Որոշում` սեփական բիզնեսի համար

26/06/2012

Արդեն մի քանի տարի մեզանում քննարկվում են մարդատար մեքենաների` տաքսի ծառայությունների խնդիրները:

Բողոքում են թե՛ վարորդները, թե՛ ուղեւորները, թե՛ կառավարությունը: Վարորդները սկզբում բողոքում էին դեղին պետհամարանիշեր եւ հաշվիչներ ունենալու պարտադիր պահանջից: Իհարկե, որոշ ժամանակ անց, չնայած այդ բողոքներին, տաքսի ծառայությունները ստիպված եղան հնազանդվել կառավարության այդ որոշմանը: Հարցը, սակայն, այսքանով չսահմանափակվեց: ՀՀ Կառավարության 2007թ. մարտի 22-ի N 655-Ն որոշմամբ տաքսի ծառայությունների վարորդները կանգնեցին նոր փաստի առջեւ` արգելվեց 10 տարեկանից բարձր տարիքի ավտոմեքենաների շահագործումը: Այդ որոշումից հետո վարորդները ստիպված եղան էժան գներով վաճառել իրենց մեքենաները, վարկեր վերցնել` նոր ավտոմեքենաներ ձեռք բերելու համար: Այդ ընթացքում շատերն են տուժել վարկերի բարձր տոկոսադրույքներից: Մեզ հետ զրույցում 15 տարվա վարորդական փորձ ունեցող տաքսու վարորդ Ռաֆիկը պատմեց, որ վարորդներից շատ-շատերն էլ տաքսի ծառայությունների հետ պայմանագրեր են կնքել 1-2 տարվա ընթացքում չնչին եկամուտով աշխատել սերվիսի ավտոմեքենաներով` պայմանով, որ 2 տարի հետո այդ ավտոմեքենաները կդառնան վարորդների սեփականությունը: Արդյունքում, ըստ տաքսիստ Ռաֆիկի, շահում էին տաքսի ծառայությունների տերերը, որոնք չնչին վճարի դիմաց շահագործում էին վարորդներին: Ավելին, վթարի դեպքում տվյալ վարորդներն ուղղակի սնանկանում էին, քանի որ իրենք էին ավտոմեքենայի հետ կապված բոլոր ծախսերը հոգում: Դրանից տուժում էին հարյուրավոր ընտանիքներ, որոնք նախկինում իրենց` թեկուզ 20 տարվա մեքենաներով, կարողանում էին վաստակել օրվա հացը:

Վարորդների կարծիքով, կարեւոր չէ մեքենայի տարիքը, կարեւոր է դրա վիճակը։ «Կա մեքենա, որը 2-3 տարի տաքսի ծառայության մեքենա աշխատելուց հետո արդեն բանի պիտանի չէ, իսկ կա մեքենա, որը շատ լավ է պահպանված»,- ասում է տաքսու վարորդ Հրաչը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում հունիսի 22-ին կայացել է 10 տարուց ավելի տարիք ունեցող ընդհանուր օգտագործման ուղեւորատար տաքսի-ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիայի եւ ներդիրի տրամադրման վերաբերյալ լիցենզավորման հանձնաժողովի նիստը: Նիստում հայտ են ներկայացրել 120 անհատ ձեռնարկատերեր, որոնց մեծ մասի տրանսպորտային միջոցների տարիքը 10 տարուց ավելի է եղել: Բացառությամբ մի քանիսի, բոլոր հայտերը բավարարվել են: Մեր այն հարցին, թե արդյոք տեղյա՞կ է հունիսի 22-ին կառավարության ընդունած որոշման մասին, տաքսու վարորդ Ռաֆիկը պատասխանեց. «Ինչ փոփոխություն էլ որ անեն կառավարությունում` դա արդեն կարեւոր չէ: Նրանք բոլոր տաքսիստներին «լավ քաշեցին»»: Փաստորեն, հունիսի 22-ից հանվել է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներում ներգրավվող տրանսպորտային միջոցների տարիքային սահմանափակումը: Նման որոշումը պայմանավորված է եղել բազմաթիվ քաղաքացիների կողմից 10 տարուց ավելի տարիք ունեցող մեքենաներով ուղեւորափոխադրումներ իրականացնելու ցանկությամբ: Տեղեկացնենք, որ «ՀՀ կառավարության 2007թ. մարտի 22-ի N 655-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» համապատասխան որոշմամբ լիցենզիա եւ ներդիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի նոր ցանկ է սահմանվել, որտեղ առավելագույնս նվազեցվել է ներկայացվող պարտադիր փաստաթղթերի քանակը, հստակեցվել են լիցենզավորման պարտադիր պայմանները եւ պահանջները, սահմանվել են տրանսպորտային միջոցին ներկայացվող տեխնիկական պայմանները: Թե ինչ արդյունք կունենա այս որոշումը տաքսի ծառայությունների վարորդների համար` մեր զրուցակից վարորդ Ռաֆիկը պատասխանեց. «Գիտեք ինչ, այն տաքսիները, որոնք ունեն 10 տարուց ավելի տարիք, այսպես թե այնպես, լավ էլ աշխատում են իրենց ձեւերով, իսկ այ, նրանք, ովքեր մի քիչ «թրջված» մարդիկ են ու չէին կարողանում հարկայինի հետ լեզու գտնել` կկարողանան ապահովել իրենց մի կտոր հացը: Չնայած, հավատացե՛ք, որ այսչափ շատ տաքսիների պատճառով մեր անհատ վարորդները շատ քիչ պատվերներ են ունենում ու շատ պիտի շրջեն քաղաքով` հաճախորդ «բռնելու» համար»:

Ինչպես միշտ` ՀՀ կառավարության այս որոշումը եւս ոչ թե շարքային քաղաքացիների, այլ մի խումբ մարդկանց շահերից է բխում: Եթե Կառավարությունն ու Տրանսպորտի եւ կապի նախարարությունն այս վերջին որոշումը կայացրել են` առաջնորդվելով վարորդների ցանկությամբ, ուրեմն ինչո՞ւ այդ մարդկանց ցանկությունը հաշվի չէին առնում 5 տարի առաջ` սահմանափակող որոշումը կայացնելիս: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ տաքսի ծառայությունները, այսպես կոչված, «գծերն» ու երթուղիները պատկանում են այս կամ այն օլիգարխին, պատգամավորին, պետական պաշտոնյային: Շարքային որեւէ քաղաքացի այդքան հնարավորություն եւ «պռոխոդ» չունի` երթուղային կամ տաքսի ծառայության գիծ, ընկերություն աշխատեցնելու համար: 2007թ. օլիգարխներին, ԱԺ պատգամավորներին եւ այլ չինովնիկներին անհրաժեշտ էր մեկուսացնել անհատ տաքսիստներին` իրենց բիզնեսը խթանելու համար: Այդ ժամանակ նրանք նոր մեքենաներով էին զինել իրենց տաքսի ծառայությունները, եւ պետք էր հին մեքենաներ ունեցողներին դաշտից հեռացնել: Այժմ արդեն նրանց անհրաժեշտ է կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարել, որպեսզի իրենց ծառայությունների մեքենաները կարողանան շահագործել: Հո նոր մեքենաներ ձեռք չե՞ն բերելու. ավտոպարկը թարմացնելու համար նոր ծախսեր են պահանջվում, որը նրանք չեն պատրաստվում կատարել: Նոր ծախսեր անելու փոխարեն` ավելի լավ է կառավարության նոր որոշում կայացնել` ձեռքի հետ փշրանքներ նետելով հին մեքենաների տեր անհատ քաղաքացիներին:

Սյուզաննա ԽԱԼԱԹՅԱՆ