Երեկ հրավիրված ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը փորձել է արդարացնել հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան ծեծկռտուքը, որի արդյունքում տուժած երիտասարդ բժիշկ Վահե Ավետյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Զոհրաբյանը արդեն իսկ կալանավորված անվտանգության աշխատակիցների բարբարոսությունն արդարացրել է անուղղակիորեն, խուճուճ ձեւակերպումներով, սակայն չի կարողացել թաքցնել իր հիմնական առաքելությունը: Խոսելով «Հարսնաքարում» տեղի ունեցածի մասին, ՀՀԿ փոխնախագահն ասել է, թե մարդը մարդուն պետք է հարգի, եւ ավելացրել է, որ դա հենց այն է, ինչ պետք է հասկանալ` մարդու իրավունքների պաշտպանություն ասելով: «Մեղավորը մեր կուլտուրան է»,- ասել է նա` բացատրելով, որ երբ մարդիկ գնում են ռեստորան, խմում են ու երրորդ-չորրորդ բաժակից հետո չեն հասկանում, թե ինչ են անում: «Մարդիկ կան` իրենց տիրապետում են, մարդիկ կան` ոչ»,- ասել է Զոհրաբյանը` փաստորեն այսպիսով փորձելով արդարացնել այդ դաժանության հեղինակներին: Ստացվում է, որ եթե բժիշկներն, ինչպես ինքն է ասել, ալկոհոլի ազդեցության տակ են եղել, ուրեմն նրանց հետ կարելի էր այդ կերպ վարվել: