«Եթե Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունները չանցնեն ազատ եւ արդար՝ հաղթողին շնորհելով հզոր քաղաքական մանդատ, իշխանությունը բավարար լեգիտիմություն չի ունենա բազմակողմանի բարեփոխումներ իրականացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու եւ ԼՂ հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու համար»,- այս մասին նշված է Միջազգային ճգնաժամային խմբի՝ Հայաստանին վերաբերող զեկույցում, որը հրապարակվել է երեկ։ «Եթե հերթական ընտրությունը ընկալվի որպես կեղծված, այն կխոչընդոտի խաղաղ բանակցությունները եւ կխորացնի տնտեսական խնդիրները»,- նշել է ՄՃԽ-ի կովկասյան նախագծի ղեկավար Լոուրենս Շիթսը։ 2013թ. փետրվարին կայանալիք ընտրությունները, ըստ զեկույցի հեղինակների, հնարավորություն են տալիս Սերժ Սարգսյանին դրսեւորել պետական գործչին արժանի վարքագիծ։ «Իսկ դրա համար առաջիկա ընտրությունները պետք է ամենավստահելին լինեն Հայաստանի պատմության մեջ»,- նշում է ՄՃԽ-ն՝ հիշեցնելով, որ ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց իշխանության փոխանցումը խաղաղ ժողովրդավարական ճանապարհով դեռ ընդունված նորմ չէ Հարավային Կովկասում։