Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում Թենեսի Ուիլյամսի «Ցանկություն տրամվայ» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ Սթենլի Կովալսկիի դերակատար Մուրադ Ջանիբեկյանի խաղն ինչ-որ կախարդական ներուժով հանդիսատեսին գամում է: Այսօր բեմի ու հանդիսատեսի հաղորդակցությունը ձեւախեղվել է: Հանդիսատեսը հիմնականում գալիս է թատրոն` սերիալի իր դերասանին տեսնելու: «Էս սերիալի էն դերասանն ա»,- գրեթե բոլոր դերասանների բեմում հայտնվելուց` դահլիճից հնչում են նույն խոսքերը, որին հաջորդում են շոուներին հատուկ հիստերիկ ծափահարությունները: Մուրադ Ջանիբեկյանը թատրոնում սերիալ փնտրողների բարդույթից ձերբազատված է` կարողացել է պաշտպանել դերասանական իր «պատմությունը»: Այսօր էլ չի ընդունում սերիալներում նկարահանվելու առաջարկները, «գլամուրային» միջոցառումների հրավերներն ու թատերական «կաստաների» քաղաքական շարժումներից օգուտներ քաղելու խաղերը: Նա աշխատում է միայնակ ու անաղմուկ: Ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ նկարահանեց «Համլետ» ֆիլմը, որը «Նյու Յորք» միջազգային անկախ փառատոնում (որտեղ աշխարհի տարբեր երկրներից 600 ֆիլմ է ներկայացվում) արժանացավ գլխավոր` լավագույն ռեժիսոր եւ լավագույն արտիստ մրցանակներին: «Համլետ» ֆիլմը ցուցադրվեց աշխարհի շատ փառատոներում եւ հեռուստատեսություններով, բայց ոչ երբեք` Հայաստանում: «Ճշմարտությունը միշտ բռնաբարվում է, որովհետեւ ինքը մերկ է եւ գեղեցիկ»,- ասում է Մ. Ջանիբեկյանը` հույս ունենալով, որ մեր երկրում մի օր կգիտակցեն ժամանակավորի փոխարեն կարեւոր գործեր անելու անհրաժեշտությունը:
– Գոյություն ունի ժամանակահատված, որն ուրիշ պահանջի մեջ է: Օրինակ` մեզնից առաջվա արվեստագետները շահեցին, որովհետեւ Սովետի օրոք հատուկ սկզբունք, դրվածք կար, որ օրը ցերեկով` լապտերով անհատներ էին փնտրում: Հիմա դրա կարիքը չկա ու միայն մեզ մոտ չէ` ողջ աշխարհում «բարախլոն» լցված է, «բրնձված» գնում է: Այսօր այդ տեսակ ծրագիր է իրականացվում: Եթե հանկարծ մի պահ փորձես կոդը շուռ տալ` հիմա էլ կծնվեն մեծ անհատներ, որոնք կթնդան: Այսօր դրա պահանջը չկա: Մենք շատ վատ ժամանակահատվածում լույս աշխարհ եկանք, որովհետեւ, երբ մեր ժամանակը պիտի արդեն ստեղծվեր` սկսվեց հեղափոխությունը, մութ տարիները: Կրթվող հանդիսատեսը չկարողացավ գալ թատրոն, որ հետո դաստիարակվեր: Հիմա շատ երիտասարդներ թատրոնի լուրջ ներկայացումներին նայում են որպես շոու: Մեզնից առաջվա սերունդները շահեցին, որովհետեւ սկզբից մինչեւ վերջ պետության ձեռքը թատրոնի, կինոյի վրա էր: Հիմա ով փող կճարի` նա էլ կանի: Զորավար Անդրանիկը լավ է ասել` «Պետությանը պետք է զենքով զինվոր ունենալ», թե չէ մի երկու փամփուշտով էստեղից էնտեղ կրակելով չէ: Արվեստին պետք է մի քիչ շոյել, փայփայել, այլ ոչ թե թողնել, որ մենակ «բարախլոն» աշխատի: Պետությանը` բացի հզոր բանակից, անհրաժեշտ է գիտություն եւ արվեստ, որոնք հանդիսանում են պետության զարգացման «մեխերը»: Ես այս 9-10 տարիներին նկարել եմ «Համլետը», «Ավելորդը» ֆիլմերը: Հիմա էլ աշխատում եմ երկու թատերական եւ մեկ կինոյի գործերի վրա: Այս տարիների թատրոնի իմ պասիվությունն իմ մեղքով չի եղել: Հիմա Սունդուկյանի անվան Ակադեմիական թատրոնում խաղում եմ երկու ներկայացման մեջ: Մի դառը բան ասեմ. առաջվա դերասաններին իսկապես ժողովուրդը սիրում էր, հիմա` ընդամենը ճանաչում է: Ուրեմն` դերասանն ինչ-որ բան կորցրել է կամ գնացել է մի քիչ փող աշխատելու հետեւից: Իսկ նման դեպքում, եթե վեց ամիս չնկարվես, քեզ այլեւս չեն հիշի: Դասականն ուրիշ է. պիտի ֆունդամենտ թողնես, որպեսզի նույնիսկ 30 տարի անց քեզ հիշեն:
– Ֆիլմարտադրություն իրականացնող կառույցները պնդում են, որ Հայաստանում տարեկան արտադրվում են մեծ թվով խաղարկային ֆիլմեր: Ձեզ չե՞ն հրավիրում նկարահանվելու, մանավանդ, որ ռեժիսորներից շատերը Ձեզ համարում են «հայ գլադիատոր»: Որպես դերասան` իրացվո՞ւմ եք թատերական, կինոյի ոլորտում:
– Երբեք… Նույնիսկ մի հեռախոսազանգ չեմ ստացել` ինչ-որ ֆիլմում նկարվելու խոսակցության համար: Գուցե ես այնպիսի էպոխայում եմ ապրում, որ իմ տեսակն իրենց պետք չէ: Հիմա այնքա՜ն մարդ ինձ չի ճանաչում… չգիտեն, որ ես դերասան եմ, բայց ճանաչողներն էլ այնքան հետաքրքիր որակով են խոսում իմ մասին, որ շնորհակալ եմ Աստծուն էդ մի քանի հոգու համար: Պարզապես տարիներն անցնում են, ու ներքին պոտենցիալդ իմանալով, մտածում ես` ինչ կարող էիր անել ու չես արել, ու ցավ ես ապրում: Մինչեւ 1992թ. ինչ հնարավոր էր` արեցի, բայց դա էլ քիչ էր:
– Ձեր սերնդակիցներն այսօրվա քաղաքի հետ անհաշտ են ապրում, չեն ձերբազատվում հին Երեւանի փնտրտուքի բարդույթից: Շատերը քաղաքում իրենց զգում են օդանավից հենց նոր իջած զբոսաշրջիկի պես, իսկ Դո՞ւք…
– Եթե քաղաքին կողքից` որպես հանդիսատես նայենք, ապա կհասկանանք, որ ունեցել ենք մի քաղաք, որին ծնված օրից մեր աչքերը սովորել են: Բոլոր ժամանակներում բոլոր տեսակի համակարգերը (նույն կոմունիստների ժամանակ) իրենց դրական կողմերն ունեցել են: Այսօր ես տեսնում եմ բազմաթիվ նկարներ, որտեղ դերասանը, գիտնականը, նախարարը, կոշկակարն ու բժիշկը միասին քեֆ են արել: Այսինքն` համակարգը թելադրում էր այդ մտերմությունը, ջերմությունը: Իսկ հիմա համակարգն այնպիսին է, որ եթե ես 1 մլն փող ունեմ, իսկ դու չունես, ուրեմն` մենք չենք կարող ընկերություն անել: Մարդկային հարաբերությունները կամաց-կամաց ջնջխվեցին: Գուցե մեր աչքը սովորել էր հին Երեւանին, բայց նաեւ շատ մեծ ճշմարտություն կա. Երեւանը տարօրինակ գաղտնիք ունի` բոլորին սիրով ընդունում է: Ուրիշ քաղաքներն այդքան հյուրընկալ չեն, կարծես գիտակցում են, որ դու տուրիստի կարգավիճակով, ժամանակավոր եկել ես ու պիտի գնաս: Երեւանն այդքան սիրով մարդուն ընդունելով հանդերձ` նաեւ իր մեջ մաղ է կրում: Մաղվում են բոլոր եկողներն ու գնացողները, ընդհուպ նրանք, ովքեր պիտի գնան: Մնում են նրանք, ովքեր Երեւանինն են: Ճիշտ է` շատերը եկան, փողով քաղաքն առան, տեղավորվեցին, բայց միեւնույն է` իրենք էլ կգնան, որովհետեւ քաղաքն իրենցը չի ու, եթե իրենցը չի` այդտեղ գաղտնիքն իր գործը կանի: Ինչ էլ պատահի, ու եթե հանկարծ քաղաքը հիվանդանա, միեւնույն է` ինքը մի օր իր ընդերքից ելնելով` բժշկվելու է:
– Համարում եք, որ այսօրվա քաղաքը հիվանդ չէ՞ ու բժշկվելու կարիք չունի՞:
– Օտարի աշխարհում է մի տեսակ հիվանդացել, բայց երբ ուրիշ երկրներում` Իտալիայում, Ֆրանսիայում եմ նայում, ապա այնտեղ մայրաքաղաքներում խոտանը լցվել է` սեւամորթներ, արաբներ, շեղանկյուն աչքերով մարդիկ: Իսկական ֆրանսիացին քոչել է ապրելու փոքրիկ քաղաքներում: Այս ամենն աշխարհը բրնձելու, որակազրկելու ձեւերից մեկն է: Անկեղծ ասած` մեզ համար մի տեսակ գարուն է եկել, որը ոչ տեսք ունի, ոչ հոտ, ոչ համ, ու մեզ չեն ասում` դիմացիր, ասում են` վայելիր: Ես հավատում եմ, որ մի օր հին Երեւանը կվերականգնվի ոչ թե իր կառույցներով, այլ իր համ ու հոտով, աժիոտաժով: Երբ տակառը խառնում ես` տիղմը բարձրանում է վերեւ, եւ ահագին ժամանակ է պետք, որ տիղմը նստի, իսկ վրայի ջուրը նորից պարզվի:
– Այնպես եք նկարագրում իրավիճակը, որ ուզում ես հավատալ, թե կառուցապատման քողի տակ ամբողջ մի տասնամյակ` բուլդոզերների անիվների տակ մնացած, «ռմբակոծված» Երեւանի վրա մի օր խաղաղություն է իջնելու: Երեւանն այսօր իր բնակիչների հետ պատերազմում է:
– Գլոբալ իմաստով` ամենասարսափելին պատերազմն է: Պատերազմը սարսափելի է, խաղաղությունն էլ` ձանձրալի: Երբ ինձ ասում են` պատերազմ, հերոսություն, ես մի տեսակ դժվար եմ ընկալում այդ բաները: Մի երկու շիզոֆրենիկ մատը բարձրացրել են, Հիտլերը հրամանն արձակել է, ու` 6 տարի կռիվ, 50 մլն զոհ: 18 տարեկան երեխան, ով կարող էր ընտանիք կազմել, իր երկրի համար մի հետաքրքիր բան անել` առաջին գնդակից մահացել է: Պատերազմում մեռնող մարդու համար հերոսություն չկա, կա ցավ, ճիչ, արցունք ու մահ: Պատերազմն իր մեջ միայն մեկ հետաքրքիր բան ունի` մարդկության մեջ մի պահ խիղճն արթնանում է, իսկ այդ խիղճն իր ներվով` օրգանիզմումդ, չգիտես` որտեղ է քնած: Չգիտես` ոնց է այդ ադրենալինն արտադրվում, որ խիղճը նորից արթնանում է: Երբ մենք, Թումանյանի բառերով ասած` «հաբռգում ենք» (իրականում` հափերգել, չափն անցնել)` հետագայում պետք է ինչ-որ բան կատարվի, որպեսզի մեր օրգանիզմում այդ քնած ներվն արթնանա: Աշխարհի ամենաազնիվ զգացողությունն ինձ համար վախն է. սիրելու մեջ էլ, ընկերության մեջ էլ խաբում են: Վախը պատվիրաններում չկա, ասվում է` մի սպանիր, մի գողացիր, մի շնացիր, բայց վախի մասին հիշատակում չկա: Մինչդեռ Հին եւ Նոր կտակարաններում մշտապես ասվում է` վախեցիր: Վախեցիր ոչ թե սովորական մարդ-մահկանացուից, այլ` ահեղ դատաստանից: Մեզ 70 տարի աթեիզմ են քարոզել, որտեղ նման բան չկա, բայց այն էներգիան, որով մենք շարժվում ենք (ուզում եք` անվանեք հոգի), վերեւից ուղարկված շնորհք է: Երբ այդ էներգիան մի օր միջիցդ դուրս է գալիս` մարմինդ դառնում է դիակ: Ժամանակին, երբ Հելոդինն իր անունով հնարեց մահապատժի, գլուխը կտրելու զենքը, նա ասաց` ես դա չեմ հնարել որպես բարբարոսություն, այլ հնարել եմ, որպեսզի մարդիկ վախից չափը չանցնեն: Նույն այդ ժամանակների մարդիկ ամեն ինչի գնացին, բարբարոսություններ եղան, բայց վախ ունեին: Հերման-Գյորինգը (որին կինը վերջին պահին համբուրեց` սրվակով թույնը փոխանցելով բերանից բերան) 32թ. սեղանատամը ծակել էր տվել, մեջը սրվակ էր տեղադրել, փակել էր, որպեսզի, եթե հետագայում ինչ-որ բան պատահի` ինքը չգնա դեպի կախաղան: 1919թ. Գերմանիայում Ռոզինբերգ անունով մի մարդ էր շրջում: Ասում էր` ես փնտրում եմ այն հռետորին, որի ճառի ժամանակ ռումբը կողքին կպայթի, բայց ինքը չի դադարի ճառը, կշարունակի: Հանդիպելով Հիտլերին, ասում է` ահա այն առաքյալը, որին ես փնտրում էի եւ ես կդառնամ նրա մարգարեն: Միակ զորավարն էր, որին տարան մագիայի գիտությամբ կրթելու: Ձեռքը բարձրանում էր` մի ամբողջ բանակ ոտքի էր կանգնում: Այսօրվա մեր իրականության մեջ, երբ պետության կորիզը պիտի քանդվի` բոլորը տզրուկի պես միանում են ուրիշ ապարատի, որ ապրեն: Գերմանացիներն ունեցել են իրենց ճշմարտությունը. Գերմանիայում իշխանության եկավ Ադոլֆը, երբ Գերմանիան ամենածանր վիճակում էր` ծայրաստիճան աղքատություն… Այսօր Գերմանիան ամենաքաղաքակիրթ երկիրն է: Ինքը` Գերմանիան, պարտվեց, իսկ Ռուսաստանը հաղթեց: Սովետն այսօր չկա, իսկ Գերմանիան դարձավ քաղաքակիրթ: Ուրեմն` նրանցից ո՞վ հաղթեց: Էյնշտեյնի ասած` հարաբերական է աշխարհն իր ձեւի ու պատկերացման մեջ: 6 տարի պատերազմից, 50 մլն զոհ տալուց հետո Հիտլերին ասացին` քո ընկերոջը` Մուսոլինիին (որը ֆաշիզմի հիմնադիրն էր) Հռոմի հրապարակում սիրուհու հետ ոտքերից թարս կախեցին: Հիտլերը պապանձվելով մի պահ լռեց ու ասաց` Տեր ասված, ինչպիսի բարբարոսություն… Հարաբերական են նաեւ Երեւանը սիրողները: Սիրում են, որովհետեւ Երեւանում լավ հնարավորություններ են ստեղծում, բայց, երբ հնարավորությունները վերջանան, արդյո՞ք կսիրեն քաղաքը:
– Հայրենասիրությունը նույնպես հարաբերական հասկացություն է: Այսօր հայրենասիրության մասին այդքան խոսելով` նաեւ արժեզրկում են այդ գաղափարն առհասարակ:
– Պատերազմը սկսվելուն պես ծնվում են տարօրինակ ֆանատներ` իսկական զինվոր տղերք, որոնք հայրենիքից չեն խոսում, գնում են` գիտակցելով, որ չկռվելու դեպքում թշնամին ներխուժելու է իր քրոջ, մոր, երեխայի տարածք: Պատերազմի մեջ հանելուկ կա: Օրինակ` հողի համար կռիվ տված մեծ երկրներն այսօր որպես պետություն չկան` ասորիները, Բաբելոնը: Մենք ինչո՞ւ մնացինք, որովհետեւ ծուռ ազգ ենք: Հայ կանայք մեջքներին ոսկեղենը փախցնելու փոխարեն` հայոց գրքերն էին կապած տանում: Բայց չէին ասում, չէ՞, հանուն հայրենիքի ենք անում, սուս ու փուս տանում էին: Հայրենիքի գաղափարը մեզ կոդով է տրված` առանց բացատրության: Ինքը խոսք չունի, մենք քայլեր ենք կատարում: Մեր ազգային առանձնահատկությունն այն է, որ մենք գիտենք ստեղծել, ինչպես ստեղծել, սովորեցնել, բայց երբեք չենք սովորեցնում` ինչպես պահպանել, ու շատ կորուստներ ենք տալիս: Մենք մեր պատմությունից կրակի փոխարեն մոխիրն ենք վերցնում: Արտասահմանում ինձ մեկն ասաց` հրեաները վախկոտ ազգ են: Ասացի` իրենք վախկոտ չեն, զգույշ ազգ են, իրենց պատմությունից օրինակ են վերցրել, իսկ մենք` աջ ու ձախ քոռ ու փուչ անելով, գնացել ենք: Մի քանիսն իրենց կյանքը դնելով ստեղծել են, իսկ մյուսները` ծամելով կերել են: Մարդկության անիվը պտտեցնում են անհատները, որոնք մարդկության 3 տոկոսն են կազմում: Երբ Կոմիտասը սոված, բոբիկ գյուղեգյուղ ման էր գալիս` ազգային երգերը հավաքելու համար, չկար մեկն, ով իրեն կաջակցեր: Միակ մարդը Մանթաշովն էր, ով մի քիչ փող տվեց գոյատեւման համար: Հարստությունն անելիքով է: Մանթաշովը կարող էր ոսկե կառքով ման գալ, բայց ասում էր` մի ամբողջ ազգ քաղցած է, չեմ կարող:
– Պրն Ջանիբեկյան, մեր համաքաղաքացիները խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց ձայնը վաճառեցին 5000-10.000 դրամով: Ո՞ւր են մարդկության անիվը պտտող այն հայ անհատները, որոնց իմաստուն կոչերը զսպաշապիկ կլինեն նման արատավոր երեւույթների համար:
– Ես հաշվեցի ու ապշեցի. 5 տարին բաժանում ես ամիսների, ամիսներն էլ` օրերի, ու ստացվում է մոտավորապես 3 դրամ: Ձայն վաճառող մարդն արժե երեք դրամ: Տգիտությունը խելքի պակասությունից չէ, ինքն էդ տեսակի խելք է, երբեք չես ուղղի: Ինքը յոլա գնացող է, մի ձեւի գոյություն պաշտպանող: Համայն մարդկության ամբոխն է այդպիսին: Մարդկությունը մի քանի խմբերի է բաժանվում: Օրինակ` կռիվների, հեղափոխությունների ժամանակ կան զոհաբերողներ (ինքն այդպես ծնվել է), եւ կան զոհաբերվողներ, պիտի զոհաբերվի, որ մի բան տեղի ունենա: Նաեւ կա մարդկանց մի տեսակ, որը հանդիսատես է, բոլորն իրար խփում-ջարդում են, իսկ ինքը պատուհանից լուռ, հանգիստ նայում է: Դանթեի «Աստվածային կատակերգությունում» դժոխքի դռների շրջակայքում մի փոքրիկ տարածք կար, որտեղ ապրում էին ճիզվիտներ, մարդկանց տարատեսակներ, որոնք իրենց կյանքում ոչ լավ, ոչ էլ վատ բան են արել: Ոչ դժոխքն էր իրենց ընդունում, ոչ էլ դրախտը:
– Դուք այդ երեք` զոհաբերող, զոհաբերվող եւ հանդիսատես մարդկային տեսակներից ո՞ր տեսակն եք:
– Մարդիկ կան` վատնող են, մարդիկ կան` փողից փող սարքող են, ես ստեղծագործող եմ: Փորձում եմ իմ առողջության, հնարավորությունների հաշվին պատմություն թողնել: Երբ «Համլետը» նկարահանելու համար չկարողացա գումար հայթայթել` մորս թողած ամառանոցները վաճառեցի եւ նկարեցի: Ես այն արվեստագետներից չեմ, որոնք այս պահին ինչից հնարավոր է` օգտվում են: Շատ դառը ճանապարհ եմ ընտրել` պատմություն թողնելու: Մեղա քեզ, Տեր աստված, չի կարելի համեմատվել, բայց երբ կիսաաստված, հանճարեղ Բախը գրում էր, ու նրան ընդամենը չորս հոգով` գցելով փոսը` թաղեցին, 100 տարի հետո Լյուքսեմբուրգում պատահական նվագեցին իր «Ռե մինոր տոկատոն», եւ հանճարը թնդաց աշխարհով մեկ: Պետք չէ կարծել, որ արածդ միշտ հիշվելու է, անընդհատ մաղվում, գնում է, ու կարող է դեռ չգնացած` քեզնից փոշի մնա: Տերն ինքն է ընտրում այն մարդուն, որի թողած պատմությունը մի գեղեցիկ օր կհնչի: