Կողմ ըլլալով` դեմ

26/06/2012

«ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը դեմ քվեարկեց, բայց դեմ էր ծրագրին, ոչ թե Կառավարությանը»,- երեկ կայացած ասուլիսում` անդրադառնալով Կառավարության ծրագրի քվեարկությանը` ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Ընդհանրապես, ծրագիր ներկայացնելիս պետք է հաշվի առնվի երեք կետ` թե ինչքանո՞վ է իրատեսական, արդյո՞ք առկա են այն մեխանիզմները, որոնց միջոցով պետք է իրականացվի, եւ ինչքանո՞վ է պետությունը կենսական տարածք ստեղծում դրանց իրականացման համար: Մեր դիտարկումն այն էր, որ այս կետերից ոչ մեկին ամբողջական պատասխան չի տալիս ծրագիրը,- ասել է նա` ավելացնելով,- Մեր դիմաց հանուն պետականությանն էր, ոչ թե` ընդդեմ իշխանությանը»: Թե ինչու է Ռ. Հակոբյանն այս ձեւով արդարանում Կառավարության ծրագրին դեմ քվեարկելու համար, դժվար է ասել, սակայն նրա կողմնորոշումը վայել է իսկական նախկին դաշնակցականին` «կողմ ըլլալով` դեմ»: Մյուս կողմից, Հակոբյանի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կառավարության ծրագրին պետք էր «կողմ» քվեարկել, քանի որ, եթե տեսականորեն իրենց նման դրան դեմ արտահայտվողները բավարար չափով ձայն հավաքեին, կառավարության ծրագիրը չէր ընդունվի, եւ նորանշանակ կառավարությունը ստիպված կլիներ հրաժարական տալ: Իսկ «Ժառանգությունը», ինչպես Ռուբեն Հակոբյանն է ասել, կառավարությանը դեմ չէ: