Երեկ մեկնարկել է ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանը, որի շրջանակներում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին: Մասնավորապես, լիագումար նիստի մեկնարկից առաջ կայացած ԵԽ ԽՎ Բյուրոյի նիստում Ադրբեջանի հարցով համազեկուցող Անդրեաս Հերկելը հերքել է իրեն վերագրվող հայտարարությունը, որի համաձայն` ինքը Հայաստանում անցկացված ընտրություններում ականատես է եղել բազմակի քվեարկության եւ ուղղակի խախտումների: Հերկելը երեկ ճշտում է մտցրել, որ իր խոսքը սխալ է ընկալվել: Ըստ այդմ, նա ասել է, որ ականատես չի եղել բազմակի քվեարկության եւ ուղղակի խախտումների, սակայն մտահոգություն է հայտնել, որ կնիքների կիրառումը առաջացրել է ոմանց մտահոգությունը, որ բազմակի քվեարկություններ կարող են լինել: Երեկ Ստրասբուրգում կայացել է նաեւ ԵԽ ԽՎ նախագահ Ժան Կլոդ Միյոնի ասուլիսը, որի ընթացքում վերջինս անդրադարձել է ԼՂ հարցով ԵԽ ԽՎ ենթակոմիտեի գործունեությանը` ասելով, որ «այն չպետք է վերակենդանանա»: Ըստ ԵԽ ԽՎ նախագահի, ԼՂՀ հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին եւ պետք է աջակցել այդ հարցում: Միաժամանակ Միյոնը շեշտել է, որ դա իր անձնական կարծիքն է, եւ վերջնական որոշում պետք է կայացնի ԵԽ ԽՎ Բյուրոն: «Հակառակ դեպքում մենք պետք է ընդունենք, որ Մինսկի խումբն իր աշխատանքը պատշաճ չի կատարում, եւ ձեւափոխենք այն: Ես այդպես չեմ կարծում, ուստի իմաստ չեմ գտնում այլ կառույցների ստեղծման, որոնք պետք է լրացնեն գործողին եւ շփոթություն առաջացնեն»,- ասել է Կ. Միյոնը: Հիշեցնենք, որ 2011թ. ԵԽ ԽՎ-ն որոշել էր վերականգնել ԼՂ ենթակոմիտեն, սակայն մինչ օրս հայկական պատվիրակությունը բոյկոտում է դրա աշխատանքները: Պատասխանելով Հայաստանում իրավիճակի մասին «Ա1+»-ի թղթակցի հարցին` ԵԽ ԽՎ նախագահն ասել է. «Ես չեմ կարող ասել, որ իրավիճակը բավարարող է, փաստ է, որ իրավիճակը Հայաստանում դեռ անհանգստություն է պատճառում»: Նա ասել է, որ իրավիճակը կքննարկի Հայաստանի հարցով համազեկուցողների հետ: «Ես գիտեմ, որ սա այնքան էլ Ձեզ բավարարող պատասխան չէ, սակայն սա ամենն է, ինչ կարող եմ ասել, մնացածը, թերեւս, հաջորդ նիստի ընթացքում»,- հայտարարել է ԵԽ ԽՎ նախագահը: