Հնարավոր կլինի՞ փոխել օպերատորին՝ առանց հեռախոսահամար փոխելու

03/07/2012

Արդյո՞ք Հայաստանում կներդրվի բջջային համարների փոխարկելիությունը (number portability): Համարների փոխարկելիությունը թույլ է տալիս բաժանորդներին պահպանել իրենց համարը` անկախ այն բանից, թե որ օպերատորի ծառայություններից են օգտվում: Այս ծառայության շնորհիվ բաժանորդը կախված չէ օպերատորից, հետեւաբար, օպերատորները գիտակցելով բաժանորդի ծառայություններից օգտվելու ընտրության հնարավորությունը, առավել ուշադիր են բաժանորդի եւ իրենց վարած գնային քաղաքականության նկատմամբ: Բջջային համարների փոխարկելիության հարցը մեկն էր այն հարցերից, որ ակտիվորեն քննարկվում են հունիսի 29-հուլիսի 1-ը Աղվերանում տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 50 ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի ընթացքում: Նշենք, որ ֆորումի կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն էր, որը հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 60 ընկերությունների միավորող կառույց է:

Համարների փոխարկելիությունը մեծացնում է մի կողմից` բաժանորդի ընտրության հնարավորությունը, նպաստում է օպերատորների միջեւ մրցակցության աճին, ծառայությունների որակի բարձրացմանը եւ սակագների նվազմանը: Ծառայությունը ներդնելու համար, սակայն, բջջային օպերատորներից այն բավական լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում, տարբեր ուսումնասիրությունների համաձայն` 100.000 եվրոյից մինչեւ 1.5 մլն. եվրո: Բացի այդ, ծառայության ներդրումը նվազեցնում է օպերատորների եկամուտները (համաձայն Ստենդֆորդի համալսարանի կողմից անցկացված հետազոտության` զարգացող, ոչ կայուն շուկաներում` մինչեւ 20%):

Նշենք, որ համարների փոխարկելիության ծառայությունը ներդրվել է գրեթե բոլոր եվրոպական երկրներում, ԱՊՀ երկրներից այն ներդրվել է Վրաստանում եւ Բելառուսում:

Հայաստանյան բջջային օպերատորների կարծիքներն այս հարցում տարբեր են

Համարների փոխարկելիության ծառայության ներդրման մասով հայաստանյան բջջային օպերատորների կարծիքները տարբեր են: «ԱրմենՏել» ընկերության իրավաբանական տնօրինության տնօրեն Դավիթ Սանդուխչյանի խոսքով` ծառայությունը պահանջում է շարժական օպերատորներից` կատարել լրացուցիչ կապիտալ եւ գործառնական ծախսեր, սակայն Հայաստանի նման փոքր շուկաներում կարելի է ավելի արդյունավետ օգտագործել այդ ներդրումները: Ըստ նրա` համարների փոխարկելիության ծառայությունը կարեւորագույն խթան է հանդիսանում մրցակցության համար, հատկապես շուկա մուտք գործող նոր օպերատորների պարագայում: Դ. Սանդուխչյանի խոսքով` համարների փոխարկելիության ծառայության ներդրումը «ԱրմենՏել» ընկերության շահերից չի բխում այն իմաստով, որ իրենք պետք է լրացուցիչ ծախսեր կատարեն: «Այդ ծախսերը բջջային օպերատորի համար, բացի սկզբնական մինչեւ 1մլն դոլար միանվագ ներդրումից, հետագայում եւս նույն կարգի տարեկան վճարներ է ենթադրում` կախված նրանից, թե ինչ տեխնիկական լուծումներ կկիրառվեն, օպերատորի համար դա էժան ծառայություն չէ»,- ասաց Դ. Սանդուխչյանը` հավելելով, որ Հայաստանը փոքր շուկա է, ծառայությունը վճարովի է, եւ ոչ բոլորն են պատրաստ այս ծառայության համար գումար վճարել: Նրա խոսքով` ծառայության վճարը տարբեր երկրներում տարբեր է` սկսած 5 եվրոյից: «Մենք կարծում ենք, որ դա ոլորտի շահերից չի բխում, քանի որ դա կնվազեցնի ոլորտի եկամտաբերությունը, հետեւաբար եւ` հարկային վճարները»,- ասաց «ԱրմենՏելի» ներկայացուցիչը: Դ. Սանդուխչյանը նշեց նաեւ, որ, իհարկե, ծառայությունը հարմարավետ է եւ ժամանակակից, սակայն այլ հարց է, թե որքանով է նպատակահարմար ներդնել այն Հայաստանում հիմա: Դ. Սանդուխչյանն ասաց, որ ներկայում Հայաստանում շատ ավելի խոշոր խնդիրներ կան, որոնք իրենց լուծումը չեն ստացել, իսկ այդ խոշոր գումարները կարելի է ուղղել, օրինակ, լայնաշերտ ինտերնետի զարգացմանը մարզերում, ինչը, ըստ Սանդուխչյանի` շատ ավելի դրական ազդեցություն կունենա մեր տնտեսության համար:

«Օրանժ Արմենիա» ընկերության փոխկապակցման հարցերով խորհրդական Վահե Հովհաննիսյանի խոսքով` համարների փոխարկելիության ծառայության ներդրումը Հայաստանում անհրաժեշտություն է: Ըստ նրա` Եվրոպայում եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներում համարների փոխարկելիությունը այն կարեւորագույն միջոցներից մեկն է, որը մեծապես նպաստում է բաժանորդների կողմից օպերատորների միջեւ ազատ ընտրություն կատարելուն: Ըստ նրա` այս ծառայությունը կարեւորագույն խթան է հանդիսանում մրցակցության համար, բացի այդ, այն կնպաստի առավել գրավիչ առաջարկների տրամադրմանը եւ նորարարության զարգացմանը եւ հայաստանյան հեռահաղորդակցության շուկայի զարգացումը նոր մակարդակի վրա կդնի: «Մեր համարը մերն է, մենք ենք արժեք հաղորդում այդ համարին, եւ մենք պետք է որոշենք, թե ով պետք է մեր համարից հասույթ ստանա, իսկ հասույթ կստանա այն օպերատորը, որն ամենահարմար ծառայությունները կմատուցի»,- ասաց Վ. Հովհաննիսյանը` նշելով, որ ավելի քան 50 երկրներում ներդրված է այդ ծառայությունը:

«Եթե նայենք Հայաստանում ինտերնետի զարգացմանը, ապա ինտերնետը զարգացավ միայն այն պատճառով, որ ինտերնետում մրցակցություն առաջացավ, եւ գները սկսեցին իջնել: Այդպես էլ այս ծառայությունը կմեծացնի մրցակցությունը բջջայինի շուկայում, ինչը անխուսափելիորեն կբերի ծառայությունների որակի բարձրացմանը, սակագների նվազմանը եւ նորարարության խթանմանը»,- ասաց Վ. Հովհաննիսյանը: Ըստ նրա` եվրոպական երկրներում այս ծառայությունը ներդրված է, եւ դժվար թե այդ երկրները ցանկանում են բացասականորեն ազդել իրենց հեռահաղորդակցության շուկայի զարգացմանը:

«Վիվա Սել-ՄՏՍ» ընկերության մարքեթինգի վարչության պետ Արմեն Այվազյանի խոսքով` համարների փոխարկելիության հարցը ժխտելը ճիշտ չէ, իրականում դա լավ ծառայություն է, բայց ամբողջ խնդիրը դրա ներդրման ժամանակի մեջ է կայանում: Ա. Այվազյանի խոսքով` պետք է տարանջատել եվրոպական երկրները նախկին Սովետական Միության երկրներից եւ մեր շուկաները դիտարկել լրիվ առանձին: «Նախկին Սովետական Միության երկրներում շտապել պետք չէ, Վրաստանի եւ Բելառուսի օրինակը ցույց է տալիս, որ այդ երկրներում շուկաների մոտ 30%-ի կրճատում է գնում, ինչը կբերի բացասական հետեւանքների, կոնկրետ օպերատորի փակմանը, կամ ուղղակի չեն կարողանա զարգանալ»,- ասաց նա: Ըստ Ա. Այվազյանի` ընկերության ղեկավարությունը կարծում է, որ դա պետք է Հայաստանին, սակայն այն դեռեւս վաղաժամ է: «Մենք հստակ դիրքորոշում ունենք, ուզում ենք, որ Հայաստանում լինի համարների փոխարկելիության ծառայությունը, բայց ոչ վաղաժամ, որովհետեւ Վրաստանի օրինակը կարող եմ բերել, որ այստեղ մոտ 45% եկամուտների կրճատում է տեղի ունեցել, մարդիկ չեն կարողանում անգամ տարրական անտենա դնել, հիմա այդտեղ բաժանորդների շահերը որտե՞ղ են, ես չկարողացա հասկանալ: Մենք ունենք Բելառուսի օրինակը. ինչ-որ տեղ իրենք ողբերգություն են ապրում»,- ասաց Ա. Այվազյանը` հավելելով, որ 1.5 մլն դոլար ներդրումը բավականին մեծ գումար է, ուստի ծառայությունը պետք է ներդնել ավելի հանգամանալից ուսումնասիրություններ կատարելուց եւ շուկան ավելի զարգացնելուց հետո միայն, ոչ շուտ, քան 2015թ.:

Արդյո՞ք Հայաստանում կներդրվի համարների փոխարկելիության ծառայությունը` դեռեւս պարզ չէ, սակայն մինչեւ տարվա վերջ հայաստանյան խոշոր բջջային օպերատորները կքննարկեն այս հարցը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Հանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանի խոսքով` օպերատորները հանձնաժողովին մինչեւ տարեվերջ պետք է ներկայացնեն իրենց հիմնավորումները այն մասին, թե արդյո՞ք անհրաժեշտ է Հայաստանում ներդնել այդ ծառայությունը, թե՞ ոչ, որից հետո միայն տեխնիկական լուծումների եւ ժամկետների սահմանում կիրականացվի:

Լուսինե ՄՈՎՍԻՍՅԱՆ