Թբիլիսիի առաջնորդանիստ Սբ.Գեւորգ եկեղեցին կվերականգնվի: Եկեղեցին վերականգնելու ցանկություն է հայտնել ռուսաստանյան հայազգի խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանն` իր ընկերների հետ: Գաղափարը, ըստ մեր տեղեկությունների, ծնվել է այն բանից հետո, երբ Ռ. Վարդանյանը Վրաստան կատարած այցելություններից մեկի ժամանակ տեսել է եկեղեցու անմխիթար վիճակը: Հիշեցնենք, որ եկեղեցին 1251թ. կառուցել է մեծահարուստ հայ առեւտրական Կարինցի Ումեկին: Այնուհետեւ եկեղեցին բարեկարգվել է 17-րդ դարում`1832-1881թթ.: 1957թ. եկեղեցու բակ են տեղափոխվել անվանի 4 զորավարների աճյունները. Միքայել Լորիս-Մելիքովի, Արշակ Տեր-Ղուկասովի, Իվան Լազարեւի, Բեհբութ Շելկովնիկովի: Երեկ մեր այս տեղեկատվությունը ճշտելու նպատակով դիմեցինք Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին. «Ռուբեն Վարդանյանը եւ իր ընկերները, այո, նման ցանկություն են հայտնել` տեսնելով եկեղեցու վիճակը: Համապատասխան մասնագետներ են հրավիրվել նաեւ Հայաստանի մշակույթի նախարարությունից, ովքեր տեսել են եկեղեցու, որմնանկարների վիճակը, քննարկել են նախագիծը: Եկեղեցու վերականգնման նախագծերն ու նախահաշիվն արդեն պատրաստ են: Եկեղեցու վերականգնման աշխատանքները կսկսվեն, երբ նախագիծը վերջնականապես հաստատվի գաղափարի հեղինակների եւ բարերարների կողմից»: