Այս օրերին Երեւանի Գնունու փողոցում գտնվող շինանյութի շուկայի վաճառողներն անզուսպ զայրույթով են խոսում շինանյութի գների բարձրացման մասին: Նրանց ասելով` վերջին մեկ ամսվա ընթացքում շինանյութի գները սկսել են աստիճանաբար բարձրանալ:
Եթե մեկ ամիս առաջ ներկերի միջին գինը 5000 դրամ էր, ապա այսօր այն կազմում է 6500 դրամ: Վաճառողների փոխանցմամբ` 400-500 դրամով բարձրացել է նույնիսկ հղկաթղթի գինը: Իսկ գիպսոնիտի 1 պարկի (30 կգ) գինը բարձրացել է 450-500 դրամով: «Իբր դուք չգիտե՞ք` ինչի են գները բարձրացել: Բա մի հատ մեր երկրի վիճակին նայեք` ինչն ա էժա՞ն, որ շինանյութն էլ էժան լինի: Դոլարի կուրսն ինչքան բարձրանա, էդքան էլ շինանյութի գինն ա բարձրանալու»,- ասաց շուկայի վաճառողներից մեկը, ում ասելով` այս օրերին շուկայում լրագրողներն ավելի շատ են, քան գնորդները: «Շինարարության ամենապիկ սեզոնն ա, բայց առեւտուր չկա: Էկեք մի քանի րոպե նստեք էստեղ` կտեսնեք»,- դժգոհում էին վաճառողները: Նրանց ասելով` շինանյութի շուկայի ապրանքների 90 տոկոսից ավելիի գներն աճել են 10-15%-ով: Չնայած նշյալ հանգամանքին, շինանյութի շուկայում ներմուծողների անունները շարունակում են մնալ անփոփոխ: Ըստ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` 2012թ. մայիսի 10-ի դրությամբ` ոչ պարենային ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկում «Սեմուր ընդ կո» եւ «Նարսան» ՍՊ ընկերությունները, որոնք զբաղվում են տանիքի թիթեղների ներմուծմամբ, իրացման ծավալներով գրավում են նշյալ շուկայի ավելի քան մեկ երկրորդը` 62%: Ամրանների ներմուծմամբ զբաղվող «Միկմետալ» ՓԲԸ-ն (գերիշխող դիրք ունի 46%-ով), «Մետեքս» ՓԲԸ-ն (գերիշխող դիրք ունի 7,1%-ով) եւ «Եվրոպա» ՍՊԸ-ն (գերիշխող դիրք ունի 41,6%-ով, որի սեփականատերը հայտնի է «Շինանյութի Սերգեյ» կամ Սերգեյ Մանուկյան անվամբ) իրացման ծավալներով գրավում են շուկայի 94,5%-ը: Ընդ որում` շինանյութ ներկրողների թվում շրջանառվում է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Կարեն Բոթոյանի անունը: Ինչեւէ, «Միկմետալ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Դավիթ Յավրույանի խոսքով` շինանյութի գների բարձրացումը պայմանավորված է դոլարի արժեւորմամբ: «Շինանյութի գների բարձրացումը պայմանավորված է դոլարի կուրսի բարձրացմամբ: Քանի որ, գիտեք, շինանյութը հիմնականում ներկրում ենք արտասահմանից` գնում ենք դոլարով, եւ բնականաբար, դոլարի կուրսի բարձրացման դեպքում ապրանքի գինն էլ է բարձրանում: Դոլարի կուրսի բարձրացմանը համարժեք` ընկերությունը բարձրացրել է գները, այսինքն` եթե դոլարը 5%-ով է բարձրացել, հետեւաբար` ապրանքի գինն էլ կբարձրանա այդքանով: Էս պահին թանկացման ուրիշ պատճառ չկա»,- ասաց Դ. Յավրույանը: Հարցին, թե ամիսներ առաջ, երբ դոլարի փոխարժեքը ցածր էր, ընկերությունն իջեցրե՞ց ներկրած շինանյութի գինը, Դ. Յավրույանը պատասխանեց. «Փոքր տատանումների ժամանակ, բնականաբար, աշխատում ենք չբարձրացնել գները, եթե դոլարի կուրսը մի քիչ իջնում է` էլի չենք իջեցնում գները: Հո ամեն օր գին չե՞նք փոխելու: Իսկ երբ նշանակալի թանկացում է լինում, ինչպես այս անգամ, բնականաբար, մենք պետք է թանկացնեինք, որ չտուժեինք: Արմատուրայի 1 տոննան 420-440.000 դրամ է դարձել, մնացածը կարող եք ինքներդ հաշվել, ու կտեսնենք, որ գների բարձրացումը եղել է դոլարի կուրսի բարձրացմանը համարժեք: Միեւնույն ժամանակ նշեմ, որ տատանվում են նաեւ դրսի գները»,- նշեց «Միկմետալ» ընկերության փոխտնօրենը, ում դիտարկմամբ` Հայաստանի շինանյութի շուկայում մենաշնորհ չի նկատվում, եւ հիշյալ դաշտում գործում են միայն մրցակցային կանոններ:
«Մարմարի աշխարհ» ՍՊԸ-ի ապրանքների ներմուծման գծով մենեջեր Նվարդ Նալչաջյանն էլ շինանյութի գնի բարձրացումը պայմանավորեց հումքի եւ բեռնափոխադրումների թանկացմամբ: «Բեռնափոխադրումները շուրջ 40-50%-ով թանկացել են: Մեր ապրանքների վերջնական ինքնարժեքը շատ թանկ է գալիս: Պատկերացրեք` ամեն ամիս թանկացումներ են գրանցվում, եւ քանի որ այս սեզոնը պիկ է համարվում շինանյութի համար, ուստի` գները թանկանում են, եւ տրանսպորտային միջոցներ գտնելն է դժվարանում: Գներն էլ, ըստ այդմ, թանկանում են»,- ասաց Ն.Նալչաջյանը:
Շինանյութի գների բարձրացման մասին փորձեցինք որոշ տեղեկություններ ստանալ նաեւ «Շինանյութ ներկրողների միություն» հ/կ-ից, որը, սակայն, պարզվեց` արդեն գոյություն չունի (նման տեղեկություն ստացանք «Սփյուռ» ծառայությունից):
Իսկ Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով` մեկ ամսվա ընթացքում դոլարի արժեւորման պայմաններում շինանյութի գների բարձրացումն օբյեկտիվ է: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր տնտեսությունն իր բնույթով մրցակցային չէ, այսինքն` տնտեսության ներսում մրցակցություն չկա, օլիգարխիկ է, եւ քանի որ տեղի է ունեցել դոլարի գների բարձրացում դրամի նկատմամբ, ապա միանշանակ է, որ պետք է տեղի ունենար գների բարձրացում: Եվ սա վերաբերում է բոլոր` հատկապես դրսից ներմուծվող ապրանքատեսակներին: Տվյալ դեպքում` շինարարության մեջ էլ հետեւանքն այն է, որ շինարարությունն էլ գերմոնոպոլացված բնագավառ է, եւ ամեն մեկը չէ, որ կարող է զբաղվել շինարարությամբ: Հակառակ դեպքում, երբ այսօր շինարարության տեմպերը նախորդ տարիների համեմատ բավական ընկել են, եւ առանձնապես պահանջարկ չկա շինարարության նկատմամբ, պետք է տեղի ունենար շինարարական ծախսերի եւ շինարարության գների անկում: Բայց, քանի որ գինը որոշում է ոչ թե շուկան, այլ առանձին մարդիկ` ելնելով իրենց գերշահույթից, եւ հաշվի չառնելով սպառողներին, այդ պայմաններում աշխատում է հակաշուկայական ամբողջ մեխանիզմ, որն էլ բերում է նրան, որ արտարժույթի այսպիսի տատանումների դեպքում նպաստող որեւէ հանգամանք չլինի, որ տեղի ունենա գների անկում, կամ գները չաճեն»,- ասաց Վ. Խաչատրյանը: Նրա փոխանցմամբ` Հայաստանի գերմոնոպոլացված օլիգարխիկ տնտեսության դեպքում ազատ շուկայական հարաբերություն կամ կանոններ չեն գործում, եւ գները որոշում են կա՛մ իշխանության ներկայացուցիչները, կա՛մ այն օլիգարխները, ովքեր կապված են իշխանության հետ: Տնտեսագետի դիտարկմամբ` եթե դրամի արժեզրկումը տեղի է ունենում մեկ ամսվա ընթացքում, ապա վիճակն ավելի քան տխուր է, իսկ մեր տնտեսությունն էլ շատ լուրջ հիվանդություն ունի, որը փոխելու անհրաժեշտություն կա: Հարցին, թե արդյո՞ք կանխատեսելի էր դոլարի արժեւորումը հետընտրական շրջանում, ինչը հասարակությունն ակտիվորեն քննարկում էր դեռեւս նախընտրական փուլում, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Իրականում նման բան պետք է չլիներ: Եթե նորմալ տնտեսություն է, նորմալ երկիր է, խաղի կանոնները մնացել են նույնը, ապա այդ դեպքում փոփոխություններ պետք է չլինեին: Բայց քանի որ մեզ մոտ իշխանությունը վերարտադրվել է ոչ թե խաղի կանոններով, այլ իր կողմից թելադրված կանոններով` հակաօրինական ճանապարհով ծախսելով ահռելի գումարներ, ապա պարզ է, որ դրանից հետո մեզ մոտ պետք է տեղի ունենար եւ՛ դոլարի արժեւորում, եւ կապիտալի արտահոսք: Մեզ մոտ իրականում արտարժույթով` դոլարով, եվրոյով կապիտալի արտահոսք է տեղի ունենում, եւ այսօր Հայաստանում քիչ խելոք մարդիկ կան, որոնք իրենց եղած սեփականությունը, կապիտալը կամ թեկուզ բանկերում ունեցած ավանդները պահեն դրամով: Վարչապետը դրա լավագույն օրինակն է: Պարզվեց, որ վարչապետի դոլարային եկամուտներն ավելացել են 3300 տոկոսով»: