Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու Մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին իր եզրափակիչ զեկույցը:
Միջազգային դիտորդները հիմնականում պահպանել են ընտրությունների հաջորդ օրը տված իրենց խիստ եւ քննադատական գնահատականները: «Թեեւ մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպումն անցկացվել է պրոֆեսիոնալ ու թափանցիկ ձեւով, քվեարկության օրը եղել է առավելապես խաղաղ ու հանգիստ, քվեարկությունը` կանոնակարգված ու լավ կազմակերպված ընտրատեղամասերի գերակշիռ մասում, այնուամենայնիվ, միջազգային դիտորդները քվեարկությունը բացասական են գնահատել դիտարկված տեղամասերի 9 տոկոսում, որը զգալի թիվ է»,- նշված է միջազգային ամենամեծ դիտորդական առաքելության զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ թեեւ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են բարեփոխված օրենսդրությամբ, մրցունակ, աշխույժ եւ առավելապես խաղաղ քարոզարշավով, միեւնույն ժամանակ աչքի են ընկել ընտրական ողջ գործընթացի նկատմամբ վստահության ցածր աստիճանով: Հիշատակվել է, որ Հանրապետական կուսակցությունը նախընտրական քարոզարշավին ներգրավվել է ուսուցիչներին ու աշակերտներին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խախտել է Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որն արգելում է բարեգործական կազմակերպություններին նվերներ կամ ծառայություններ մատուցել ընտրողներին: Դիտարկված ընտրատեղամասերի 11 տոկոսում արձանագրվել են խմբակային քվեարկության դեպքեր, 4 տոկոսում` վստահված անձանց քվեարկության դեպքեր, 7 տոկոսում քվեատուփերը պատշաճ կերպով փակված չեն եղել, 12 տոկոսում չի երաշխավորվել քվեարկության գաղտնիությունը: Դիտորդները նշել են, որ քվեաթերթիկների հաշվարկման գործընթացը հիմնականում իրականացվել է օրենսդրական չափանիշներին համապատասխան, այդուամենայնիվ դիտարկված 125 ընտրատեղամասերից 24-ում կամ յուրաքանչյուր հինգ տեղամասերից մեկում տեխնիկական խնդիրների պատճառով այն բացասական գնահատական է ստացել: Զեկույցը նաեւ փաստում է, որ ընտրությունների նախապատրաստական շրջանում` ՀՀԿ-ից բացի` մյուս կուսակցությունները, ընտրացուցակների հետ կապված մտահոգություն են հայտնել` համոզված լինելով, որ դրանք ուռճացված են, ներառում են մահացած անձանց անունները, ինչպես նաեւ` նույն հասցեում գրանցված մեծաքանակ ընտրողների առկայությունը կարող են օգտագործվել քվեարկության օրը մանիպուլյացիաներ իրականացնելու համար:
Զեկույցը նաեւ նշում է, որ քարոզարշավի ընթացքում դիտորդների բազմաթիվ զրուցակիցներ, որպես հիմնական եւ ամենատարածված խնդիր, ընդգծել են հատկապես ընտրակաշառքների հարցը: «Դիտորդների կողմից նկատված անսովոր երթեւեկը` որոշ նախընտրական շտաբների ներսում եւ դրսում` քվեարկության օրվա նախաշեմին, ինչպես նաեւ քվեարկության օրը ընտրակաշառքների մասին Ոստիկանություն ներկայացված հաղորդումները ցույց են տալիս, որ այդ մեղադրանքները որոշ չափով կարող են արդարացված լինել»,- նշված է զեկույցում:
Ինչ վերաբերում է բողոքարկման գործընթացին` դիտորդները նշել են, որ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ քվեարկության օրն ընտրատեղամասերում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, դատարաններում ու Գլխավոր դատախազությունում մի քանի տասնյակ բողոքներ են ստացվել, սակայն դրանց գերակշիռ մասը մերժվել է: Նրանց տպավորությամբ` այս կառույցները կարծես թե նպատակ ունեն առավել վարկաբեկել ընտրախախտումների մասին հաղորդումները, քան երաշխավորել, որ հանցագործությունները կբացահայտվեն, մեղավորները կկանգնեն դատարանի առջեւ:
Զեկույցում դիտորդները նաեւ մի շարք հանձնարարականներ են տալիս ՀՀ իշխանություններին` հորդորելով զերծ մնալ ընտրողների վրա ճնշումներ գործադրելու պրակտիկայից: Խորհուրդ են տալիս փոխել Քրեական օրենսգիրքը եւ հետապնդումների չենթարկել այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառքների մասին հաղորդում կներկայացնեն իրավապահ մարմիններին: Հանձնարարականներից մեկը վերաբերում է ընտրացուցակներում ընդգրկված անձանց վերաբերյալ կառավարական տարբեր ատյանների տվյալների արդյունավետ փոխանակմանը, ինչպես նաեւ` ընտրողների ռեգիստրը բարեփոխելուն ուղղված աշխատանքը շարունակելուն: «Իրավապահ մարմինները պետք է երաշխավորեն, որ ընտրություններին առնչվող հանցագործություն կատարած բոլոր անձինք կկանգնեն արդարադատության առջեւ, ընտրական հանձնաժողովներն ու դատարաններն էլ չպետք է զուտ ձեւական դիրքորոշում որդեգրեն ընտրություններին առնչվող բողոքների վերաբերյալ: Նրանք պետք է զերծ մնան բողոքների քննարկումը մերժելու պրակտիկայից եւ պատշաճ կարգով քննեն դրանց էությունը»,- արձանագրված է զեկույցում:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այս զեկույցի հետ կապված երեկ հայտարարություն է տարածել ՀԱԿ-ը: «Այս գնահատականը, ըստ էության, նշանակում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները չեն ընդունել, որ այս ընտրությունները համապատասխանում են միջազգայնորեն ընդունված ժողովրդավարական չափանիշներին: Զեկույցում նաեւ բազմաթիվ տեղեկություններ կան վարչական ռեսուրսի օգտագործման, բազմակի քվեարկության, ձայների գնման մասին»,- նշված է Կոնգրեսի հայտարարության մեջ:
Մինչդեռ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը գտնում է, որ զեկույցի մտահոգիչ դրույթները պարզապես ՀՀ ընդդիմադիր թերթերի եւ ուժերի արտահայտած մտքերն են: Նրա խոսքերով` միջազգային դիտորդները դրանք ներառել են զեկույցում դրական գնահատականների նկատմամբ հավասարակշռությունը պահպանելու համար: «Մոտավորապես մթնոլորտն է ներկայացվել, որովհետեւ ժողովրդավարական չափորոշիչներ ունեցող պետություններում, բնականաբար, զանգվածային միջոցառումներում որոշակի խախտումներ եղել են: Մենք էլ ենք կարծում, որ ինչ-որ բաներ հնարավոր է, բայց փաստարկներ ոչ մենք ունենք, ոչ ընդդիմությունը, եւ ոչ էլ դիտորդները: Դիտորդներից ոչ մեկն ընտրություններից հետո որեւիցե քննարկման ժամանակ նման արտահայտություններ չեն արել»,- ասում է Գ.Սահակյանը: