«Ռազմիկ Զոհրաբյանն իրավասու չէ ԲՀԿ-ի անունից որեւէ հայտարարություն անելու»,- մեկնաբանելով ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի երեկվա հայտարարությունը, թե իր կարծիքով` 2013թ. նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: «Ամենայն հարգանք տածելով իմ խորհրդարանական գործընկերոջ հանդեպ` պետք է ասեմ, որ Ռազմիկ Զոհրաբյանն իրավասու չէ ԲՀԿ-ի անունից որեւէ հայտարարություն անելու: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, մենք այդ մասին կհայտարարենք մեզ համար պատեհ պահին»,- ասում է Ուրիխանյանը: Այդ դեպքում ո՞րն է Ռ. Զոհրաբյանի հայտարարության նպատակը, գուցե նա փորձում է քաղաքական դաշտում տրամադրություննե՞ր շոշափել: «Ճիշտն ասած` դժվարանում եմ պատասխանել, ինձ համար սա անհասկանալի է: Տրամադրությունները շոշափելու խնդիր, կարծում եմ, չկա: Միեւնույն է, մենք մեր քայլը կատարելու ենք մեր ծրագրերի շրջանակներում, եւ մեր որոշումներն ուղղված են մեր ժողովրդի համոզմունքներն ու հավատը պահպանելուն եւ նրան չհուսահատեցնելուն»,- ասում է Տ. Ուրիխանյանը: Ինչ վերաբերում է Ռ. Զոհրաբյանի այն հիմնավորմանը, թե ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը որեւէ հայտարարություն չի արել նախորդ տարվա փետրվարին ստորագրված կոալիցիոն հուշագրից հրաժարվելու մասին, ապա ըստ Ուրիխանյանի, այդ փաստաթղթի ժամկետը սպառված է: «Կոալիցիոն հուշագիրն իրավական ակտ է, իրավական ակտն ունի առարկա, առարկան` համատեղ կառավարումներ եւ համապատասխան ժամկետ, որը սպառված է, հետեւաբար, այլեւս գործել չի կարող, քանի որ ունեցել է հստակ ավարտ»,- ասում է ԲՀԿ-ականը: