Զրո ջանք

26/06/2012

«18 տարի խմբագիր լինելով` յուրաքանչյուր տեքստ կարդալուց զգում եմ, թե որքան քրտինք է թափվել դրա վրա: Կառավարության ծրագիրն ուսումնասիրելով` կարող եմ եզրակացնել, որ հեղինակները դրա վրա շատ ջանք չեն թափել, հակառակ դեպքում ծրագիրն ավելի մանրամասն կլիներ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը` գնահատելով անցած շաբաթ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ կառավարության ծրագիրը: «Այսօր խոսքը նույն վարչապետի եւ նույն կառավարության մասին է, որը, մեղմ ասած, լավ չդրսեւորեց իրեն նախորդ շրջանում: Բնական է, որ հաջորդ հինգ տարվա ծրագիրը գրելիս` ակնկալելու էինք, որ կլինի վերլուծություն, թե ինչո՞ւ նախորդ ծրագիրը չի կատարվել: Պարզապես ասել` տնտեսական ճգնաժամ է, քիչ է, որովհետեւ միշտ ճգնաժամ է լինելու: Երբ քո աշխատավարձը 100 ռուբլի է, իսկ դու ծախսում ես 150 ռուբլի, ստացվել է այն, ինչ ստացվել է Հունաստանի հետ»,- ասել է Ա. Աբրահամյանը: