Այս օրերին հասարակության մի հատվածի կողմից քննարկվում է Նոր Նորքի առաջին զանգվածի Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում` նորվեգացի մեծ մարդասեր Նանսենի թանգարանի կառուցման հարցը: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Նանսենի հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Բախչինյանի հայտի հիման վրա 23.11.2011թ. քննարկել է նշյալ զբոսայգում առանձնացված տարածքում թանգարան հիմնելու հարցը: Թանգարանի շինարարության ֆինանսավորումն իրականացնում են ՀՀ վաստակավոր բժիշկներ տեր եւ տիկին Կառլեն եւ Սառա Եսայանները: Թանգարանի կառուցման էսքիզային նախագիծը 2012թ. մարտի 22-ին քննարկվել է քաղաքապետին կից ճարտարապետական հանձնաժողովի կողմից` արժանանալով բոլոր անդամների հավանությանը: Զբոսայգում կառուցվելիք թանգարանը, շենքը եւ գույքը սեփականության իրավունքով պատկանում են Երեւանի քաղաքապետարանին: Այս նախաձեռնությանը հետեւեց «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության բողոքը: Թանգարանի նախագծի եւ դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին զրուցեցինք Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ:
– Պարոն Սարգսյան, կներկայացնե՞ք նախագիծը, ե՞րբ է որոշվել կառուցել այդ թանգարանը:
– Դեռեւս անցյալ տարվա կեսերին Քաղաքապետարանում կայացավ նիստ, որի ժամանակ որոշում կայացվեց Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանի կառուցումը սկսել: Եսայանների ընտանիքի կողմից ստացվեց ֆինանսավորում, եւ քանի որ քաղաքապետն էլ իր ելույթներում բազմիցս նշել է, որ ցանկանում է ապակենտրոնացնել շինարարությունը` տեղափոխելով այն քաղաքի մյուս մասեր, ուստի որոշվեց թանգարանը կառուցել Նոր Նորք զանգվածում` հենց Նանսենի անվան այգում, որտեղ կային քանդակներ` նվիրված Նանսենին եւ նրա անձնագրին: Ընտրվեց բետոնե մի հարթակ, որը ծառազուրկ էր եւ ոչ խնամված` բարձիթողի վիճակում էր: Այն ներկայացվեց ճարտարապետական հանձնաժողովին, որոշումը ընդունվեց միաձայն, քանի որ տարածքը փոքր է լինելու` 50-52 քմ, մեկ հարկանի կառույց, ինչը համահունչ է այդ այգու հետ: Նախագծի քննարկման ժամանակ էլ նշվեց, որ նման նախաձեռնություններ եղել են Երեւանում, որոնք այգիների համար դիտվել են որպես լավ նախաձեռնություններ: Նման օրինակներ եղել են` Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը, նույնիսկ ուսանողական այգում Թամանյանի նախաձեռնությամբ կառուցված Աստղադիտարանի շենքը, որն ավելի փոքր է: Մինչեւ շինարարության սկիզբը մոտ երկու շաբաթ առաջ այգում փակցվեց իրազեկման վահանակը, եւ սկսվեց Նանսենի թանգարանի շինարարությունը: Ամեն ինչ ընթացել է օրենքով սահմանած կարգով, անգամ հողահատկացում չի եղել թանգարանի կառուցման համար, քանի որ թանգարանը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին: Այգին իր ֆունկցիան չի կորցրել, ավելին, թանգարանի կառուցումից հետո զբոսայգու նկատմամբ ավելի մեծ ուշադրություն կլինի: Այգիներում միշտ էլ թույլատրելի է եղել նման կառույցների առկայությունը` թատրոններ, կինոթատրոններ, թանգարաններ: Ըստ օրենքի` պարզապես այդ կառույցները չպետք է գերազանցեն այգու կանաչապատ տարածքի 30%-ը: Այս դեպքում այդ պահանջը եւս պահպանվում է:
– Իսկ ինչո՞ւ բարձրացավ այս աղմուկը, չէ՞ որ այն մշակութային կոթող է, եւ պետք է ողջունելի լիներ` անգամ բնապահպանների կողմից:
– Սա արդեն վտանգավոր տենդենց է: Երբ մարդիկ սկսում են բողոքել, օրինակ, Մաշտոցի պուրակի, մասնավոր տարածքների, սրճարանների կառուցապատման համար` դա կարելի է հասկանալ, բայց, երբ խոսքը գնում է փոքրիկ մի էլեմենտի կառուցապատման մասին, ու նրանք բողոքում են` դրանով արդեն իսկ արժեզրկում են իրենց մտահոգությունը: Ստացվում է, որ իրենք դեմ են ամեն ինչին` եկեղեցի մի կառուցեք, թանգարան մի կառուցեք, ոչնչի կարիք չունենք… Ստացվում է, որ մարդիկ դեմ են, որպեսզի երկիրը, քաղաքը զարգանա: Չեմ ցանկանում մեղադրել որեւէ մեկին, սակայն հարկավոր է քայլ անելուց առաջ փոքր-ինչ մտածել: Ի դեպ, մենք շուտով նաեւ կառուցելու ենք Հրանտ Մաթեւոսյանի թանգարանը: Նախապես ասում եմ, որ դրա գտնվելու վայրի մասին բուռն քննարկումներ են եղել, եւ արդեն իսկ որոշվել է Աբովյան պուրակի մոտակա այգում գտնվող դեռեւս քարապատ տարածքում: Չնայած դա ավելի լուրջ ու մեծ կառույց է լինելու` երկհարկանի: Ճարտարապետների միությունում նախագիծը քննարկվել է եւ հավանության է արժանացել: Ընդ որում, Հրանտ Մաթեւոսյանի թանգարանի կառուցման առաջին ֆինանսական աջակցությունը եւս կատարել են Նանսենի թանգարանի կառուցապատման հովանավորները` Կառլեն եւ Սառա Եսայանները:
– Այսինքն, հնարավո՞ր է, որ այդ կառույցի շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ նույնպես բողոքի ալիք փորձեն բարձրացնել:
– Ամեն ինչ հնարավոր է, դրա համար նախապես եմ ասում, որ լինելու է նաեւ այդ կառույցը` նշված վայրում, որի կառուցման թույլտվության որոշումը մենք առաջիկայում տալու ենք: Մշակութային ծրագրերը կարող եմ թվարկել` լինելու է նաեւ Կոմիտասի տուն թանգարան, որի մասին ՀՀ մշակույթի նախարարությունը պաշտոնապես կիրազեկի: Հայաստանի Համահայկական հիմնադրամի վերջին համաժողովի ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ասել է այդ մասին: Հրաշալի ծրագիր է, Կոմիտասի այգում մշակույթի շենք կա, այդ շինությունը ընդլայնվելու է եւ դառնալու է թանգարան:
– Չե՞ք կարծում, որ մեզանում մի նոր երեւույթ է սկսել ձեւավորվել` որոշ քաղաքական ուժեր, անհատներ այդ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով փորձում են մանիպուլյացիաների ենթարկել հասարակությանը: Թաց ու չոր խառնվում է, այդ աղմուկի մեջ կորչում է ճշմարտությունը: Ընդ որում, մի խումբ մարդիկ իրենց թույլ են տալիս հանդես գալ ողջ հասարակության անունից: Հասարակության կարծիքը զրոյացնելով` արդեն այդ կառույցների միջոցով են լուծում ներանձնական խնդիրները:
– Չեմ կարող ասել, թե ովքեր են կանգնած այդ կառույցների-կազմակերպությունների ետեւում, սակայն կարող եմ ասել, որ այսօր շատ դեպքերում ցանկացած նախաձեռնություն` քայլ աջ կամ քայլ ձախ, լավ կամ վատ` ընդունվում է միեւնույն բողոքական երանգներով: Միանգամից ասպարեզ է նետվում նեգատիվ ու չմարսած ինֆորմացիա, որից արդեն հստակ երեւում է, որ նման քայլերով հասարակությանը ստիպում են իշխանությունների ցանկացած նախաձեռնությանը արձագանքել բացասական տրամադրվածությամբ: Շատ հաճախ նաեւ այդ կազմակերպությունները ապատեղեկացնում են հասարակությանը: ՀՀ Հանրային խորհրդում երբ քննարկվում էր Մաշտոցի պուրակի խնդիրը, մենք հայտարարեցինք, որ դա ստիպված քայլ էր` Աբովյան փողոցի խնդիրը լուծելու համար: Եթե մենք ուզում ենք հայ ժողովրդին ոչնչացնենք, ուրեմն մենք պետք է խփենք մշակույթին: Ցավոք, մենք այսօր հասել ենք այսպիսի վիճակի, որ նույնիսկ Նանսենն է դարձել հարցականի առարկա: Դա նշանակում է, որ մենք չենք գիտակցում` ի՞նչ ժողովուրդ ենք, ի՞նչ ենք ուզում ստեղծել, կամ, եթե գիտակցված ենք անում, ուրեմն գիտակցված գնում ենք` թիրախ ընտրելով մշակույթի կործանումը: Հնարավոր չէ, որ այսօրվա երիտասարդներն ասեն, թե իրենց ոչինչ պետք չէ: Ասպարեզ է գալիս մտածված կեղծիքը, սուտը, անձնական հաշիվներ մաքրելու գործողությունը: Չէ՞ որ դրանով վնաս են հասցնում իրոք մշակույթով մտահոգ մարդկանց եւ ոչ անտարբեր մարդկանց:
– Արդյո՞ք Թամանյանի բոլոր նախաձեռնություններն էին ժամանակին ընդունվում ոգեւորությամբ: Միշտ էլ եղել են բողոքող զանգվածներ: Իսկ այսօր բոլորը խոսում են թամանյանական ժառանգությունից:
– Եթե երեւույթը դիտարկենք այդ տեսանկյունից, ապա ավելի ծանր վիճակում, քան Թամանյանն է եղել` չի եղել որեւէ մեկը: Օպերայի շինարարությանը, նրա Գլխավոր հատակագծին դեմ էին, անգամ քարերով կոտրում էին նրա արհեստանոցի ապակիները: Աշխարհի բոլոր երկրներում կա նման տենդենց: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Երեւանը վերջին 10 տարիների ընթացքում շատ է փոխվել: Փոխվել է դրականորեն. դա փաստում են եւ նրանք, ովքեր երկրից բացակայել են որոշակի ժամանակաշրջան, եւ նրանք, ովքեր մեկնում են ու վերադառնում: Սակայն մեր ներսում ցանկացած շինարարական նախաձեռնություն ենթարկվում է քարկոծման: Պետք է որոշ ինտելեկտուալ ուժեր` մտավորականները, իշխանությունները, ոչ թե հատուկենտ ելույթներով, այլ կոնկրետ գործողություններով աջակցեն նման նախաձեռնություններին:
– Իսկ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել` նման երեւույթներից խուսափելու համար:
– Իմ համոզմամբ` ցեխ շպրտող տեսակը, միեւնույն է, դա անելու է: Սակայն քաղաքապետարանը բավական մեխանիզմներ է ստեղծել. հանձնաժողով է ստեղծվել, Քաղաքաշինական խորհուրդ, որի ընթացքում բողոքող կողմը կարող է գալ եւ քննարկել հարցերը, իր կարծիքը հայտնել այս կամ այն հարցի շուրջ: Միայն կարող եմ կոչ անել, որպեսզի ամեն ինչ չներկեն սեւ գույներով: Այնպես որ, մեխանիզմները ստեղծված են եւ գործում են: Իմ կարծիքով` տեղի ունեցող երեւույթները ակնհայտ, ընդգծված գործողություններ են` ուղղված մշակույթի դեմ:
– Ի դեպ, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված ՀՀ Հանրային խորհուրդը կարծես թե զբաղվում է զուտ քաղաքաշինական հարցերով: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
– Դա փաստ է, եւ Հանրային խորհրդի նախագահը լուրջ բացատրելու խնդիր ունի: Ճարտարապետներից շատերն այդ երեւույթը բացատրում են այն հանգամանքով, որ Հանրային Խորհրդի նախագահի փեսան (Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի դստեր ամուսինը` Սարհատ Պետրոսյանը.- Ե.Կ.) այդ ակտիվ կազմակերպություններից մեկի ղեկավարն է: Այդ երիտասարդն ագրեսիվ կերպով, շատ դեպքերում` սխալ ուղղորդված, իմ դեմ գործողություններ է կատարում` բոլոր հարցերն անմիջապես տեղափոխելով ՀՀ Հանրային խորհուրդ: Ցանկացած նախաձեռնություն` Հրապարակի մետրոյի հարեւանությամբ հյուրանոցի կառուցում, Տոնավաճառի հետ կապված նախագիծ կամ այլ ծրագիր, արձագանք է ստացել եւ քննարկման դրվել Հանրային խորհրդում: Կարելի է ասել, որ Հանրային խորհուրդը վերածվել է քաղաքաշինական խորհրդի: Տպավորությունն այնպիսին է, որ նման կազմակերպություններն ուղղակի կերպով ազդում են Հանրային խորհրդի վրա:
Ելենա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ