Բարեւ իմ շատ սիրելի Սաթիկ ջան
Արդեն մեկ տարուց ավելի սիրով ու գորովանքով հետեւում եմ քո խմբագրած թերթի հաղթարշավին: Այսքան կարճ ժամանակում ոչ մի թերթ այսքան առաջ չէր գնացել եւ այսքան հմուտ ու գործիմաց փորձագետ ու լրագրող իր շուրջը չէր հավաքել: Արտակարգ իրավիճակներն ու դրանց խնդիրներով զբաղվող Արտակարգ իրավիճակների վարչությունն էլ ձեր տեսադաշտից դուրս չեն մնացել: Եվ «168 Ժամ»-ի ամենաարտակարգ կռվանն ու հաջողության գրավականը եղել են անկողմնակալությունն ու սրտացավությունը: Այսօրվա իմ նամակը անսրտացավության եւ գրչի թեթեւ հարվածով մի ամբողջ համակարգ վիրավորելու մասին է:
Կյանքումս որեւէ թերթի կամ հոդվածի պատասխան գրած չկայի: Սակայն այս դեպքում չգրել չէի կարող: Պատճառը «Մեկն էլ լինի` փրկարարին փրկի» անսրտացավ հոդվածն էր` լի հոռետեսական-հռետորական հարցադրումներով:
Առաջին անգամ մեզ լրագրող այցելեց, որին պատասխանատուի խոսքն անհրաժեշտ էր սոսկ հակադարձելու եւ ձվի մեջ մազի փնտրտուք կազմակերպելու համար:
Այո, մեր համակարգը «հարուստներից» չէ, այո, անկախացումից հետո Հայաստան նոր հրշեջ մեքենա մուտք չի գործել, եղածներն իրենց սպառում են, փողրակները մաշված են, աշխատավարձերը միտում են նվազագույնին… պայմաններն, իրոք, արտակարգ են: Դա գաղտնիք չէ, եւ այդ մասին բարձրաձայնվել է անընդհատ: Այո, փրկարարներին պետք է օգնել, պետք է սիրել ու փայփայել, ինչպես նրանց վերաբերվում են ամբողջ աշխարհում: Իսկ մեր հրշեջ-փրկարարներին առավել եւս, որովհետեւ նրանք աշխատում են, իրոք, արտակարգ պայմաններում: Բայց Աստծո սիրուն, մի փորձեք նրանց փրկել, այն էլ սեւացնելով: Վերջին մեկ տարում հսկայական փոփոխություններ են կատարվում, լրագրողը դրանք անվանում է «կոսմետիկ» (աշխատավարձը կոսմետիկ կերպով երկու անգամ ավելանում է, Ֆրանսիայից որպես օգնություն ստացվում է հրշեջ 10 կոսմետիկ ավտոմեքենա, հինգ ավտոմեքենա կառավարությունն է գնում, հազարավոր մետրեր փողրակներ են ձեռք բերվում, հրշեջն ու փրկարարն ունենում են իրենց օրենքը` նույնպես կոսմետիկ): Տպավորություն է ստեղծվում, որ գործընկերս մեկ հոդվածով որոշել է խփել համ մեխին, համ պայտին: Բայց արի ու տես, որ կպել է ձիու ճակատին: Հայտնաբերել է մի երիտասարդ ինքնախոստովանող անանուն հրշեջի, որի վրայից կանխավ հանել է բարոյական մեղադրանքն ու սրտաճմլիկ պատմություն լսել` տուժած մարդուց մինչ հրդեհաշիջումը գումար վերցնելու անբարոյականության մասին:
Նույնիսկ ամենավառ երեւակայության դեպքում չափազանց դժվար է նման տեսարան պատկերացնելը. հրշեջ մեքենան ժամանել է դեպքի վայր, կրակի լեզվակները լափում են վառունակ ամեն ինչ, եւ այս ֆոնին` «երիտասարդ հրշեջն» ու խելակորույս տանտերը խաղաղ քննարկում են իրենց անելիքը, նույնիսկ սակարկում հրդեհաշիջման գինը: Լավ, բա եղա՞վ, մի՞թե կարելի է արդարացնել նման հրշեջի, այն էլ այդքան բարոյապես: Ի՞նչ պատասխան պիտի տանք նմանատիպ պայմաններում աշխատող մյուս հրշեջներին, փրկարարներին, մի ամբողջ համակարգի, որոնց էնտուզիազմը, հմտությունն ու նվիրումը, մարդկանց ծառայելու ու փրկելու ազնիվ մղումը գրչի մի փոքրիկ հարվածով դառնում է` «գաղտնիք չէ հաճախ» խարանով «բարոյապես արդարացվող» անբարոյականություն:
Որպես լրագրող կարող եմ ընկալել գործընկերոջս ամեն ինչ սրելու լրագրողական մղումն ու հմտությունը, ընդհուպ մինչեւ վերնագրային բառախաղը, բայց «երիտասարդ հրշեջն» ու «շենքերից մեկի շինարարության խախտումների հարցերով պատասխանատուն» ինձ մղում են տխուր խոհերի գիրկը. ո՞րն էր նպատակը` նշել պակաս-պռա՞տը, անընդհատ խոսում ենք այդ մասին, վեր հանել թերություննե՞րը, ո՞վ էր թաքցնում, մրել նախշել ամեն պետակա՞նը, թե՞ օգնել փրկել փրկարարներին:
Լավ, շատ երկարացրի, մի մեծ խնդրանք ունեմ, բարոյական հենք ունեցող կառույցին բարոյական հարված մի հասցրեք: Իսկ ինչ վերաբերում է «երիտասարդներին», նրանց էլ մի արդարացրեք: Մի կաթիլ սեւ ներկը մի ամբողջ համակարգ է սեւացնում:
Նիկոլայ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԻՎ պետի խորհրդական
Սիրելի Նիկոլայ
Նախ արեւ, հետո՝բարեւ
Կարդացողին՝ կյանք ու արեւ:
Մինչեւ նամակիս բուն իմաստին անցնելը, ընդունիր «168 Ժամ»-ի սրտից բխած կարոտակեզ բարեւները Արտակարգ իրավիճակների վարչությանը…
Շատ ուրախ եմ, որ մեր թերթի հավատարիմ ընթերցողն ես: Երանի քեզ պես հավատարիմ ընթերցողներ շատ լինեն, որոնք ինտերնետի այս չոր դարում կնստեն ու այսպիսի սրտացավ նամակ կգրեն: Մեր ընթերցողները նկատել են մեր ամենօրյա սրտացավությունը հրշեջ-փրկարարների եւ նրանց կատարած կարեւորագույն աշխատանքի հանդեպ: Ափսոսանք ենք հայտնում, որ հրշեջ-փրկարարների գործունեության մասին մեր վերջին հրապարակումը ճիշտ չի ընկալվել: Մենք բազմիցս անդրադարձել ենք Հրշեջ ծառայության խնդիրներին, այդ համակարգի աշխատակիցների ամենօրյա աշխատանքի նկատմամբ ՀՀ կառավարության անտարբերությանը, հայ հրշեջների ծանր աշխատանքին ու դրա դիմաց շատ ցածր վարձատրությանը, համապատասխան տեխնիկայի բացակայությանը: Ի՞նչ արած, այս անգամ էլ լրագրողին հանդիպել է մի հրշեջ ծառայող, որն ասել է, թե դեպքի վայրում այրվող տան տիրոջից գումար են վերցնում՝ պատճառաբանելով, թե 25.000 դրամ աշխատավարձով հնարավոր չէ ընտանիք պահել: Մեր լրագրողը փորձել է կառավարության ուշադրությունը հրավիրել հրշեջ ծառայողների ծանր աշխատանքի դիմաց քիչ վարձատրության վրա՝ ամենեւին ցանկություն չունենալով վիրավորել կամ վարկաբեկել թե համակարգը, թե այդ համակարգում ծառայող մարդկանց:
Սաթիկ ՍԵՅՐԱՆՅԱՆ
«168 Ժամ»-ի գլխավոր խմբագիր