ հսկողությունը, ինչպես նաեւ դրոշմավորումից հետո այդ ապրանքների բացթողումն իրականացվում է Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության, Գերատեսչական հսկողության վարչության եւ Հատուկ բաժնի աշխատակիցների պարտադիր մասնակցությամբ: Դրոշմավորումից հետո ապրանքների բացթողումն իրականացվում է բացառապես «կարմիր ուղու» ընթացակարգով` դրոշմավորման կանոնների խստագույն պահպանմամբ»: Իսկ գործարարների խոսքերով, այս փոփոխությունների արդյունքում բավականին հեշտացել է իրենց աշխատանքը։ «Ժամանակի անիմաստ վատնումը եւ ավելորդ գումարների ծախսումն այլեւս անցյալում են մնացել»,- վստահեցնում է Արթուր Կիրակոսյանը: ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ մաքսատանը նաեւ խստորեն հետեւում են միջազգային պահանջներին. ակցիզավորման գործընթացի շուրջ 96 տոկոսն իրականացվում է մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդով, ինչը հնարավորություն է տալիս հիմք ընդունել հայտարարատուի ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը: