«Խառնակիչը»

28/06/2012

ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը երեկ հրաժարվել է պատասխանել ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին հարցին` խնդրելով ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի հնարավոր քայլերի մասին հարցերով դիմել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, Պ. Մակեյանն ընդգծել է, որ եթե Օսկանյանը նախագահական ընտրություններում հանդես գա որպես միասնական թեկնածու, որը կլինի նաեւ ՀԱԿ-ի թեկնածուն, ապա «Կոնգրեսը կոնգրես չի լինի»: Նաեւ հավելել է. «Բայց ես համաձայն չեմ այն տեսակետին, որ երեկ կայացած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ նրա անձի հետ կապված ուղիղ ակնարկներ եղան: Վ. Օսկանյանը եղել է հարյուրավոր քաղբանտարկյալների գործերի կնքահայրը, սակայն նաեւ դեմ եմ, որ մարդու վրա գործ սարքեն: Ես չեմ ողջունում ԲՀԿ-ին եւ երբեք էլ չեմ ողջունել, սակայն քաղաքական գործընթացներ են: Այն փաստերից հետո, որոնցով ապացուցվում է, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ Գագիկ Ծառուկյանի թիկնազորից 90 հոգի մասնակցել են այդ դեպքերին, ի՞նչ ԲՀԿ»,- ասել է Պ. Մակեյանը: Նրա խոսքով` պետք է ձեւավորվի նոր ուժի կենտրոն, որի կազմակերպիչը դարձյալ պետք է լինի ՀԱԿ-ը: