Լավագո՞ւյնը

28/06/2012

Երեկ աշխատանքային այցով Բելգիայի Թագավորություն է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը: Կարեւորվել է Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումը: Անդրադարձ է եղել Ասոցիացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման Հայաստան-Եվրամիություն բանակցություններին, մարդկանց տեղաշարժի դյուրացման, ինչպես նաեւ մեր երկրի բարեփոխումներին աջակցելու ձեւաչափի շուրջ ԵՄ-ի հետ ծավալված երկխոսությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատելով Եվրոպական Միության հետ Հայաստանի սերտ համագործակցության պատրաստակամությունը` ընդգծել է որ անկախացումից ի վեր ԵՄ-ի հետ մեր երկրի մերձեցումը եւ եվրաինտեգրման քաղաքականությունը եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկը: Հանդիպմանը երկուստեք կարեւորվել են Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի փոխայցելությունները: Անդրադարձ է եղել ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին: Քեթրին Էշթոնը նշել է, որ կարեւոր է շարունակել Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումները, թեեւ կայացած խորհրդարանական ընտրությունները, տիկին Էշթոնի խոսքով, լավագույնն էին Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում:

Այսօր Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովին: