«Սեռափոխության վիրահատություններ Հայաստանում դեռեւս չեն եղել»

26/06/2012 Գայանե ԼԱԼԱՅԱՆ

Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, Երեւանի բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանի հետ

– Ժամանակակից պլաստիկ վիրաբուժությունը մեծ ձեռքբերումների է հասել աշխարհում: Մեր երկիրն ի՞նչ քայլեր է անում այդ ուղղությամբ:

– Հայաստանում արդեն 30 տարի զբաղվում ենք դրանով. նախկինում այն կոչվում էր պլաստիկ վերականգնողական վիրաբուժություն: Իսկ բուն պլաստիկ եւ էսթետիկ վիրահատություններ կատարվում են մոտավորապես 22 տարի: Մենք Խորհրդային Միության առաջնեկներից էինք, ամենահարուստ փորձն ունենք եւ, համենայնդեպս, մասնագիտական ունակություններով, հագեցվածությամբ առանձնապես չենք զիջում դրսի կենտրոններին: Արդեն փորձառու դպրոց ունենք. նախկին Միության տարածքում պլաստիկ վիրաբուժության առաջին ամբիոնը ստեղծվել է Երեւանի բժշկական համալսարանում դեռեւս 1996 թվականին: Հետխորհրդային տարածքում գոյություն չունի նման ամբիոն որեւէ այլ բժշկական համալսարանում: Կադրերը վերապատրաստվում են հիմնականում դրսում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում: Հանրապետությունում 40-ից ավելի շրջանավարտ ունենք: Դա փոքր երկրի համար նույնիսկ մի քիչ շատ է:

– Հիմնականում ինչպիսի՞ վիրահատական միջամտություններ եք անում:

– Դրանք կարելի է բաժանել երկու մասի. բուն պլաստիկ վիրաբուժությունը` վերականգնողական վիրահատություններ եւ գեղագիտական նպատակներով արված միջամտություններ: Վերականգնողական վիրահատությունների մեջ մեր հիմնական ուղղությունը հետքաղցկեղային իրավիճակներում հիվանդին օգնելն է: Եթե երիտասարդ կինը զրկված է կրծքից, նա խորը հոգեկան սթրես է տանում, տառապանքներ: Այս դեպքում մենք շատ հաջող կերպով վերականգնում ենք կրծքագեղձը, որը ոչնչով չի տարբերվում մյուս կրծքագեղձից: Դրա համար օգտագործում ենք իր սեփական մարմնամասը` բաղկացած մաշկից, ճարպից, գեղձից: Նույն օրգանիզմի վրա այն տեղաբաշխված է որովայնի առաջնային շրջանում, հետույքի վրա: Եթե փոքր կուրծք է, կարող ենք նաեւ մեջքից վերցնել: Սա նորույթ չէ. առաջին վիրահատությունը կատարել ենք 1990թ.: Դժբախտաբար, շատ հիվանդներ այս մասին չգիտեն: Դա մեր եւ ուռուցքաբանների մեղքն է: Բայց սովորաբար ամիսը մեկ կին վիրահատվում է այս պաթոլոգիայով: Մյուսը` դեմքի մաշկի քաղցկեղն է, որը խիստ տարածված է 40-50 տարեկանից հետո: ԱՄՆ-ում այս հիվանդությամբ տարեկան 1 մլն մարդ է վիրահատվում: Այն հիվանդից պահանջում է ուշադրություն եւ ինտելեկտ, որպեսզի չուշացվի: Սկզբնական փուլերը երկար տարիներ են տեւում, եւ այդ ժամանակ կարելի է օգնել հիվանդին: Երբեմն մեզ դիմում են մարդիկ, ովքեր քիթ կամ բերան չունեն, ծնոտը կամ ականջը քայքայված է լինում: Մենք վիրահատում ենք անգամ նրանց, տարբեր մարմնամասերից տեղափոխելով` վերականգնում ենք դեմքի ամբողջականությունը, ականջախեցին, քիթը, բերանը: Ունեցել ենք դեպք, երբ մարդը չուներ ո՛չ քիթ, ո՛չ բերան, եւ վերականգնել ենք. սա` ուռուցքային վնասվածքների դեպքում: Վերականգնողական բարդ վիրահատությունների թվում են նաեւ տարբեր տեսակի տրանսպլանտացիաները: Եթե մարդը զրկվել է մատներից, կարելի է մատներ պատվաստել ոտնաթաթից: Քիչ չեն դեպքերը, երբ մարդն ունի վերջույթ, բայց մկանները հետվնասվածքային ատրոֆիայի պատճառով շարժունակությունից զրկված են: Տվյալ դեպքում մենք կմախքային մկաններ ենք տեղափոխում, վերականգնում ենք բռնելու ֆունկցիան, մատները կարողանում է ծալել, վերջույթը բարձրացնել: Քիչ չեն նաեւ ոսկորների տեղափոխությամբ դեպքերը: Երբ ծնոտի կամ թեւի ոսկորը բացակայում է, այդ դեպքում մենք նույն անձի դոնորական շրջաններից պատվաստում ենք ոսկրանյութը: Վիրահատությունները երբեմն տեւում են 8-10 ժամ, բայց արդյունավետ են լինում: Ինչ վերաբերում է գեղագիտական վիրահատություններին, ապա դրանք արդեն չափից դուրս տարածված են: Երբեմն դա կատարում են մարդիկ, ովքեր նույնիսկ արտոնագրված չեն պլաստիկ վիրաբուժությունում, շուկայում այդպիսի վերահսկողություն չկա: Բացի պլաստիկ վիրաբույժներից, այս վիրահատությունները կատարում են նաեւ դիմածնոտային, քիթ-կոկորդի վիրաբույժները:

– Արդյո՞ք դեռ շատ են «հայկական քթի» բարդույթից ազատվել ցանկացողները:

– Դիմողների գերակշռող մասը հենց «հայկական քթերի» կապակցությամբ է դիմում, եւ բավականաչափ շատ են: Հիմնականում դիմում են երիտասարդ աղջիկներն ու տղաները: Իհարկե, կան նաեւ հետվնասվածքային դեֆորմացիաներով դիմողներ: Այս հիվանդներին պետք է շատ զգույշ վերաբերվել, ճիշտ ընտրություն կատարել: Իրենք հոգեբանորեն բավականին խոցելի են արդեն, պետք է ճիշտ որոշում ընդունել` ընդհանրապես վիրահատե՞լ, թե՞ ոչ:

– Ի՞նչ եք կարծում, չափից շատ միջամտություններով ծայրահեղության չե՞ն հասնում արդյոք:

– Կարծում եմ` այո: Միշտ չէ, որ պետք է հիվանդի քմահաճույքը կատարել, ցանկությունը բավարարել: Պետք է հազար անգամ կշռադատել: Ես այս հասակում ինքս խնդիրներ ունենում եմ: Երբեմն կարիք է լինում մեծ վիրահատությունից հետո փոքր շտկումներ անել, դա ամբողջ աշխարհն է կիրառում: Բայց եթե հիվանդը անզուսպ է եւ անկանխատեսելի վարքի տեր, պետք է հեռու մնալ նման մարդուց եւ չվիրահատել: ԱՄՆ-ի տվյալներով` 30-40 տոկոսն ունեն հոգեբանական, երբեմն` նաեւ հոգեկան խանգարումներ: Դիմում են շիզոֆրենիայով տառապող հիվանդներ, մարդիկ, ովքեր ուզում են ուղղակի վիրահատվել: Կան փսիխոպատներ: Ցանկալի է, որ կասկածելի դեպքերում երիտասարդ վիրաբույժները, անգամ տարեց փորձառուները, դիմեն հոգեբանի, երբեմն նաեւ հոգեբույժի օգնությանը, որովհետեւ շատ ավելի ճիշտ է թեկուզ մի քիչ դաժանորեն հրաժարվել վիրահատելուց, քան վիրահատել ու հիվանդի ձեռքը կրակն ընկնել: Դա շատ տարածված է: Կան նաեւ որոշակի խմբեր, որոնք հատուկ վիրահատվում են` վիրաբույժին ապագայում շանտաժի ենթարկելու համար: Նման դեպքերից պետք է խուսափել: Բացի քթից խնդրից, դիմում են նաեւ ականջների «լոշտակության» խնդրով (որը նույնպես բավականին տարածված է), շուրթերի շտկման, գեղեցկացման, ավելի ցայտուն դարձնելու նպատակով, ինչպես նաեւ` ճաղատության դեպքում, երբ գրաֆթ է կատարվում` առանձին-առանձին մազեր են տեղափոխվում: Այրվածքների դեպքում կարող ենք միանգամից մեծ մաշկալաթ տեղափոխել` այրվածքը ծածկելու համար: Հաջորդ խումբը մարդիկ են, ովքեր մեզ դիմում են մարմնի ընդհանուր կոնտուրը շտկելու նպատակով, կամ` արտահայտված ճարպակալումների դեպքում: Հայ աղջիկների մեջ տարածված է նաեւ Գալիֆեյի համախտանիշը` ազդրերի դրսային մակերեսի ճարպի գերաճը: Կատարվում են վիրահատություններ նաեւ պարանոցի շրջանում` առանց որեւէ կտրվածքի, ստեղծվում է վակուում, որից հետո քայքայված ճարպը հեռացվում է: Տարբեր մեթոդներ կան` թե՛ չոր, թե՛ թաց, գերձայնի կամ ուլտրաձայնի միջոցով: Բացի այս վիրահատություններից, միջին տարիքի մարդիկ դիմում են նաեւ որովայնի կամ կրծքերի շտկման նպատակով: Գաղտնիք չէ, որ երեխա ունենալուց հետո կնոջ որովայնի առաջնային պատը թուլանում է, առաջանում են հղիության ստրիաներ, ինչպես նաեւ` ճարպի տեղաբաշխման ավելացում տարբեր տեղերում` թերեւս, որովայնի առաջնային շրջանում: Վիրահատության միջոցով կատարվում է որովայնի առաջնային պատի պլաստիկա եւ ավելցուկ մաշկի հեռացում: Նույն հարցով դիմում են նաեւ կրծքի համար, երբ գրավիտացիայի ազդեցության տակ կաթնագեղձերն աստիճանաբար ենթարկվում են մաստոպտոզի` ցած են իջնում: Երբեմն լինում է գերաճ, այս դեպքում կատարվում է կրծքագեղձի թե՛ բարձրացում, թե՛ փոքրացում, բացակայության դեպքում ստեղծում ենք նաեւ կրծքագեղձը: Բավականին տարածված են նաեւ որոշակի բնածին արատներ, երբ աղջկա մոտ մեկ կուրծքը կամ ամբողջովին է բացակայում, կամ չափերով զիջում է մյուսին: Այս դեպքում բավականին լուրջ վիրահատություն է կատարվում կա՛մ տրանսպլանտացիայի օգնությամբ, կա՛մ որոշակի իմպլանտների կիրառմամբ: Կրծքի փոքրության դեպքում սովորաբար կիրառում ենք սիլիկոնային իմպլանտներ, բայց նաեւ` սեփական ճարպի տրանսպլանտացիա, որն, իհարկե, շատ ավելի անվտանգ է: Ապացուցված է, որ սիլիկոնային իմպլանտները քաղցկեղի առաջացման հետ կապված որեւէ դերակատարում չունեն: Բացի սրանից, կատարվում է նաեւ առնանդամի վերականգնում, որը բավականին բարդ վիրահատություն է: Սեռափոխության վիրահատություններ Հայաստանում դեռեւս չեն եղել: Ժամանակին արգելված էր: Չեմ կարծում, որ Հայաստանում դա մեծ խնդիր է: Այս տարիների ընթացքում 2-3 հոգի են դիմել: Սովորաբար նրանք վիրահատվում են Մոսկվայում: Բոլոր այն վիրահատությունների համար, որոնք նպատակաուղղված են մաշկի թարմացմանն ու դեմքի երիտասարդացմանը, ավելի շատ դիմում են 40-50 տարեկանից հետո: Առավելապես կանայք են դիմում դեմքի թարմացման, երտասարդացման համար, կոպերի պլաստիկայի նպատակով: Սակայն տղամարդիկ նույնպես դիմում են դեմքի երիտասարդացման համար, դա ամոթ չէ: Ամբողջ աշխարհում այս վիրահատությունները տարածված են:

– Ձեր գործունեության ընթացքում ո՞րն է եղել ամենաանհավանական ցանկությունը:

– Ժամանակին մի երեխա ասում էր` ուզում եմ դեմքիս վրա սպիներ լինեն: Իհարկե, չեմ արել:

– Առավել հաճախ ո՞ր վիրահատությունների համար են դիմում` վերականգնողակա՞ն, թե՞ գեղագիտական, եւ ո՞ր սեռի ներկայացուցիչները:

– Միանշանակ մեզ մոտ ավելի շատ կատարվում են գեղագիտական, քան վերականգնողական վիրահատություններ: Հիշում եմ` 1986թ. տարեկան մոտ 40 տրանսպլանտացիա էինք անում միայն եւ 1500-1700 վերականգնողական տարբեր վիրահատություններ: Հիմա հակառակն է` մոտ 1000 գեղագիտական եւ շատ ավելի քիչ վերականգնողական վիրահատություններ են լինում: Ավելի շատ դիմում են անհետաձգելի դեպքերում: Իհարկե, 2-3 անգամ ավելի շատ կանայք են դիմում, քան տղամարդիկ` հիմնականում քթի հարցով:

– Արդյո՞ք մատչելի են վիրահատությունները:

– Ավելի շատ դիմում է միջին խավը: Նրանց համար մատչելի է: Գալիս են նաեւ արտերկրից: Շատ են գալիս Ռուսաստանից, Հյուսիսային Կովկասից, Միջին Ասիայից, Իրանից, Սիրիայից, Ուկրաինայից, Հունաստանից, բավականին շատ` ԱՄՆ-ից: Մարդիկ իմանում են որակի մասին եւ բացի այդ` այստեղ շատ ավելի էժան է, քան ԱՄՆ-ում, կամ Ռուսաստանում: Եթե այստեղ քթի վիրահատությունը միջինը 250.000-500.000 դրամ է մեր քաղաքացիների համար, ապա Մոսկվայում այն 5000-6000 եվրո արժե: Նույն վիրահատությունն Արեւմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում շատ ավելի թանկ է:

– Պլաստիկ վիրաբուժության ոլորտը ո՞ր ուղղությամբ է առաջ շարժվում այժմ:

– Ընդհանրապես վիրաբուժության մեջ կիրառվում են ավելի քիչ ինվազիվ մեթոդները` քիչ արյունոտ միջամտությունները: Սրսկումների օգնությամբ հարթվում, շտկվում են տարբեր մասեր` դիմագծերը, ճակատը, քիթ-շրթնային անկյունները: Կիրառվում են թե՛ իմպլանտներ, թե՛ օպտոսի թելեր: Սրանք են նորույթները: Վերջին տարիներին կիրառվող ամենապոպուլյար մեթոդներից մեկը ճարպի տեղափոխությունն է` կրծքի, հետույքի մեծացման նպատակով: Մենք միշտ կապի մեջ ենք թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի եւ թե՛ հետխորհրդային երկրների մասնագետների հետ: Կապի ժամանակակից միջոցները թույլ են տալիս տիրապետել տեղեկատվությանը, իմանալ նորույթների մասին: Ամենացնցողը դիակային տեղափոխություններն են: Կարելի է ամբողջ դեմքը վերականգնել, կոկորդը, ձեռքերը, ոտքերը տեղափոխել: Ֆրանսիայում, ԱՄՆ-ում արդեն կատարվում են դիակային պատվաստումներ, ինչը բավականին արդյունավետ հնարավոր է իրականացնել մարդու մահից հետո առաջին մի քանի ժամվա ընթացքում: Մի քանի դեպքի մասին կարող եմ նշել, երբ միաժամանակ երկու ձեռքերի վիրահատություն եղավ, իսկ վերջերս էլ ԱՄՆ-ում մարդու դիմային մասն ամբողջովին, գլուխը (բացառությամբ ուղեղի, իհարկե), փոխպատվաստվեց եւ հաջողություն ունեցավ: 2010թ. ԱՄՆ-ում ֆրանսիացի վիրաբույժը նման վիրահատության 7-8 դեպք ներկայացրեց: Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա մեր կողմից դա նույնպես կարող է կատարվել շատ հանգիստ կերպով` պետական թույլատրության դեպքում: