«2013 թ.-ի նախագահական ընտրություններում կոալիցիան կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը` ընդգծելով, որ կոալիցիա ասելով` նկատի ունի նաեւ ԲՀԿ-ին: Զոհրաբյանն ասել է, թե ԲՀԿ-ն ստորագրել էր հուշագիրը եւ չի հայտարարել դրանից դուրս գալու մասին, այլ նշել է, որ այլընտրանքային ուժ է: «Հակված եմ կարծելու, որ նրանք կպաշտպանեն Սերժ Սարգսյանին»,- կրկնել է ՀՀԿ փոխնախագահը: Չնայած Ռ. Զոհրաբյանի հակվածությանը, ԲՀԿ-ն դեռ չի շտապում հայտարարել 2013 թ. նախագահական ընտրություններում իր մասնակցության ձեւաչափի մասին: «ԲՀԿ-ն պատեհ պահին հանդես կգա հայտարարությամբ` ունենալո՞ւ է նախագահի սեփական թեկնածու, թե՞ ոչ: Միաժամանակ, սա չի նշանակում, որ այս պահին մենք ընդունած որոշում ունենք կամ չունենք»,- երեկ հայտարարել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Ավելի ուշ մեկնաբանելով Ռ. Զոհրաբյանի հայտարարությունը` Ուրիխանյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է. «Ամենայն հարգանք տածելով իմ խորհրդարանական գործընկերոջ հանդեպ` պետք է ասեմ, որ Ռազմիկ Զոհրաբյանն իրավասու չէ ԲՀԿ-ի անունից որեւէ հայտարարություն անելու»: