Օգտվիր տեղեկացված լինելու քո իրավունքից

03/07/2012

Օրեր առաջ 86 երթուղու ավտոբուս նստած զինծառայողը իջնելիս ցույց տվեց իր վկայագիրը եւ փորձեց իջնել անվճար, սակայն վարորդը պատասխանեց. «Չես էլ ամաչում, ջահել տղա ես, չես ուզում ուղեվարձ տաս»: Զինծառայողը` առանց ընդվզելու, ամոթից վճարեց 100 դրամն ու իջավ տրանսպորտից: Սակայն «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն` «Զինծառայողները ՀՀ տարածքում օգտվում են քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներով` անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից»: Երեկ այս խնդրի առնչությամբ զանգահարեցինք Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչություն, որտեղ նույնպես հաստատեցին, որ զինծառայողների տեղաշարժը ՀՀ տարածքում անվճար է: Ի դեպ, զինծառայողների անվճար երթեւեկության մեջ մտնում է նաեւ մետրոպոլիտենը: Հավելենք նաեւ, որ, համաձայն «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի` «Զինծառայողները, արձակուրդի անցկացման վայր մեկնելիս, ՀՀ տարածքում մերձքաղաքային եւ միջքաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից` անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), օգտվում են անվճար, իսկ ընտանիքի` նրանց ուղեկցող անդամները` 50 տոկոս զեղչով: Զինծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով: Օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներն օգտվում են ՀՀ տարածքում քաղաքային, մերձքաղաքային եւ միջքաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներով` անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից»:

Ս. ԽԱԼԱԹՅԱՆ