Մինչ օրս Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկի փողոցի բնակիչները չեն կարողանում գտնել նույն փողոցի բնակիչների` 62-ամյա Պետրոս Գալուստովի եւ նրա որդու` 30-ամյա Արտաշ Գալուստյանի ինքնասպանության պատճառները: Հարեւանների ասելով` նրանց ընտանիքն աչքի է ընկել համեստությամբ: Հայր ու որդի աշխատում էին որպես արհեստավորներ (զոդողներ էին): Ընտանիքի մայրը` Գայանեն, աշխատում է Երեւանի Պ. Սեւակի անվան թիվ 123 դպրոցում` որպես դասվար: Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, առավոտյան ժամը 08:20-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ Այվազովսկու փողոցի 68 տան 3-րդ հարկի կիսակառույց շինության մեջ ամրանից մետաղյա ճոպանով կախվելու միջոցով ինքնասպան են եղել հայր ու որդի: Դեպքի վայր մեկնած քննչական մարմինը հոր մոտ հայտնաբերել էր նամակ, որն առգրավվել էր քննիչի կողմից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանություն հասցնելու հատկանիշներով): Նախաքննությունը շարունակվում է, ինչպես նաեւ` նշանակվել են փորձաքննություններ: Հիշեցնենք նաեւ, որ որդին` Արթուր Գալուստյանը, օրեր առաջ էր ազատվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից: 2011թ. նոյեմբերին վերջինս մեկ այլ անձի հետ Երեւանի Արշակունյաց պողոտայի վրա կայանված «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով հափշտակել էր ավտոմեքենայում եղած առանձնապես խոշոր (56 մլն դրամ) գումար:
Նշյալ գումարը պատկանում էր «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերությանը, որը գումարը պետք է տեղափոխեր բանկ: Հիշյալ գողության փաստով Ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ` ՔՕ-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: «Չնայած տղեն էլ բանտից նոր էր դուրս եկել, բայց շատ լավ տղա էր: Քույրն էլ համեստ աղջիկ է` եղբորից մեծ է տարիքով»,- ասացին հարեւանները: Նրանց խոսքով` Պ. Գալուստովի հարեւանությամբ է ապրում նրա եղբայրը, ում տանն էլ տեղի է ունենալու հուղարկավորության արարողությունը: