Էժան ու թանկ բենզինը

28/06/2012

Վերջին ժամանակներում հաճախ են քննարկվում վառելիքի, մասնավորապես` բենզինի գները։ Բանն այն է, որ տեղական շուկայում բացասական երեւույթների սովոր սպառողների համար զարմանալի զարգացումներ եղան՝ բենզինը էժանացավ։

Անգամ մանկահասակ երեխան գիտի, որ Հայաստանը վառելիքային ռեսորսները ամբողջությամբ ներմուծում է, այդ թվում՝ նավթամթերքները։ Այսինքն՝ տեղական շուկայում նավթամթերքի եւ այդ թվում` բենզինի գինը կապված է փոխարժեքի հետ։

Նախկինում, երբ դրամը արժեզրկվում էր (այլ կերպ ասած՝ արտարժույթը թանկանում էր), բենզինի շուկան անմիջապես արձագանքում էր դրան՝ գների բարձրացման տեսքով։ Մյուս կողմից, հակառակ պրոցեսի դեպքում՝ երբ արտարժույթը էժանանում էր, գները փոփոխություն չէին կրում։ Ինչպես արդեն նշեցինք, այդ ամենին հայ սպառողներն արդեն սովորել էին։

Իսկ ի՞նչ արտառոց բան կատարվեց վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում։ Դրամը սրընթաց կերպով արժեզրկվեց, սակայն բենզինը ոչ միայն չթանկացավ, այլեւ որոշ չափով էժանացավ։ Այսպես, եթե 1 ամերիկյան դոլարի առքի գինը ապրիլի կեսերին 391 դրամ էր, այսօր այն հասել է 416 դրամի։ Դոլարը թանկացել է 6.3%-ով։ Մյուս կողմից, 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի գինը նույն ժամանակահատվածում էժանացել է 4%-ով՝ 500 դրամից իջնելով 480 դրամի։

Ինչո՞վ է պայմանավորված բենզինի գների նվազումը։

Նախ` սկսենք նրանից, որ Հայաստանում տնտեսությունը եւ մարդկանց մտածելակերպը խիստ դոլարիզացված են։ Եվ բոլորն առաջին հերթին հաշվի են առնում դոլարի փոխարժեքը։ Մինչդեռ նավթամթերքի դեպքում եվրոն շատ ավելի կարեւոր է, որովհետեւ նավթամթերքի մեծ մասը ներմուծվում է եվրոպական երկրներից։ ՊԵԿ մաքսային կոմիտեի տվյալներով, 2011թ. ներմուծվել է ընդհանուր առմամբ 371 միլիոն դոլարի նավթամթերք։ Ամենամեծ մատակարարը Ռումինիան է (90.8մլն), որին հաջորդում են Ռուսաստանը (86.3մլն), Բուլղարիան (81.9մլն) եւ Հունաստանը (30.5մլն)։ Այսինքն, եվրոյի փոխարժեքը էական նշանակություն ունի։ Իսկ եվրոն, ի տարբերություն դոլարի, հայկական դրամի նկատմամբ այնքան էլ շատ չի արժեզրկվել, ընդամենը 1%-ով։

Ասում են նաեւ, որ նավթամթերքը միջազգային շուկայում էժանացել է։ Նավթամթերքի միջազգային գները, օրինակ, Brent տեսակի հում նավթի գինը ապրիլի համեմատ երկնիշ անկում է ապրել։ Սակայն սրանով բացատրել հայաստանյան գնանկումը միանշանակ չի կարելի, որովհետեւ այն երկրներում, որտեղից Հայաստանը նավթամթերք է ներկրում, բենզինի գների լուրջ տատանումներ տեղի չեն ունեցել: Այսպես` Ռումինիայում ապրիլ ամսին բենզինը վաճառվել է 1.4 եվրոյով, իսկ հունիսին` 1.30 եվրոյով: Տեղի է ունեցել գների անկում: Սակայն Բուլղարիայում նույն տենդենցը չի նկատվել` ապրիլին 1.01 եվրոյից հունիսին գինը բարձրացել է մինչեւ 1.23 եվրո: Ռուսաստանի Դաշնությունում տատանումն այդքան էլ նկատելի չի եղել` 0.7 եվրոյից գինը դարձել է 0.73 եվրո: Բացի այդ, փորձը ցույց է տվել, որ բենզինի եւ նավթամթերքի այլ տեսակների ներմուծողները նախկինում միջազգային գների էժանացումը «չէին նկատում»։

Շատերը բենզինի գնանկումը բացատրում են պահանջարկի նվազմամբ։ Պահանջարկի նվազումն էլ, իր հերթին, բացատրում են այն հանգամանքով, որ մեքենաների մեծ մասը սկսել են աշխատել բնական գազով։ Ըստ վերջին ուսումնասիրությունների` նախորդ տարվա համեմատ ԱԳԼՃԿ-ների թիվն աճել է 11%-ով։ Զգալիորեն ավելացել են նաեւ ԱԳԼՃԿ-ներում սպառված գազի ծավալները։

Բենզինի էժանացմանը նպաստող բացատրություններից մեկն էլ այն է, որ նվազել է հանրապետություն ներմուծվող մեքենաների քանակը։ Այսպես, ըստ մաքսային ծառայության տվյալների` այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել 6000 մարդատար մեքենա՝ նախորդ տարվա 7000-ի համեմատ։ Դեռեւս հայտնի չէ՝ դրանցից քանիսն են բենզինով աշխատելու, քանիսը` գազով: Սակայն ավտոմեքենաների շուկային մոտ կանգնած մարդիկ նշում են, որ «գազի բալոն» տեղադրելը դարձել է պարտադիր պայման անգամ էլիտար մեքենաների պարագայում։

Բենզինի էժանացումը այնքան զարմանալի էր, որ խոսակցությունների մակարդակում սկսեցին տարածվել ամենաանհավանական տարբերակներ։ Դրանցից մեկի համաձայն, գյուղնախարար Սերգո Կարապետյանը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր հողերի ակտիվ մշակման մասին, որը, բնականաբար, ենթադրում էր նաեւ նավթային վառելիքի սպառման զգալի աճ։ Արդյունքում, մի քանի խոշոր վառելիք ներկրող ընկերություններ մեծ քանակությամբ վառելիք էին ներկրել։ Հետո պարզվեց, որ Սերգո Կարապետյանի խոստումը խիստ չափազանցված էր, եւ վառելիք ներմուծողները կանգնեցին փաստի առաջ՝ չկարողանալով իրացնել ներմուծված խմբաքանակը։ Արդյունքում, ստիպված գնացին գների էժանացման: Պարզաբանում ստանալու նպատակով կապվեցինք ներկրող ընկերությունների հետ, սակայն այդպես էլ ոչ մի հստակ տեղեկություն չստացանք այդ հարցի շուրջ: Խոշոր ներմուծողներից մեկի՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը հրաժարվեց մեկնաբանություն տալ, «Ռան Օյլ»-ից մեզ պատասխանեցին, որ գների նման տատանումը հիմնականում կապված է համաշխարհային գների հետ, իսկ Գյուղնախարարության պատմությունը ընկերության ներկայացուցիչը չէր էլ լսել։

Ամեն դեպքում, բենզինի գինը Հայաստանում իջնելու բավականին տեղ ունի։ Հայաստանը բենզինի գնով չի համարվում ամենաթանկ երկրներից մեկը։ Սակայն, եթե հաշվի ենք առնում բնակչության գնողունակությունը, ապա մենք միանշանակ ամենաթանկ երկրների առաջին հնգյակում ենք։ Օրինակ, բենզինն ամենից թանկ արժե Նորվեգիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում եւ Հունաստանում: Ըստ վերջին տվյալների` հունիս ամսվա ընթացքում Նորվեգիայում բենզինը վաճառվում է 931 դրամով, իսկ Նիդեռլանդներում` 823 դրամով: Սակայն Նորվեգիայում մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամուտը 2010թ. կազմում էր 87.350 դոլար, Նիդեռլանդներում՝ 49.000 դոլար։ Այս թվերի կողքին ինչ-որ տեղ անգամ անհարմար է նշել Հայաստանի ցուցանիշը՝ 3200։

Ելենա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ