Երեկ Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է հրապարակել Հայաստանի վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք «Հայաստան. քաղաքական կամքի հնարավորություն» խորագրով զեկույցն ամբողջությամբ:
Մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը պատրաստվում է 2013 թվականի առանցքային նշանակություն ունեցող նախագահական ընտրություններին։ Դրանք ցույց կտան, թե արդյո՞ք երկիրը թոթափել է կեղծված ընտրությունների գրեթե 20-ամյա պատմությունը, եւ կարո՞ղ է ձեւավորել լեգիտիմ կառավարություն, որն ունակ կլինի իրականացնել բազմակողմանի բարեփոխումներ եւ լուծել իր խնդիրներն Ադրբեջանի հետ։ Նախագահ Սերժ Սարգսյանը կարճ հնարավորություն ունի իրեն դրսեւորել որպես պետական գործիչ` գալիք ընտրություններից առաջ, որոնք աչքի կընկնեն թեժ մրցակցությամբ։ Սարգսյանը որոշակի համարձակություն ցուցաբերեց փոփոխություններ կատարելու համար, սակայն, ինչպես եւ իր նախորդները, նա մեծ հաշվով չի կարողացել արդյունավետ լուծել տնտեսական եւ կառավարման կարեւոր խնդիրները, այդ թվում՝ անկումը, ցածր արդյունավետությունը, ԼՂ պատերազմի հարցը։
Իսկապես մրցակցային մթնոլորտում անցած խորհրդարանական ընտրությունները որոշակի դրական նշաններ ունեին։ ԶԼՄ-ների լուսաբանումն ավելի հավասարակշռված էր, հավաքների, արտահայտման եւ ազատ տեղաշարժի իրավունքը հիմնականում պաշտպանված էր։ Նախագահի՝ իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, վերցրեց մանդատների բացարձակ մեծամասնությունը, սակայն նրա նախկին կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն, որն ասոցիացվում է հարուստ գործարար եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ (բնօրինակում՝ associated with rich businessman and ex-president Robert Kocharyan), զգալի ձայներով գրավեց երկրորդ տեղը։ ՀԱԿ-ը` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ավելի քան 10 տարվա բացակայությունից հետո վերադարձավ խորհրդարան։
Այդուհանդերձ, բազմաթիվ հին խնդիրներ կրկին ի հայտ եկան՝ վարչական ռեսուրսի չարաշահում, ուռճացված ընտրացուցակներ, ձայների գնում, հաղորդագրություններ՝ բազմակի քվեարկության եւ ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ։ 2008թ. ընտրություններին (որոնց արդյունքում Սարգսյանը իշխանության եկավ) հաջորդած բռնություններից հետո մեկնարկած բարեփոխումները լիարժեք չիրականացվեցին։
Չափազանց կարեւոր է, որպեսզի 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները դառնան «Հայաստանի պատմության ամենամաքուր ընտրությունները», ինչպես խոստացել է նախագահը։ Առաջին հերթին այն պատճառով, հարցումները ցույց են տալիս վստահության շատ ցածր մակարդակ գրեթե բոլոր պետական կառույցների նկատմամբ, այդ թվում` նախագահական եւ խորհրդարանական ինստիտուտների։ Նախագահը սկզբնական շրջանում մի քանի վճռական քայլեր իրականացրեց, որոնցից ամենահիշարժանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված փորձերն էին։ 40-ից ցածր տարիք ունեցող տեխնոկրատների նոր խավը, որի վրա որոշումների կայացման սովետական եղանակը քիչ է ազդել, բարձրացել է պետական իշխանության աստիճաններով եւ ընկալվում է որպես կառավարության նոր տիպ։ Սակայն փոփոխությունը դանդաղ է ընթացել։ Քաղաքական համարձակություն է պետք՝ հիմնովին վերանորոգելու համար խորապես արմատավորված այն համակարգը, որտեղ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճած են, մեղմ ասած, ոչ թափանցիկ ձեւով։ Դա առավելապես դրսեւորվում է նրանում, որ տնտեսության մեծ մասում գերիշխող դեր է խաղում պետական կապեր ունեցող հարուստ բիզնեսմենների մի փոքր խումբ։
2008թ. հետընտրական բռնությունները եւ 2009թ. համաշխարհային ճգնաժամը ցնցեցին Հայաստանը։ Քաղաքական թույլ կամքը եւ շահագրգիռ խմբերի դիմադրությունը «խլացրեցին» վաղուց հասունացած այն բարեփոխումները, որոնք վարչակազմը նոր-նոր սկսում էր իրականացնել։ Տնտեսությունը շարունակում է մնալ ոչ դիվերսիֆիկացված, անառողջ ձեւով կախված արտասահմանյան դրամական փոխանցումներից։ Արտագաղթի եւ սեզոնային միգրացիայի տեմպերը տագնապահարույց աստիճանի բարձր են։ Բարձր մակարդակի կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ ջանքերը բավարար չեն եղել։ Իշխանության գործադիր ճյուղը շարունակում է վայելել գործնականում անվերահսկելի լիազորություններ։ Դատական իշխանությունն ընկալվում է ոչ անկախ եւ ոչ կոմպետենտ. գործընթացները վերահսկվում են դատախազի կողմից, եւ իշխանությունների հաշվետվողականությունը ապահովելու մեխանիզմները հիմնականում անարդյունավետ են։
Մամուլի ազատությունը բավարար չէ։ Թեեւ լրագրողների եւ լրատվության միջոցների նկատմամբ հետապնդումները նվազել են, սակայն դեռեւս ակնհայտ է բազմազանության բացակայությունը հեռուստատեսությունում, որի միջոցով է տեղեկատվություն ստանում հայաստանցիների գերակշիռ մասը։ Համապետական սփռում ունեցող հեռուստաընկերություններից ոչ մեկը լիովին անկախ չի համարվում։
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը՝ ինչպես անվտանգության գլխավոր երաշխավորը, այնպես էլ խոշորագույն առեւտրային գործընկերն ու ներդրողը։ Ադրբեջանի հետ պատերազմի եւ Թուրքիայի հետ սառեցված հարաբերությունների պատճառով Հայաստանը Մոսկվային շատ քիչ իրական այլընտրանքներ ունի, թեպետ միշտ ձգտել է վարել «բազմավեկտոր» արտաքին քաղաքականություն եւ սերտացնել կապերը եվրո-ատլանտյան գործընկերների հետ։ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը փորձում են մեծացնել իրենց ազդեցությունը՝ ապահովելով խորհրդատվություն եւ բարեփոխումների իրականացմանն ուղղված այլ օգնություն։ Սակայն նրանք պետք է ավելին անեն՝ իշխանությանը հաշվետու պահելու եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացումը խթանելու համար, հատկապես, եթե ցանկանում են տարածաշրջանում հեղինակություն վայելող եւ անաչառ քննադատի դեր ստանձնել։ Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ՝ տարածաշրջանին՝ հաշվի առնելով նաեւ Ադրբեջանում եւ Վրաստանում 2012-2013թթ. կայանալիք ընտրությունները։ Հարկ է նշել, որ ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց իշխանության փոխանցումը խաղաղ ժողովրդավարական ճանապարհով դեռ ընդունված նորմ չէ Հարավային Կովկասում։
Նախագահ Սարգսյանը եւ նրա կառավարությունը գիտակցում են ամենահրատապ խնդիրների լուծման կարեւորությունը, սակայն բազմաթիվ բարեփոխումներ մնում են թղթի վրա, կամ այնպիսի տպավորություն է, որ դրանց իրագործման համար անհրաժեշտ մեխանիզմները միտումնավոր կերպով անարդյունավետ են մշակված։ Բարեփոխումների նկատմամբ զգուշավոր, էվոլյուցիոն մոտեցումը լավագույն դեպքում կարող է թույլ կայունություն ապահովել։ ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի փլուզումը եւ ավելի մրցունակ խորհրդարանը այժմ կարող են ապահովել այն խթանը, որի կարիքը վարչակազմն ունի։ Դեպի փոփոխությունները կաղալով շարժվելը նպաստավոր չի լինի ոչ Հայաստանին, ոչ էլ նախագահական ընտրությունների քարոզարշավին։ Երկիրը կարիք ունի ավելի լավ ապագայի, քան ցածր տնտեսական աճը եւ փակուղային հակամարտությունները հարեւանների հետ։
Առաջարկություններ
Հայաստանը անհրաժեշտ է
1. Իրականացնել տնտեսական եւ կառավարման համակարգի խորը բարեփոխումներ, որոնց գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ձեւավորումը։
2. Քայլեր ձեռնարկել ընտրական գործընթացի այն թերությունների առնչությամբ, որոնք վեր են հանվել Միջազգային ընտրական դիտորդական առաքելության կողմից, բարելավել, մասնավորապես, ընտրացուցակները, բողոքարկման կարգը, հետաքննել եւ պատասխանատվության ենթարկել ընտրական գործընթացում պաշտոնական դիրքը չարաշահած պաշտոնյաներին։
3. Շարունակել պայքարը կոռուպցիայի դեմ՝ պատասխանատվության ենթարկելով ապօրինի գործարքների մեջ ներգրավված պաշտոնյաներին։
4. Ընդունել Քրեական դատավարության նոր օրենսգիրք, որը կուժեղացնի դատական համակարգի անկախությունը, կբարձրացնի պաշտպանության դերը, կնվազեցնի գլխավոր դատախազի իշխանությունը եւ կբարելավի Վարչական դատարանի արդյունավետությունը՝ պետական պաշտոնյաների հաշվետվողականությունն ապահովելու համար։
5. Մեծացնել ՄԻՊ գրասենյակի ֆինանսական աջակցությունը՝ հատկապես մարզերում իրականացվող գործունեության համար։
6. Հաստատել Ոստիկանության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմ։ Քայլեր ձեռնարկել կոռուպցիայի դեմ։ Ձեւավորել նախարարություն, որի մեջ կմտնի նաեւ Ոստիկանությունը։
7. Կրկնապատկել ջանքերը ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ եւ պահպանել բաց մոտեցումը՝ Թուրքիայի հետ երկխոսությունը վերսկսելու հարցում։
ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ միջազգային կազմակերպությունները պետք է
8. Տեխնիկական եւ ֆինանսական օգնություն ապահովեն՝ օգնելով կառավարությանը լուծել ընտրական գործընթացի խնդիրները, մասնավորապես, ուռճացված ընտրացուցակների խնդիրը, որը վտանգում է հասարակության վստահությունը ընտրությունների նկատմամբ։
9. Աջակցել դատական համակարգում ագրեսիվ բարեփոխումների իրականացմանը, որոնք չափանիշ կդառնան «2012-2013 գործողությունների ռազմավարական ծրագրի համար» եւ կհանգեցնեն նոր Քրեական դատավարության օրենսգրքի ընդունմանը։
10. Մեծացնել ֆինանսական աջակցությունը ոչ պետական հաստատությունների ներկայացուցիչներին՝ դրանով իսկ նպաստելով բարեփոխումներին, ապահովելով կառավարության հաշվետվողականությունը եւ թույլ չտալով ետընթաց ապրել 2012թ. խորհրդարանական ընտրություններում արձանագրված առաջընթացից՝ մամուլի ազատության եւ հավաքների ու ազատ արտահայտման իրավունքի ապահովման մասով։