Ֆիշերը գոհ է

28/06/2012

Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը երեկ Գեղարդի վանական համալիրում լրագրողների հետ զրույցում ասել է, թե Հայաստան կատարած իր պաշտոնական այցը համարում է հաջողված եւ սպասված` նշելով, որ Հայաստանում իրեն ընդունել են շատ ջերմ, ինչի համար շնորհակալ է: «Նախագահի ու վարչապետի հետ մեր զրույցների կենտրոնում էր մեր տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ այն, թե ինչպես անենք, որ հայ-ավստրիական տնտեսական հարաբերությունները ավելի շատ խորանան եւ ընդլայնվեն,- ասել է նա,- Այդ նպատակով ստորագրվեցին մի քանի հուշագրեր, որոնք հիմք կհանդիսանան հետագա համագործակցության համար»: Ավստրիայի նախագահի խոսքով` Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն իրենք խոսել են քաղաքական մի շարք` մասնավորապես տարածաշրջանային հարցերի մասին, որոնք ներառում են Հայաստանի` հարեւանների հետ ոչ այնքան բարենպաստ եւ ոչ այնքան հեշտ հարաբերությունները: «Խոսել ենք նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններից, Հայաստան-Ավստրիա հարաբերությունների մասին: Ուզում եմ նշել, որ Ավստրիան իր հնարավորությունների սահմաններում կանի ամեն ինչ Հայաստան-ԵՄ հարաբերությունները լավացնելու համար, որը ես այս պահին համարում եմ լավ»,- ասել է նա: Ըստ Հայնց Ֆիշերի` Հայաստանում զբոսաշրջության բնագավառի զարգացման մեծ պոտենցիալ ու ներուժ կա, եւ այս բնագավառում եւս կփորձեն համագործակցել Հայաստանի հետ: Ի դեպ, Հայնց Ֆիշերի հետ հանդիպել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հաշտեցման գործընթացի եւ Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրները տարածաշրջանային քաղաքականության համատեքստում: